anahit gasparyan charencavan

Երջանկության սպասելիս

Երջանկության սպասումը հենց ինքը երջանկություն է:

Գոթհոլդ Էֆրաիմ Լեսսինգ

Նոր տարվա եռուզեռի ժամանակ շատ հաջող կերպով հանդիպեցի գերմանացի գրողի այս խոսքերին: Ակտուալ թեմա է՝ սպասումը յուրաքանչյուրիս կյանքում:

Մի քանի օր առաջ մենք բոլորս սպասում էինք Նոր տարվան, բայց ամեն ոք յուրովի: Մեկը սպասում էր Նոր տարվա գալուստին, մյուսը՝ հենց «նոր» հասկացությանը, չէ՞ որ սա հրաշալի հնարավորություն է հեղինակել կյանքիդ նոր գլուխը՝ փորձելով չկրկնել նախորդ տարվա սխալները:

Սպասում ես ուղիղ կեսգիշերին, որպեսզի շնորհավորես այն ամենակարևորներին կամ ստանաս շատ կարևոր շնորհավորանքներ, ընտանիքի անդամներով «չը՜խկ» անես բաժակները ու տան մեծի օրհնանքով սկսես տարին:

Սպասում ես Նոր տարվա հրաշքին, երբ կախում ես տոնածառի առաջին խաղալիքը ու աչքերդ փակ երազանք պահում: Իսկ երբ հարցնում են, թե ինչ ես պահել, պատասխանում ես.

- Չեմ կարող ասել, այլապես երազանքս չի իրականանա:

Ու ամուր փայփայելով երազանքը, որը մեկ էլ հիշելու ես ծննդյանդ մոմերը փչելիս, սպասում ես դրա իրականացմանը:

Միշտ սպասում ես եղանակի կանխատեսումներին: Երբ ձմեռվա կեսին արև է, ու Սյունիքում մանուշակ է ծաղկում, սպասում ես ձնագնդիկների ու ձնեմարդուկների եղանակին, իսկ երբ ձյուն է գալիս, սպասում ես գարնանը, թե երբ է տաքանալու, որ հանես այդ տաքուկ ու ծանր մուշտակը, սպասում ես, որ տատիկդ անընդհատ չասի.«Չե՞ս մրսում, տաք հագնվի»: Ու կարևոր չի, որ 4 կիլոգրամ հագուստ ես կրում այդ պահին:

Սպասում ես Ձմեռ պապին, չգիտեմ Ձյունանուշին սպասո՞ւմ ես, բայց հրաշքի այս մարմնացումներին պետք է սպասես ամեն տարիքում: Ու եթե «մեծացել ես» ու այլևս չես հավատում  նրանց, ուրեմն ուղղակի չգիտես, որ Ձմեռ պապը իրական կերպար է՝ իր եղնիկներով, Լապլանդիայով ու սահնակներով հանդերձ, քանի որ այն գոյություն է ունեցել երևակայությանդ մեջ, քո սրտում: Իսկ ինչը դու անկեղծ ստեղծել ես ու ինչին անկեղծ հավատացել ես, թեկուզ մանկության տարիներին, անպայման գոյություն ունի:

Ես միշտ սպասում եմ տարվա վերջին անգլերենի պարապմունքին, երբ սիրելի ուսուցչուհիս բերում է «կախարդական գուլպան»: Գրում ենք, թե հաջորդ տարում ինչ սպասելիքներ ու երազանքներ ունենք ու գցում գուլպայի մեջ: Ընկեր Դալլաքյանը տանում է այդ գուլպան եկեղեցի, գմբեթի տակ աղոթում մեր երազանքների կատարման համար, իսկ քահանան Աստծո օրհնությունն է տալիս: Նաև շատ եմ սպասում տարվա առաջին պարապմունքին, երբ բոլորիս աթոռների տակ դրված է լինում, թե ինչ է լինելու մեզ հետ այդ տարի:

Նախորդ տարի ում ինչ ընկել էր, այդպես էլ կատարվեց: Ինձ ընկել էր նոր հաղթանակներ, ու 2017-ը առանձնացավ ինձ համար հենց հաղթանակներով, Եվային՝ Flex ֆինալիստ, Գայանեին՝ նոր ընկերներ, շատերին՝ անվճար ընդունելություն, ուսուցչուհուս՝ նոր աշխատանք: Չես հավատա, բայց բոլորը իրականացել են, բա էլ ինչպե՞ս չսպասես…

Սպասում ես դպրոցներին, սպասում ես դասարանով հավաքվելուն ու մի կուշտ թափառելուն, սպասում ես այն հարազատներին, որոնց միայն Նոր տարուց նոր տարի ես տեսնում, սպասում ես այդքան երկար ընտրածդ նվերի արձագանքին, սպասում ես նոր նվաճումների ու նոր մարտահրավերների, սպասում ես լավատեսորեն ու հավատում սպասումիդ:

Եվ վերջում մեզ՝ 17-ցիներիս, կապում է մեկ ընդհանուր սպասում: Մենք բոլորս «Մանանա» կենտրոնի շնորհիվ կարողանում ենք արտահայտվել, ստեղծագործել, սովորել, ձեռք բերել նոր ընկերներ ու նոր հմտություններ, զբաղվել մեր սիրած գործով ու ամեն օր սպասել նոր հոդվածների ու արձագանքների: Ու Լեսսինգի խոսքը շատ ճիշտ է հենց այս պարագայում, մենք ամեն օր սպասում ենք 17-ին ու այդ սպասումը հենց երջանկությունն է: