boris israyelyan

Մանկության հին մետաղադրամները

Փոքր ժամանակ շատ հետաքրքրասեր էի, ամեն աշխատող կամ չաշխատող սարք քանդում էի, տեսնելու համար, թե ինչ կա դրա ներսում: Մի օր աստիճանների տակ հեծանիվի ակ էի փնտրում, երբ աչքս  ընկավ մի մետաղադրամ, սկզբում ուշադրություն չդարձրի, մի որոշ ժամանակ անց նորից նկատեցի այդ մետաղադրամը: Վերցրեցի, նայեցի և սկսեցի մտածել: Այս ի՞նչ մետաղադրամ է, որտեղի՞ց է հայտնվել, և ինչո՞ւ նման չի այժմյան մետաղադրամներին: Վազեցի պապիկիս մոտ այդ բոլոր հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով:

-Պապի, պապի, էս ի՞նչ փող ա:

-Էս հեչ, հին փող ա, սովետի ժամանակվա կոպեկ ա: Հիմա էլ չի օգտագործվում, բանի պետք չի:

-Բա ի՞նչի էլ չեն օգտագործում, ու ի՞նչի էլ բանի պետք չի:

-Դե, որ սովետը փլուզվեց, էս փողն էլ փոխվեց, դարձավ հիմիկվա փողը:

-Էս փողերից շատ ունե՞նք:

-Դե հա, մոտ մի փոքր բանկա կա:

-Բա ինչի՞ էս փողերը չփոխեցիք:

-Էս փողերը մի քանի տարի առաջ եմ գտել: Էդ ժամանակ էլ չէին փոխում, ու սենց էլ մնաց:

-Հիմա խանութներում էս փողը չե՞ն վերցնի:

-Չէ, վերցնում են` ի՞նչ անեն:

Որոշեցի փորձել: Վերցրեցի փողը և վազեցի խանութ:

-Գագո ձաձա, էս փողին ի՞նչ կանի:

-Ի՞նչ ես ուզում:

-Ի՞նչ էլ որ անի:

-Ախր, ոչ մի բան չի անում:

-Լավ:

Գնացի տուն, նստեցի պատի վրա, նայեցի դրամին և որոշեցի, որ այսօրվանից պետք է հավաքեմ բոլոր մետաղադրամները, որպեսզի չմոռացվեն: Մինչ այսօր էլ հավաքում եմ: