nelli khachatryan

Էդ լիմոնադի շիշը բերեք՝ բացեմ

Բարև: Սկսում եմ նյութս արագ հավաքել, որովհետև պետք է պատրաստվեմ, որ գնամ աշխատանքի… Ը, չէ, դեռ մի 4 ժամ ունեմ մինչև տնից դուրս գալը, ուղղակի ինչ աշխատանքի եմ ընդունվել, բոլորի հարցերին պատասխանելիս կամ մի բան պատմելիս անընդհատ ուզում եմ նշել, որ աշխատում եմ:

-Բարև:

-Բարև աշխատանքի վայրից:

-Ո՞նց ես:

-Դե, աշխատող մարդը ո՞նց է լինում:

-Շոգ ա:

-Հա, մինչև գործի եմ հասնում, հինգ գույն եմ փոխում:

Ֆեյսբուքիդ պատին էլ նշում ես, որ արդեն աշխատում ես, և վերջ, առաքելությունը կատարված է: Դու արդեն ինքնուրույն ու ինքնավստահ ես… Էն լիմոնադի շիշը բերեք, դա էլ արդեն կարող եմ ինքնուրույն բացել: Աշխատավարձս էլ ստանամ, արդեն կարող եմ սրտիս ուզածի չափ հելիում գազով փուչիկ ու պիցա գնել…

Իսկ հիմա ասեմ, որ աշխատում եմ երեխաների հետ: Ավելի կոնկրետ` Cityzen-ում՝ մանկական մասնագիտությունների քաղաքում: Էն որ փոքր ժամանակ տուն-տունիկ եք խաղացել, ամեն մեկդ ձեզ մի դեր եք տվել, պատկերացրու` էստեղ պրոֆեսիոնալ տուն-տունիկ է: Երեխաների համար քաղաք, մեծերը էդ քաղաքում հյուր են, դու կարող ես 20 րոպեն մեկ մասնագիտությունդ փոխել ու ամեն մասնագիտության մեջ մնալ լավագույնը, քեզ դրա համար ամեն ինչ տրամադրում են. համազգեստ, եթե ոստիկան ես՝ գող, եթե փրկարար ես՝ հրդեհ: Եթե մենք տերևներով էինք առևտուր անում, էստեղ երեխաներն ունեն իրենց համար հատուկ ստեղծված գումար, որը տարբեր տաղավարներ մտնելիս ծախսում կամ աշխատում են:

Ես էդտեղ ավագ եմ, օգնում եմ երեխաներին այդ պահին իրենց ընտրած մասնագիտությունը հասկանալ, յուրացնել, հետո՝ կիրառել:

Ամեն ինչը մի կողմ, երեխաների հետ աշխատելով հասկանում ես` ինչպիսին են եղել Հիտլերն ու Այնշթայնը փոքր ժամանակ: Աչքիդ առաջ մեծանում է ապագա բարերար, որ շատ փող հավաքելով` սկսել էր բոլորին իր փողերից բաժանել, կամ օլիգարխ, որ մենակ ուզում է փող աշխատել ու ոչ մի դեպքում չի ծախսում: Փոքրիկ Հիտլերի մասին ընկերուհիս՝ Զարէն պատմեց, որ եկել ու հեքիաթ է գրել շատ չար մարդու մասին, որին սպանում է ավելի չար մեկը: Փոքրիկ գիտնականներ էլ կան, որ քեզանից առաջ անցնելով` ամեն ինչ պատմում են, ալյուրից թուղթ պատրաստող երևակայողների պակաս էլ չունենք:

Ու էսպես աշխատում ես, ուրախանում ես, հոգնում ես, կարոտում ես ծնողներիդ, ուզում ես քո հով Ճամբարակը, գնում ես աշխատանքի, օրդ թռչում է, աշխատավարձդ ստանում ես, ափսոսում ես հելիումով փուչիկ գնել, իսկ էդ լիմոնադի շիշը տենց էլ չես կարողանում բացել: