hripsime baloyan

Եվ նորից` քաղա՞ք, թե՞ գյուղ

Նյութերիցս մեկում նշել էի, որ չեմ սիրում գյուղում մնալ, ձանձրանում եմ: Իսկ արձագանքը անհանգստացրեց ինձ: Կամ ես էի սխալ ձևակերպել միտքս, կամ ընթերցողն էր ինձ սխալ հասկացել: 

Ինչևէ, հիմա կփորձեմ բացատրել, թե իրականում ինչ եմ ուզեցել ասել: Չուզենալ գյուղում մնալ, չի նշանակում` գյուղը և այնտեղ բնակվողներին ատել, ինչի մեջ ինձ մեղադրել էին 17-ի ընթերցողներից ոմանք: Նման բան չկա: Ընդհակառակը, գյուղի մարդիկ, երեխաները ավելի հասարակ, պարզ, անկեղծ, միամիտ անձնավորություններ են, որոնցով կուզեի միշտ շրջապատված լինել: Ես նույնպես գյուղում բնակվող բարեկամներ, ընկերներ ունեմ, որոնց համեմատելով քաղաքի բարեկամների, ընկերների հետ, հասկանում եմ, թե ինչքան հետ են քաղաքի մարդիկ, այդ թվում և ես, գյուղի մարդկանցից: Խոսքը նաև տեխնիկապես կամ նորաձևությամբ հետ լինելու մասին չէ, այլ բնավորությամբ, էությամբ, հոգով և սրտով:

Շատ հարցերում ես նույնպես փորձել և փորձում եմ նմանվել նրանց: Բայց բնական է, ամեն մարդ իր ապրելակերպին, իր կյանքին է սովոր:
Հիմա էլ ասեմ գյուղում ձանձրանալու պատճառները: Այնտեղ չկան լավ խանութներ, կարուսելներ, սրճարաններ, wi-fi, շատ դժվարությամբ է ճարվում անհրաժեշտը, երեկոյան գյուղի փողոցները մութ են, անձրևի ժամանակ` ցեխոտ, և այլն, և այլն: Դրա համար էլ գյուղում շուտ եմ ձանձրանում: Սակայն չեմ մոռանում գնահատել և վայելել գյուղի հանգստությունը, մաքուր օդը, ջինջ երկինքը, մարդկանց տանջված, հոգնած, բայց միևնույն ժամանակ մեղմ, անկեղծ ժպտացող դեմքերը:

Բայց ավելացնեմ նաև, որ քաղաքում ապրող մարդիկ բոլորովին էլ հղփացած չեն, ինչպես որ շատերն են մտածում, ու դրա մեջ ինձ էլ մեղադրեցին: Ուղղակի արդեն սովորել են իրենց քաղաքային կյանքին, պայմաններին: Երբ գյուղից գալիս են քաղաքում սովորելու և ապրելու, իրենք էլ են վայելում քաղաքի բարիքները: Հաճախ, շատ հաճախ չեն էլ ուզում վերադառնալ: Ես կարծում եմ, մեղավոր չեն ոչ գյուղացիները, ոչ էլ քաղաքացիները այս ամենի համար: Պարզապես պետք է այնպես անել, որ գյուղի ու քաղաքի միջև եղած տարբերությունները հնարավորինս քչանան: Այն ժամանակ մարդն ամեն տեղ իրեն տանը կզգար: Համաձայն չե՞ք: