sona zaqaryan

Երևանյան ամառները

-Շա՜տ շոգ ա:

-Հա, շա՜տ-շա՜տ, բայց կարևորը, որ տատիկի մոտ կլինենք:

Ամեն անգամ Երևան գնալիս այս նույն խոսակցությունն է ծավալվում իմ և եղբորս միջև: Գուշակեցի՞ք, թե ինչու ենք ամեն ամառ գնում Երևան: Դե, իհարկե, մեր սիրելի տատիկի մոտ: Մայրիկիս մայրիկը, որի անունը Ասյա է, մեզ շա՜տ է սիրում: Ճիշտ է, նա չորս թոռնիկ ունի, բայց յուրաքանչյուրի հանդեպ էլ առանձնահատուկ սեր և մեծ հոգատարություն է ցուցաբերում: Երբ մոտենում ենք դռանը և զանգը տալիս, գիտենք, որ մեր սիրելի տատիկը ուր որ է կբացի և կասի մեր շա՜տ սիրելի ու ավանդական դարձած նախադասությունը.

–Մատաղ լինեմ ձեզ…

Երբ մտնում ենք տուն, ամեն ինչ այնքա՜ն հարազատ է, չէ՞ որ մանկության ուրախ հուշերի մեծ մասը այդ տան ու իմ բարի տատիկի հետ է կապված: Ահա հյուրասենյակում դրված է հին, բայց հիշողություններով  լի մայրիկիս դաշնամուրը, որն  անհամբեր սպասում է, թե երբ պետք է իրեն նվագեն: Ահա իմ մանկության լուսանկարներից մեկը, որտեղից կարծես ժպտում եմ ինքս ինձ: Ահա պատշգամբից երևացող Արա լեռը,  որը հպարտ կանգնել է և վսեմ հայացքը ուղղել մեզ վրա: Ահա և պատշգամբի պատին խնամքով նկարված նկարները, որոնք մեր մանկությունից են մնացել:Եվ վերջապես, ահա և տատս, ով նայում է ինձ՝ իր գեղեցիկ և կանաչ աչքերով, որոնք ամենևին էլ իրենց փայլը չեն կորցրել տարիների ընթացքում, և ժպտում է՝ լցնելով իմ սիրտը անսահման բարությամբ: Տատս, ով իր կյանքում շա՜տ դժվարություններ է տեսել և կարողացել է հաղթահարել դրանք, ամենևին էլ չի ընկճվել և շարունակել է կյանքին նայել իր բարի ու գեղեցիկ կանաչ աչքերով և ապացուցել, որ բարությունը հաղթում է ամեն ինչին: Ես միշտ հիացել ու հպարտացել եմ նրանով` նրա անկոտրում կամքով, նրա բարությամբ ու գեղեցկությամբ: Նա լցրել է իմ Երևանյան ամառները իր քնքշությամբ ու հոգատարությամբ:

Տատիկիս պատրաստած համեղ ճաշատեսակների մասին բոլորը գիտեն, իսկ նրա պատրաստած տոլման՝ մատներդ էլ հետը կուտես, էլ չեմ խոսում բուտերբրոդների մասին: Անգամ թոռնիկներով որոշել էինք, որ տատիկի հետ պետք է բուտերբրոդներ պատրաստենք ու վաճառենք, այն էլ շատ թանկ գնով: Երբ տատիկը հարցնում էր, թե ինչո՞ւ ենք ուզում այդքան թանկ վաճառել, մենք պատասխանում էինք.

–Որովհետև տատիկի կախարդական ձեռքերով են պատրաստվել:
Տատիկն էլ մեղմաբար ժպտում էր ու գրկում բոլորիս:

Հիմա տատիկն էլ է մեծացել, մենք էլ: Հիմնականում չի ստացվում, որ բոլոր թոռներով տատիկի հետ լինենք: Դե, ինչ կարող ենք անել, ցավոք մանկությունն էլ է ավարտվում: Այնքա՜ն կուզեի, որ այն հավերժ լիներ…
Երևանյան ամառները իմ կյանքի ամենալուսավոր ու ամենասիրելի պահերն են եղել: Գուցե ամեն ինչ վերանա, և ոչինչ հավերժ չլինի, բայց հիշողությունները հավերժ մնում են մեր սրտերում: Իսկ երևանյան ամառները հավերժ կմնան իմ սրտում, որպես մանկության ամենաթանկ հուշեր…