Երկնքի ճերմակ նավակները

Լուսանկարը` Անի Ղամբարյանի

Լուսանկարը` Անի Ղամբարյանի

Երբևէ փորձե՞լ եք պառկել կանաչ խոտի վրա ու սևեռուն հայացքով հետևել ամպերին: Հաստատ ձեզանից շատերը այս հարցին կպատասխանեն` այո: Թեկուզ ոչ խոտերին պառկած, միգուցե պատուհանից, կամ էլ, չգիտեմ, ինչ-որ հարմար վայրից, որտեղից երևում է այդ տարօրինակ երևույթների ամբողջ շքեղությունը: Երբ նայում ենք նրանց, կարծես աշխարհը կանգ առնի, իսկ նրանք անընդհատ շարժվեն: Միանգամից մտածում ես լավի ու բարու մասին: Ախր, դրանց մեջ այնքան լավ բաներ կան…

Երբ արևը նոր դուրս է գալիս սարերի հետևից՝ դրանք ավելի կարմիր են լինում ու մեզ հասկացնում են, որ նորը, բարին նորից մեզ այցի է գալիս: Կարելի է ասել, մեզ հնարավորություն են տալիս երեկվա սխալները վերհիշելու ու այդ նոր օրվա մեջ դրանք շտկելու:

Գիտեք, ինձ ամենից շատ դուր է գալիս նրանց մուգ կապույտ երանգը, որը ավելի շատ ինձ խաղաղության ու բարության մասին է հիշեցնում: Այդ ամենը, մանավանդ մեր հայրենիքի համար այս բարդ դրության մեջ, ինձ լույսի շող է հիշեցնում մի մութ սենյակում:

Սիրում եմ նաև դրանց սպիտակ գույնը: Այդ ժամանակ նաև կարող եմ դրանց իմ երևակայությամբ վերնագրել՝  նմանեցնելով ինչ-որ բաների: Օրինակ, այս վերջում ես մի ամպ էի գտել, որը նմանեցրել էի վիշապի: Այդպիսիները շատ-շատ են:

Լուսանկարը` Անի Ղամբարյանի

Լուսանկարը` Անի Ղամբարյանի

Դե ամպերն ավելին են, քան ջրի գազային խմբեր, դրանք բնության երևույթներից ամենագեղեցիկն են իմ կարծիքով: Ամպերը նման են մարդուն. երբ ուրախ ու հանգիստ են, ունեն սպիտակ գույն, երբ սիրահարվում են՝ վարդագույն են դառնում, իսկ երբ բարկանում կամ էլ մեկի հետ վիճում են՝ դառնում են մարդու սրտի նման սև, և մինչև չարտասվեն, չեն հանգստանա…

Ամպերը նաև մեզ երազելու համար թևեր են տալիս:

Ճիշտ է, ես գրում եմ երազների, բարության ու խաղաղության մասին, բայց պետք է անպայման հիշել, թե դա ում շնորհիվ է կարողանում պահպանվել…

Սահմանին կանգնած ՀԱՅ ԶԻՆՎՈՐ,  քեզ մաղթում եմ կապույտ երկինք, և հիշի՜ր, որ միշտ էլ կգտնվեն ամպամած օրեր, բայց արևի շողերը դրանք միշտ ցրել են ու կցրեն…