anush davtyan

Զգուշացե՛ք, կանայք են

-Քեզ 15 օր ժամանակ։

-Հը՞, ո՞նց թե 15 օր, հլը մի հատ եմ արել, չեմ հասցնի։

-Ոչինչ, սովորի՛։

«Տասնհինգ օրը» առաջ երկու ամիս էր, իսկ օրվա վերջում ընդհանրապես տասը դարձավ։ Խոսքը վարել սովորելու դասընթացների մասին է։ Դե, հայրիկս անհամբեր սպասում է, որ գնանք վարորդական իրավունք ստանալու քննության։ Ես էլ եմ սպասում, բայց ինչքան ուզում եմ, երկու էդքան էլ՝ ոչ։ Հիմա, որ պաշտոնապես վարորդ լինեմ, պիտի ավելի շատ խոսեն վրաս։ Առանց էդ էլ ամեն օր դրա մեջ եմ.

-Շատ ռիսկով ես քշում, ջա՛նս։ Քուր ու ախպեր ոտը դնում են գազին։ Հանգիստ քո համար գլվլացրո՛ւ, հիմի սովորի՛ պավառոտ մտնել, նորմալ քշել, արագությունը ինքն իրան կգա,- էսքանը լսել եմ միայն տան ճանապարհին։ Էլ պապիկի հետ մեքենա չեմ քշի, շատ է խոսում վրաս։

Փողոցում շատ հետաքրքիր են նայում ինձ։ Օրինակ՝ հայրիկիս ընկերները միշտ ասում են. «Յա՛, էդ աղջկա՞դ ես սովորացնում», «Էս եզդայի՞ եք հելել, պռավա հանե՞լ եք արդեն»։ Դասարանիս տղաների մեծ մասն ամեն օր ղեկի է նստում, հանդիպում ենք իրար հաճախակի։ Մի անգամ էլ լսեցի. «Ա՞ն, էդ անցնում ես ու սիգնալ էլ չես տալի՞ս»։ Անկեղծ ասած՝ ամաչում եմ։ Դե հերիք չէ՝ աղջիկ է ղեկին, մի բան էլ տարիքով փոքր եմ։

Որ հարմար պահ եմ գտնում, սկսում եմ կողքերս նայել.

-Էն մեր դպրոցից ա, էն ձախի աղջիկը։ Նորվա նիվան էլ «իրավներից» մեկինն էր, համարների մեջ լիքը ինը կար, չէ՞։

-Աղջի՛կ ջան, էդ դու հասցնում ես կողքերդ էլ նայե՞ս,- ծիծաղում էր հայրս,- չգիտեմ, ուշադիր չէի։

Հիմա ավելի հաճախ եմ ղեկին կին տեսնում։ Առաջ ինձ թվում էր, թե շատ չեն, բայց պատկերացրեք՝ Գավառ էլ են հասել։ Երևի շատ խորն է մեր մեջ նստած, որ կինը չի կարող վարել։ Միշտ անսովոր մի բան եմ զգում, որ նկատում եմ։

Ընդհանուր հաշվով՝ վատ չեմ վարում։ Ամեն անգամ, որ տուն եմ գալիս հերթական «դասընթացից», տատիկս հարցնում է.

-Հը՞, ո՞նց քշեցիր։

Միշտ անորոշ պատասխան եմ տալիս.

-Կարևորը՝ չեմ խփել։

Ես էլ չգիտեմ, թե ոնց եմ վարում։ Հայրս շատ չի մեկնաբանում, ոչ էլ գոռում է շատ։ Ուղղակի մեկ-մեկ ղեկն է բռնում, ճիշտ ուղղություն տալիս, մեկ-մեկ էլ զգուշացնում է, որ արգելակեմ ճիշտ պահին, բայց դե միշտ ուշացնում եմ։

Երբ շտապելու առիթ չունեմ ու ուղղակի ինչ-որ տեղ եմ գնում տրանսպորտով, միշտ հետևում եմ երթևեկությանը։ Պատկերացնում եմ, որ էդ երեք գծերից մեկով իմ փոքր կարմիր մեքենան է գնում, իսկ հետո պատկերացնում եմ, թե ոնց են բոլորը նյարդայնանում իմ՝ 20 կմ/ժ արագությամբ վարելուց։ Հա, մեկ էլ վթար է աչքիս առաջ գալիս։ Ու պարտադիր ձախ կողմից։

Ասում են, որ սկսնակ վարորդները մինչև երեք տարի պիտի մեքենայի ապակուն զգուշացման նշան փակցնեն, որ մնացածը իմանան՝ ղեկին «խամ» վարորդ է, զգույշ լինեն։ Ես երևի չհանեմ էդ նշանը։ Տեսե՞լ եք, որ բարձրակրունկ կոշիկ են պատկերում կարմիրով եզրագծված եռանկյունու մեջ։ Էդպիսի մի բան էլ կփակցնեմ անպայման։ Ես ինձ համար չեմ ասում, է։ Դուք եք դիմացողը։ Ինչպես ասում են սիրածս ֆիլմում. «Երջանիկ խաղ ձեզ, և թող հաջողությունը միշտ ձեր կողքին լինի»:

Հ. Գ. Առավոտյան 5 օր դարձավ։