seda mkhitaryan

Զրույցներ Լուսնի հետ

Հայաստանի 45-69 տարեկան բնակչության շրջանում ֆիզիկական թերակտիվության տարածվածությունը կազմում է 28.6%։

Եթե մատներդ հաշվի մեջ չլինեն, քո մարմնի վրա թերակտիվության տարածվածությունը կկազմեր 100 տոկոս։

Դե, գնա գրողի ծոցը։

Դու չես ասելու` շարժեմ մատներս, ուսերս, թե ուղղակի քայլեմ։ Դու քո երկինքներում ի՞նչ գիտես, թե ինչ եմ անում ես հողի վրա։

Հողի, որ դեպի քեզ է ձգվում ու ինձ էլ հետը ձգում։ Վաղուց չես եկել։ Եկել ես ասելու, որ թերակտի՞վ եմ։ Իսկ դու ի՞նչ գիտես քամու մասին, որ պատուհանից մտնում է ներս, շարժում ծաղկամանի ծաղիկների տերևները, սենյակի լույսը, թարթիչներս, ամեն ինչ շարժում է։ Մեր կյանքում ամեն ինչն էլ շարժման արդյունքում է լինում։ Իմ պարագայում` մատների շաժման։ Հա, ճիշտ ես, մենակ մատների շարժման։ Հա, էլի են ասել, որ սիրուն մատներ ունեմ։ Դու առաջինը չես, իհարկե, բայց քո ասածը ավելի կարևոր է, դե, երկնքից այստեղ նկատել ես։ Գիտե՞ս՝ քանի անգամ են ասել, որ դաշնակահարի մատների են նման։ Հա, բայց տեսնես տգեղ մատներով դաշնակահար չի՞ լինում։ Բայց տգեղ մատներ լինո՞ւմ են։ Չէ։

Ճիշտ ես։ Դու մատ չունես։ Բայց հեչ եղե՞լ է, որ զգաս քամու հարվածը մեջքիդ։ Կամ լսես քամու ձայնը խաղողի վազի մեջ։ Հետո քամին մտնի ներսդ։

Ասում են՝ շատ կետադրական նշանները խանգարում են։

Դու թեմայից թեմա ես թռչում։ Ի՞նչ կապ ունեն կետադրական նշանները մատների հետ։

Հըմմ, շատ խորաթափանց ես, իսկ իմ մատները ի՞նչ կետադրական նշանի են նման։ Հենց մտածես` ասա։ Շատ լիրիկական զրո՞ւյց է։ Չէ։ Իրական բաների մասին ենք խոսում։ Քո երկինքներում հաստատ մոծակներ չկան։ Ներքևում` այստեղ, շատ մանր ու սիրուն բաներ կան։ Ես չգիտեմ, գուցե երկնքում էլ փշաքաղվում են։ Կամ էնտեղ միշտ փշաքաղված են։ Գուցե երկնքում էլ կապույտ աչքերով մանկիկ կա։ Գուցե էնտեղ բոլորի աչքերը կապույտ են, ու դրա համար երկինքն էլ է կապույտ։ Էնտեղ դաղձի թեյ կա՞։ Իսկ լույսի տակ փայլող սարդոստա՞յն։ Լսիր, ձեր մոտ դաշնամուր կա՞։ Իսկ սառը ձմերո՞ւկ` կորիզները հանած։ Քո տան կողքի տունն է՞լ է ձմեռը հեքիաթային լինում։ Էդտեղ ձիերը վազո՞ւմ են` բոլորը նույն ուղղությամբ։ Էդտեղ ձիեր կա՞ն։ Երկնքում է՞լ է ձորից մշուշ բարձրանում, կպչում մատներիդ։ Վերևում ձորեր կա՞ն։

Դե ասա, գնացի՞ր…