mariam hayrapetyan

Երկու քարի արանքում

Մի անգամ մի առիթով հասկացա, որ կյանքը կորուստների մի մեծ շղթա է։ Մենք պետք է մեզանից պոկենք և տանք այն, ինչ սիրելի է, որպեսզի ստանանք այն, ինչ պետք է։ Ասել, թե այն, ինչ կստանանք, կենսական նշանակություն ունի նրա համեմատ, ինչ կտանք, սխալ է։ Ես երբեք չեմ մոռանում այն «երկու քարի արանք» իրադրությունները։ Որովհետև հենց այդտեղ է, որ որոշում ենք՝ ինչ կորցնել և ինչ ստանալ։ Պետք է որոշել, այլ ելք չկա։ Հավանաբար արդեն գլուխներդ տանում եմ սեփական կյանքիս պատմություններով, բայց դե, ես դրանց հիման վրա եմ իմաստնանում և փորձ հավաքում, որ էլի չասեն՝ աշխատանքային փորձ չունես։

Հիմա ապագան հասկանալու համար շարում ենք ներկայի պատը և հետ հայացք գցում անցյալին։ Կար ժամանակ, երբ անհոգ էինք։ Հետո լքեցինք ընտանիքը, որպեսզի կայանանք, հասկացաք՝ ինչը ինչով փոխարինեցինք։ Հետո սովորելու անվերջանալի տարիներին չկար ժամանակ համարյա ոչ մի այլ բանի համար։ Մեկ էլ հասկացանք, որ մեզ պետք է ֆինանսական անկախություն։ Դրա ձեռք բերումը մեզ զրկեց ամիսը մեկ անգամ ընտանիքին գրկելու հնարավորությունից, դարձավ մի քանի ամիսը մեկ միմյանց տեսնելը։ Շատ մեծ ընտանիքս ցրիվ է եղած ողջ աշխարհով։ Իսկ շատ փոքր ընտանիքս՝ ամբողջ երկրով։

Ամեն անհաջողության հետ բախվելիս կրկին ինձ համոզում եմ, որ անհոգ տարիները շուտ են անցել, պայքարել է պետք, ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը։

Դադարել եմ գրել․ մի քանի բան կիսատ եմ թողել և անգամ չեմ բացում հասկանալու համար, թե վերջինն ինչ եմ ուզում, որ լինի։ Հիմա նման բաների համար մտածելու ժամանակ ունեմ միայն երթուղայինում՝ ճանապարհների խորդուբորդությունների վրա։ Բայց ինչպես մտածում եմ՝ այնպես էլ մոռանում եմ երթուղայինից իջնելիս: Վազել է պետք, որ հասցնենք։ Իսկ վազում ենք օրական մի քանի ժամ, միշտ ունենք չհասցրած և կիսատ գործեր, որովհետև օրն ունի ընդամենը 24 ժամ։ Ինչ-որ կերպ գրելն ու ստեղծագործելը արդեն փոխարինում ենք, այսպես ասած, կենսական կարևորության եսիմ ինչերով։ Հետո էլ ասում են՝ ոնց ա ստացվում, որ մարդը փոխվում ա։ Ասեմ՝ ո՞նց։ Ինչքան էլ փորձես քո իսկ աուրայով լցված շրջանակդ պահել ու դրանով քայլել, միևնույնն է, օրերից մի օր հասկանալու ես, որ շրջանակդ մաշվել, հալից ընկել է, որովհետև դու ժամանակ չունեիր այն վերանորոգելու, ու որովհետև զբաղված էիր «ավելի կարևոր» գործերով՝ փող էիր աշխատում, սովորում, վազվզում պարզապես ու շփվում մարդկանց հետ։

Ընտրությունների մեծ շղթա։

Ախր, ձեզանից քչերն են պատկերացնում, երբ ներսումդ ինչ-որ բան կա կուտակված, ու դու դրան էություն չես տալիս՝ հանձնում թղթին, ինչքան է դա ծանրանում, սկսում խանգարել, խաղալ տրամադրությանդ հետ։ Իսկ կգա մի օր, որ պարզապես ամենաթեթև ու պարզ բառերով էլ չես կարողանա դրանց էություն տալ․ այ, դա էլ դու չես լինի։ Հասկացա՞ք։

Ինչևէ, փակենք վարագույրները ու նորից անցնենք գործի։ Ցտեսություն։