Anahit Badalyan

ԵրՋԱՆիկ հայերեն

Հայերենը սիրուն է այնքան, ինչքան արևը՝ մի շաբաթ տևած տեղատարափ անձրևից հետո։ Հարուստ է այնքան, ինչքան խոշոր երկրների տնտեսությունները կարող են լինել։ Անսահման է այնքան, ինչքան․․․ Անսահմանությունը չեն համեմատում․․․

Հայերենի մայրենիությունը ավելի ուժեղ եմ սկսել զգալ այն ժամանակվանից, երբ անգլերենը դարձավ բարևելու ու բարի գիշեր ասելու լեզու, իտալերենը՝ շաբաթը երեք անգամ պարտադիր ուսուցանվող դպրոցական առարկա։ Հայերենը մնաց ամենաթանկերին բարևելունն ու ամենաիսկականը արտահայտելունը։ Մնաց ամենահոգնած ու անտրամադիր պահերին երգերով բուժելունը, մնաց ամենաուրախ րոպեներին հնդկացի ընկերուհուս հետ շախով-շուխով պարելունը։ Հայերենը մնաց ու մնալու է․․․ Մնալու է, որովհետև էն լեզուն է, որի միջոցով պատկերվում է կյանքը՝ իր բոլոր հանելուկներով: Պատկերվում է՝ բառերի, արտահայտությունների ո մտքերի մեջ թաքնվելով։

Հայերենում ասում ենք՝ ամեն ինչ անցավ, ամեն ինչ լավ է։ Անցնելը անցյալ ժամանակով դնելիս ժխտում ենք ցավը, հերքում ենք դրա գոյությունը, անՑԱՎ ենք սկսում ապրել։ Ամեն ինչ անցնում է, որովհետև մենք հավատում ենք անցավ կյանքին։ ՀաՎԱՏ-ի միջոցով համարձակություն ենք դրսևորում՝ երես առ երես բախվելու վատին, չարին, բացասականին, ընդունելու ոչ դրականը, ոչ լավը։ Հավատ ենք դրսևորում ամենավատի, ամենաանհույսի հանդեպ անգամ ու ժպտում ենք՝ մեր միջի լույսը պահպանելու համար։ Ժպիտի մեջ էլ պետք կա, ժՊԻՏԸ հարկադրանք է ներառում, ասում է՝ «պիտ ժպտանք»։ ԾիծԱՂ-ի մեջ էլ աղ կա, որովհետև անհամ ու անալի է ճաշն առանց աղի։ Նույնպես անիսկական է այն ծիծաղը, որը նոր կամ գուցե վաղուց չորացած արցունքների աղը չի կրում իր մեջ։

Մենք հավաՏԱԼով սեր ու ջերմություն ենք տալիս ոչ միայն մեզ, այլ նաև մյուսներին։ Իսկ տԱԼԻՔ-ը փոխանցվում է դիմացինին մի անտեսանելի, չերևացող, բայց սիրառատ ալիքի միջոցով․ աԼԻՔ, որը լիքն է անկեղծությամբ, հույսով ու հավատով։

Մենք չենք կարող առՈՂՋ լինել առանց ողջամիտ որոշումների, խոհերի ու հայացքների։ Տանիք կա նույնիսկ անտուն մնացած, բայց իրարով ապրող ու իրար սիրող ընՏԱՆԻՔների գլխին, իրար մեջ իրար գնահատող ընտանիքների գլխին։

Պարտություն կա ամեն հՊԱՐՏՈՒԹՅԱՆ մեջ էլ։ Բայց դա Հոժար պարտություն է, Հ-ով սկսվող պարտություն։ Այն պարտությունն է, որը գիտակցված է, որոշված ու ընտրված։ Միայն կամքով ուժեղներին բնորոշ պարտությունն է դա․ բոլոր պարտություններից ամենագեղեցիկը։ Բայց մենք դժվար ենք համակերպվում պարտություններին։ Իսկ գիտե՞նք՝ ինչն է դժվարը։ Մենք հերքում, ժխտում ենք վար ու ներքև իջնելը, հրաժարվում ենք, դրա համար դժՎԱՐ է դառնում ամենը, հետո էլ ասում ենք թե՝ դժվարաՑԱՎ։ Ցավեցնել է սկսում դժվարությունը, ցավեցնել ենք սկսում ինքներս մեզ՝ վար չընկնելու դժկամությունը պինդ բռնած։ Բանն այն է, ախր, որ չգիտենք էլ՝ ինչ է ներքևում, միայն գիտենք՝ ցած է։ Բայց մոռանում ենք մեկ-մեկ, որ ամենավեհ գագաթներն անգամ հասնելուց հետո վերջում ասում ենք՝ բարձրաՑԱԾ ենք։

Էսպես դժվարություններից վախենալով, հպարտությունն էլ որպես պարտություն ընկալելով՝ մեկ-մեկ տարակուսում ենք իսկական երջանկության մեջ։ Բայց գաղտնիքը երջանկության հենց իր մեջ է, ջանասիրություն է պետք՝ երՋԱՆիկ լինելու համար։ Պետք է ջանք թափել, հավաՏԱԼ, դժՎԱՐանալ, ծիծԱՂել ու վերջում գտնել, հասնել երՋԱՆկությանը։ Պայքարել է պետք երջանկության հասնելու համար։ Իսկ պայՔԱՐելիս պիտի գիտակցել, որ ծանր կարող է լինել պայքարն այնքան, որքան ժայռերից պոկված քարերն են լինում երբեմն։ Բայց ուժեղ պիտի մնալ, պինդ ու չհանձնվել երբեք։ Հանձնվելիս գիտե՞ք՝ ինչ է լինում։ Մենք Համաձայնում ենք մեր անձը տալ․ հԱՆՁնվում ենք հոժարակամ կերպով։ Էդպես չպիտի լինի․ երկու Հ-երից մեկը պիտի ընտրես՝ կամ հՊԱՐՏ ես, կամ հԱՆՁնվող․ հպարտները չեն հանձնվում։

Բայց դե գուցե ասես՝ մարդիկ տարբեր են, տարբեր են և կյանքերը։ Իսկ ի՞նչ է տարբերը։ Կազմությամբ պարզ ածակա՞ն։ Չէի ասի։ Կասեի՝ բայ է «տարբեր»-ը, ու դեռ ավելին՝ հեչ էլ պարզ չի, կարգին էլ բարդ է։ Մենք տանում-բերում ենք մեր բնավորության գծերը, մեր մտքերը, որոշումները ու ինքներս մեզ այնքան, որ ստեղծում ենք մեզ՝ որպես առանձին ու տարբեր մեկը։ Մենք կորցնում ենք մեր նմանությունը աշխարհի հետ։ Դառնում ենք մերը, մեր ստեղծածը։ Տարբեր ենք մտածում, տարբեր ենք նայում իրավիճակներին, տարբեր ենք ծիծաղում, լսում, արձագանքում, զգում․․․ տարբեր ենք սիրում։ Բայց նման ենք դառնում, երբ խոսքը հասնում է մեր հարազատներին։ Իսկ ովքե՞ր են հարազատները։ Հարազատն էլ, տարբերի պես պարզ բառ է ըստ Աճառյանի։ Ինչքա՞ն բարդ է, չէ՞, ամեն պարզություն։ ՀԱՐաԶԱՏԸ այն մեկն է, որ մեր կողքին է, կցված է մեզ՝  հարելով մեզ։ Բայց և այնպես, զատ է մեզնից, անջատ է մեզնից ու մեկ-մեկ՝ հեռու։ Մի ուրիշն էլ կասի՝ հարազատը մեզնից հարատև զատված է։ Հնարավոր է, գուցե: Մենք ամենաշատը կարոտում ենք նրանց, ովքեր հեռու են․․․ Ուրեմն՝ մենք միշտ կարոտում ենք մեր հարազատներին․ նրանց, ովքեր մեզնից հավերժ զատված լինելով՝ հարում են մեզ ներսից․․․

Ու վերջապես, տխուր հնչի գուցե, կամ էլ դաժան մի քիչ, բայց սԻՐտն էլ մի իր է, մեր մյուս իրերի նման հատուկ խնամք պահանջող ու մի քիչ բծախնդիր։ Սիրտն էլ պետք է մաքրել, հավաքել, դասավորել կոկիկ ու սիրուն, պետք է գրքեր նվիրել սրտին՝ խոհարարական բաղադրատոմսերի կամ գուցե Վարդգես Պետրոսյանի գրքերից։ Սրտում էլ պետք է մի արևոտ կիրակի մաքրություն անել, միացնել Հախվերդյանի «Բարի լույս, տիկին Արուսն» ու սրբել փոշիները սրտի։ Եվ պիտի զգույշ ընտրել, թե որտեղ ու ոնց պետք է դնել սիրտը, պիտի զգույշ անցնել այն պահարանի կողքով, որի վրա սիրտն է դրված․․․ Պիտի այնպես անել, որ չկոտրվի հանկարծ: Թեկուզ հենց նրա համար, որ տարբեր է սԻՐտը մյուս իրերից․․․Դրանից երկրորդը խանութներում չեն վաճառում: