anahit baghshetsyan

Երևանը մեղավոր չի

Եղանակն ամպած է։ Ուժեղ անձրև, անտանելի քամի ու գունավոր անձրևանոցներ։

Ես սիրում եմ աշնան ստեղծագործությունները, բայց Երևանը այդ ստեղծագործությունների գրկում, տանել չեմ կարողանում։ Առանց անձրևի ու քամու գոռում-գոչյունների էլ ակնհայտ է, որ էստեղ ապրող ժողովուրդը դժգոհ է, բայց աշունը ամեն ջանք գործադրում է, որ դժգոհությունն ավելի ուժգին արտահայտվի։

Նայում եմ փողոցով քայլող մարդկանց դեմքին ու տեսնում եմ հիասթափության անդունդներ։ Անդունդներ, որոնք լցված են ասված ու չասված խոսքերով, իրականացված ու դեռ չիրականացված սպասելիքներով, դատարկ մտքերով ու անորոշ ապագայով։

Ուզում եմ ասել նման անդունդը գլորվող բոլոր մարդկանց, որ էս քաղաքը մեղավոր չի։ Երևանը մեղավոր չէ, որ քո մանկական երազանքները չեն իրականացել, ու դու չես դարձել քո երազած մասնագետը, փոխարենը դասի ժամանակ կատարած նշումների, դասագրքերի ու դասախոսների ցուցումների արանքում փորձում ես գտնել ինքդ քեզ։ Երևանի նեղ փողոցների կիսահանգած լույսերը մեղավոր չեն քո ներսում մարող հույսի համար։ Էս փոքր քաղաքում մի՛ փնտրիր այն հազարավոր խնդիրները, որոնք քեզ ստիպում են իրականությունդ մոխրագույն ներկել ու մոռանալ գլխումդ կառուցված հեքիաթային քաղաքը։ Երևանը մեղավոր չէ, որ իր աշնանային քամիները տերևներից բացի իրենց հետ միասին տանում են նաև քո բոլոր սպասելիքներն ու բոլոր ընկերներին։ Ու պետք չէ մեղադրել Երևանին միայն նրա համար, որ 15 համարի ավտոբուսի մեջ, բացի մարմնիցդ, ճմրթվում ու անհետ կորում են քո բոլոր-բոլոր նպատակները։ Երևանը մեղավոր չէ, որ նպատակներդ իր հետ տանող ավտոբուսից իջնելուց հետո կոտրվում են մտքերդ ու ցանկություններդ՝ տեղ տալով դժգոհություններին ու հառաչանքներին։ Հայաստանի էս փոքր մայրաքաղաքը մեղք չունի այն բանում, որ դու էստեղ չես գտնում հոլիվուդյան ֆիլմերում նկարագրվող սերն ու այդ նկարագրությունը ստեղծող դերասաններին։ Չնայած հոլիվուդյան սերն ու դերասանները, բացի Հոլիվուդից, ուրիշ տեղ չես էլ գտնի, ո՛չ Կոլումբիայում, ո՛չ Մոզամբիկում, ո՛չ էլ Միլանում։ Միգուցե այն հասարակ պատճառով, որ այդ սերն ավելի շատ ուտոպիական է, քան իրական։

Ո՛չ Երևանը մեղք ունի, ո՛չ աշունը, ո՛չ էլ անձրևը․․․

Հոլիվուդյան սերն ու նոր նպատակներդ շուտով ձեր տան դուռը կթակեն: