Taguhi Agasyan

Երեք փաստ ուսուցիչ չդառնալու համար և հակափաստարկներ

1. Որքան էլ տհաճ է, խոսքս կսկսեմ ֆինանսական թեմայից. երևի դա իսկապես կարևոր է, հակառակ դեպքում, դժվար թե աշակերտներս առաջին օրվանից ինձ հարցնեին`  արդյո՞ք ինձ կբավականացնի ուսուցչի աշխատավարձը, եթե ես աշխատեմ դպրոցում։ Շնորհակալ եմ նրանց այդ հարցը տալու համար, քանի որ այնպիսի տոնով են ասում, որ տպավորություն է ստեղծվում, թե ուզում են հետ պահել ինձ մի վատ բանից։ Պարզվում է, որ ես այդ վատ բանից ամենևին չեմ վախենում։ Ամեն ինչ չէ, որ գումարով գնել կլինի։ Որքան էլ գումարը կարևոր լինի, իմ նպատակը մեկն է` ուզում եմ հայ երեխաներին սովորեցնել իրենց ունեցած ամենագեղեցիկ լեզուն ու ամենահարուստ գրականությունը, իսկ դրա համար աստղաբաշխական գումարներ պետք չեն։ Իմիջիայլոց, գարնանային ջերմ եղանակը հրաշալի առիթ է, կարող ենք գնալ Մատենադարան:

2. Աշակերտներս շատ հոգատար են։ Հաջորդ վատ բանը, որից ինձ հետ են ուզում պահել, զայրույթն է։ Նրանք ասում են, որ ուսուցիչ դառնալու ցանկություն երբեք չեն ունենա, քանի որ այդքան նյարդեր չունեն։ Ես դեռ այնքան փորձ չունեմ, որ վստահ պնդեմ, թե երբեք ափերից դուրս չեմ գա, բայց դեռևս այնքան  համբերատար եմ, որ կարող եմ դասարան մտնել` հանգիստ տոնով խոսելով, չբղավելով այնպես, որ կոկորդս պատռվի։ Ի վերջո, էլ ինչո՞ւ են այս մասնագիտությունն ունեցողները նվիրյալներ կոչվում, եթե պետք է պատրաստ չլինեն իրենց զոհել հարկ եղած դեպքում։

3. Հասանք իմ չսիրած կետին. սերունդը սովորել չի սիրում։ Իսկապե՞ս։ Չեմ հավատում։ Ավելի շուտ սերունդը սիրում է սովորելուց զատ սովորեցնել, իսկ ոմանք դա հանդուրժել չեն կարող։ Ես հասկացա, որ առանց աշակերտների ապրել չեմ կարող այն ժամանակ, երբ քառասունհինգ րոպե շարունակ լսելով աշակերտիս պատմություններն ու հարցերը` հոգնածություն չզգացի ու ոչ էլ ձանձրույթ։ Ես սիրում եմ սովորել ու որքան էլ հիմա սովորեցնողի դերում եմ, չափազանց հետաքրքիր է լսել աշակերտի կարծիքը, ծանոթանալ նրա հետաքրքրություններին ու ի վերջո ցույց տալ, որ աշակերտը երբեք անտեսված չէ, նա ապագայի մարդն է` մեկը, ով մեզ կտանի լույսի ճանապարհով։