mushegh kurekhyan

Զրույց թեյի բաժակի հետ՝ վերաարժևորելով հիշողությունները

-Մուշ, քանի՞ գդալ շաքարավազ գցեմ:

-2,5 գդալ,- ասացի ինքս ինձ ու բաժակը մոտեցրի գրասեղանին:

-Մերսի շատ,- պատասխանեցի ինքս ինձ:

Ի՞նչը կարող է մարդկանց կամ ինքդ քեզ հետ ավելի լավ համախմբել, քան մեկ բաժակ տաք թեյն ու հաճելի երաժշտությունը: Արտակարգ դրությունն ու մեկուսանալը դեռ չի նշանակում լինել ինքնամփոփ ու սենյակից օրերով դուրս չգալ։ Այլ հակառակը, այս պայմաններում պետք չէ սենյակում փակված լինել, եթե անգամ վախենում ես ոտքդ տնից մեկ մետր հեռու տանել, ապա հիշիր, որ քեզ համար ևս հույս կա։ Վերցնում ես թեյի բաժակը, ականջակալներդ ու գնում պատշգամբ։ Այո, մի զարմացիր, պատշգամբում օդը մաքուր է, ու քեզ նաև թարմ և սառը օդ է հարկավոր։ Պատշգամբը մարդուն աշխարհը ճանաչելու հնարավորություն է տալիս։ Գնա ու պատշգամբում վայելիր երեկոյի պարզությունն ու հատապտղային թեյի բույրը։ Դե ինչ, վերցրու թեյիդ բաժակը, ականջակալներդ և գնա․․․

Ես էլ կուզեի այդպես անել, բայց մի քիչ կշեղվեմ իմ ասածիցս, քանի որ այն տանը, որտեղ ապրում եմ, պատշգամբը հարմար չէ դիրքավորվելու ու երաժշտություն լսելու համար։ Վերցրել էի թեյի բաժակը, նստել համակարգչի առաջ ու մտածում էի՝ ինչ անել․ դասերից, գրքերից, ֆիլմերից ու սերիալներից արդեն հոգնել եմ, ինձ թարմություն է հարկավոր։ Հանկարծ աչքովս ընկավ 17-ի բաժակը՝ վերևում մեծ-մեծ տառերով իմ անունը գրված։

-Ախր, ես մանանայեցի եմ, ինչպես կարող էի այսքան ժամանակ հոդված չգրել կամ չկարդալ գրվածները,- սկսում եմ բարձրաձայն մտածել։
Սակայն հետո փորձում եմ ինքս ինձ արդարացնել՝ ասելով, որ դասերը շատ են, կողքից աշխատանքը, չեմ հասցնում։ Ինչքան էլ փորձեցի արդարացնել, չստացվեց, մեկ տարվա ընթացքում ես հաստատ ունեցել եմ գոնե 1 ազատ օր։ Լավ, գոնե հիմա՝ մեկ տարի անց կարդամ հոդվածներից մի քանիսը։ Կարդացի ըստ վերնագրերի հետաքրքրության։ Ժամ, ժամուկես կարդալուց հետո մտածեցի իմ անունը փնտրել կայքում։ Հանկարծ 2 նյութ բերեց․ մեկն Արմանի «Մուշն» էր, մյուսը՝ Նինայի «Մուշեղ Կուրեխյանին»-ը։ Վերընթերցեցի ու հասկացա, թե ինչքան լավ ժամանակներ են եղել, երբ գրեթե հոգսեր չեն եղել։ Նինայի գրածից հիշեցի իմ գրած ամենասիրուն ու հավես հոդվածը՝ «Հաջորդ կանգառը՝ 70-ականների Երևան»-ը։ Ոնց որ շատ կարդացի, սպասիր մի հատ հոդված գրեմ։ Բայց ինչի՞ մասին։ Արդեն տարուց ավելի է, հենց լսում եմ հոդված կամ լուր գրել բառակապակցությունները, ակամա հիշում եմ շրջված բուրգը, 5w-ների կանոնը, հավաստիությունը, օբյեկտիվությունը։

-Ա՜, էլի շեղվեցի դեպի դասական լրագրություն։
Կարոտել եմ հոդվածներ գրելու մեր հին ձևին, որի համար պետք չէր գրքեր կարդալ ու կանոնները արտագրել ու նոր սկսել հոդված կամ ակնարկ գրել։ Ինչի՞ մասին, ինչի՞ մասին կարելի է գրել։ Գնամ դրսում քայլելու, երևի մուսաս գա ու գրեմ։ Մոռացել էի՝ առանց հատուկ անհրաժեշտության չի կարելի դուրս գալ։ Բայց մաքուր օդ է հարկավոր ու թարմություն, որ կարողանամ գրել։ Միգուցե դուրս գամ պատշգամբ ու փորձեմ այդպես թարմանալ։ Թեյնիկը միացրի, հատապտղային թեյը լցրի բաժակն ու հարցրի․

-Մուշ, քանի՞ գդալ շաքարավազ գցեմ: