lida armenakyan

Երևի

Վայ, սիրահարվում ենք, երևի սիրահարվում ենք, երևի…

…Մեկ էլ, երբեք չենք մտածում, որ մի անգամ մետրո նստելիս, երկար, ուշադիր զննելուց հետո ինչ-որ մեկին սիրել ենք մի քիչ: Դե քիչ, բայց սիրել ենք: Ինքը նստած է եղել ականջակալները վզին: Նստած է եղել ու գուցե մեզ տեղ է զիջել:

Այ, տեղը զիջելուց հետո ավելի ուշադիր ենք ուսումնասիրել իրեն, դեռ մի բան էլ ձեռքի եղածը պահելու պատրաստակամություն ենք հայտնել: Էդտեղ հայացքներ ենք փոխանակել, գուցե նաև ժպիտներ: Եսիմ, ո՞վ գիտե:

Իսկ սուպերմարկետո՞ւմ, ասենք, երբ թույլ են տվել սայլակով անցնել: Իսկ այ, էդ ժամանա՞կ: Էլի նույնն է եղել: Ուղղակի հայացքների փոխարեն երևի ճանապարհներ ու մեղմ արտահայտություններ ենք փոխանակել.
-Ահհ, կներեք…
Հետո սայլակը հետ քաշելով.
-Խնդրեմ, անցեք…
Մենք էլ երևի «շնորհակալության» փոխարեն էդպես մեղմ ժպտացել ենք: Մեր ժպիտն իրենց մտքում է դաջվել, իսկ իրենց չասած խոսքերը` մեր:
Իսկ կանգառներո՞ւմ: Գիտեմ-գիտեմ, հաստատ եղել է: Նաև եղել է, որ միասին նույն ավտոբուսին ենք սպասել, կամ թե չէ, դիտավորյալ սպասել ենք, հա: Էլ չեմ ասում փողոցն անցնելիս, որ հանդիպակաց մայթերից ուսումնասիրել ենք: Հետո մենք էլ չենք նկատել, թե ոնց էդպես իրար նայելով, վայրկյանների տակ փողոցն անցանք: Անցել ենք, ու մեր սերն էլ է անցել:

Հա, ու եթե ասածներս քեզ խորթ են, ծանոթ չեն կամ ինձ չես հասկանում, գնա ու Անահիտի «Կարճալիք սեր»-ը կարդա: Կարող է մի բան փոխվի: