hovik vanyan dsex

Երևանը Մարսի վրա չէ

Իմ ամառը շատ դրական ու հագեցած էր: Այնքան հագեցած, որ նույնիսկ մոռացել էի, որ շուտով սկսվելու են դասերը, ու ես արդեն 11-րդ դասարանում եմ լինելու: Մոռացել էի, որ արդեն պետք է սկսեմ պարապել: Մասնագիտությունս ընտրել եմ՝ ծրագրավորող՝ ՀԱՀ-ում:

Վայքից նոր էի վերադարձել տուն` Դսեղ, ամսի 29-ն էր: Երեկոյան ծնողներիս հետ նստել էի զրուցելու, որպեսզի որոշենք իմ հետագա անելիքները: Շատ երկար մտածելուց և խորհրդակցելուց հետո վերջնական որոշեցինք, որ պետք է տեղափոխվեմ Երևան՝ ուսումս շարունակելու և անգլերեն պարապելու: Բնակվելը խնդիր չէր: Երևանում շատ բարեկամներ ունեմ, բայց համար 43 ավագ դպրոցին ամենամոտը Արմիկ տատիկենց տունն է: Տանից դպրոց տասը րոպեի ճանապարհ է: Արմիկ տատիկին ու Էդիկ պապիկը երկուսով էին ապրում, ու ես դարձա նրանց սիրելի թոռնիկը: Երկուսն էլ շատ խելացի են, ու հաճելի է ապրել նման միջավայրում:

Հետ դառնալով մինչև սեպտեմբերի 1-ը՝ ասեմ, որ օգոստոսի 30-31-ին կարծես այս աշխարհի վրա չլինեի: Չէի հասկանում՝ իրե՞րս հավաքեմ, գնամ բարեկամներիս հրաժեշտ տա՞մ, թե՞ հետ կանգնեմ որոշումիցս: Բայց հետևելով սրտիս ձայնին՝ հասկացա, որ ճիշտ որոշում եմ կայացրել:

Սկզբում զանգեցինք համար 43 դպրոցի տնօրենին, որը մեծ սիրով ասաց, որ դպրոցի դռները բաց են ինձ համար, հետո գնացի հարազատ դպրոցիս հրաժեշտ տալու, ու վերջապես՝ արագ-արագ հասնելու Երևան, որովհետև հաջորդ օրը սեպտեմբերի 1-ն էր լինելու:

Մեծ երջանկություն էր, որ սեպտեմբերի 1-ից հետո շաբաթ-կիրակի էր, ու քանի որ ես ճանապարհներից ընդհանրապես չեմ հոգնում, որոշեցի նորից գյուղ գնալ ու հաջորդ օրը վերադառնալ: Ինչ չէի հասցրել գյուղում անել, գրեթե վերջացրի, միայն մի տարօրինակ զգացում ունեի՝ ոնց որ մի ամբողջ տարի Դսեղում եղած չլինեի: Ընտանիքս շատ էր տխրել, հարևաններն էլ, ուսուցիչներս ու դասընկերներս էլ: Նոր միջավայր էի գնալու, պետք է հարմարվեի:

Ամսի 4-ին սկսվեցին դասերը: Նոր դասարանս ու ուսուցիչներս շատ լավն են: Դասերս լավ են ընթանում՝ արդեն չորս հատ 9 եմ ստացել: Զարմացնում եմ՝ ես այսքան շուտ չեմ հարմարվում նոր միջավայրներին, բայց այս անգամ բացառություն եղավ, ու արդեն ինձ շատ հարմար ու ազատ եմ զգում:

Գյուղի հետ երբեք կապս չեմ կտրի ու միշտ կհիշեմ: Ամեն երեկո այնտեղ զբոսանքի էի գնում ու հիմա, երբ Երևանում եմ, փորձում եմ համեմատություններ անել Երևանի և Դսեղի միջև: Երկուսն էլ շատ եմ սիրում: Երևանում արդեն շատ հարազատ դարձած տեղեր ունեմ` Պռոշյան փողոցը, Բաղրամյան պողոտան, Մարզահամերգային համալիրը, Թումանյանի այգին: Շատ պայծառ հիշողություններ են արթնանում սրանց մոտով անցնելիս:

Մի խոսքով, մամ ջան, պապ ջան, նորից եմ ասում՝ Մարս մոլորակի վրա չեմ ու ձեզ միշտ հիշում եմ: Հայկ ջան, տնայիններդ երբ հասցնեմ՝ կգրեմ, հարևաններ ջան, ինձ հարազատ բոլոր-բոլոր մարդիկ, չեմ կորել, ու Դսեղը միշտ իմ սրտում է:

Հ.Գ. Արմիկ տատն ասում է՝ արի հաց ուտելու: Թռա՜: