Նույն դրամի տարբեր արժեքները

Փող, փող, փող… Տեսնես՝ ի՞նչ է այս թուղթը, որը պատճառ է հանդիսանում մեկի երջանկության, իսկ մյուսի դժբախտության համար: Միշտ չէ որ փողը ամենակարողն է, անգամ արտահայտություն կա՝ մարդ կա էնքան աղքատ է, որ միայն փող ունի:

Այո, շատ ենք լսել այսպիսի մի բան, երբ ասել են՝ վաղը չէ մյուս օրը, որ աշխատես, այնպիսի գործ ճարի, որ սիրով անես, ոչ թե փողի բարձր արժեքին խաբվես ու աշխատես չսիրելով: Դե, ամեն դեպքում, ճիշտ է ասված, բայց մի՞թե պետք է աշխատել ու էլի աշխատել ցածր գնի դիմաց՝ հոգնելով, տանջվելով, բայց հետո գրոշներ ստանալիս ասել՝ ոչինչ, կարևորը՝ սիրով եմ տանջվել:
Ես դեռ ինձ մասնագետ չեմ համարում իմ մասնագիտության մեջ, բայց չեմ էլ ասում՝ եթե մասնագետ չեմ, չեմ կարող ոչինչ անել։ Մոտ մեկ շաբաթ առաջ ես աշխատանքի հրավեր ստացա շուտով բացվող հացատան պարիսպների դիզայնը ապահովելու համար: Բնականաբար, ես ընդունեցի, և մեկ նկարը սկսեցի նկարել համեմատաբար էժան գնով, որովհետև քիչ առաջ նշեցի՝ դեռ ես ընտիր մասնագետ չեմ: Լավ, ինչ որ է, ես անցա աշխատանքի: Դե, քանի որ աշխատանքս կատարվում է միջպետական ավտոճանապարհին կից, շատ է լինում, երբ մարդիկ մեքենայով ազդանշան են տալիս կամ բութ մատով ասում, որ լավ է, ընտիր է։ Մեքենայից բարձր լսվող «ընտի՜ր» արտահայտությունը կամ բեռնատարերի բարձր ազդանշանները բավական էին ոգևորելու համար, որ էլ ավելի լավ աշխատեմ, որովհետև հաճելի է, երբ գնահատում են գործդ, մանավանդ, երբ անգամ ուսուցիչս է կանգնում և գովում աշխատանքս:

Բոլորի մասին ասացի, բացի էն մարդուց, ում համար ես գործ էի անում: Դե, քանի որ ես տեղափոխվել եմ երկրորդ կուրս, արդեն այս ժամանակահատվածում սովորել եմ գույների համադրումը գունատեսություն առարկայից, ու չափագրում, թե ինչ բարձրության համար ինչ լայնության նկար է պետք: Բայց քանի որ ինձ վճարելու էին, անընդհատ իմ գործը քննարկվում էր, որ էլ ավելի լավ լինի, խորհուրդներ էին տալիս, թե էսպես լավ չի, էսպես ա պետք, իսկ ես կատարում էի այնպես, ինչպես ասվում էր՝ իմ պլանավորածին հակառակ: Այո, ես հասկանում էի, որ հացատան պարիսպին խորոված պետք է լիներ, ու ունեի իմ մտածած տարբերակը, որը գծել էի մի ամբողջ գիշեր: Սակայն տարբերակներ կային, որ դուր չէին գալիս, որովհետև ամեն մարդ ուզում է իրեն պատկանող ամեն ինչ ճոխ լինի՝ մեքենան, հագուստը, տունը և ինչու չէ, նաև խորովածը: Եվ ես լսում եմ այս արտահայտությունը.

-Չէ, չէ, խորովածը տենց չէ։ Լինի ափսեի մեջ, լավաշում փաթաթված, սոխ-կանաչին վրան ու գոլորշին գնալուց:

Ես հաճախ համաձայնում, բայց միաժամանակ հակաճառում էի, որ դա կտավ չէ, որ մանրազնին նկարեմ, այլ գրաֆիկական դիզայն՝ լոգո, որը պետք է վայրկյանների ընթացքում հասկանալի լինի մարդուն, մեքենա վարելիս նա առաջին հայացքից պետք է հասկանա, որ դա խորոված է, ոչ թե վարելու ժամանակ նայի սոխին, լավաշին ու գոլորշուն, որոնց ուսումնասիրման ժամանակ էլ ինչ-որ մեկին վրաերթի ենթարկի: Այ, դրա համար եմ ասում՝ պետք է լինի պարզ ու հասկանալի: Քանի որ նկարում եմ, նկարելու համար պետք է նաև գույնը, իսկ գույնը արտահայտելու և ինչ-որ բան ցույց տալու համար հարկավոր է հակադրություն, բացի ու մուգի միաձուլում: Երևի չհասկացաք, օրինակ կբերեմ: Օրինակ՝ անցումների գծերը: Ինչո՞ւ է սև ասֆալտին դեղին անցումի գծերը, որպեսզի ավելի ընկալելի լինի անցորդին, կամ էսպես ասած՝ աչք ծակի: Եվ այս բանաձևով ես առաջնորդվեցի և ընտրեցի սև գույնը գրաֆիկայի համար: Այո, այո, ճիշտ եք, պատը սպիտակ է, դրա համար՝ սև, էլի հակադիր գույներ արտահայտելու ու ցույց տալու համար: Բայց ինչպես ցանկացած քայլ, այդպես էլ գույն ընտրելը, քննարկման թեմա դարձավ:

-Բա ինչո՞ւ պետք ա խոզի բուդը սև լինի, այն կարմրեցված է, կամ մատուցողի նկարը ինչի՞ ա ամբողջությամբ սև, բա խի՞ քիթ, աչքեր, ունքեր չկան:

Հաճախ վրձինը տալիս էի այդ ամենն ասողներին ու խնդրում, որ գան իրենք էլ նկարեն, կամ նորից զրոյից բացատրում էի, թե ինչու սև, և քսան րոպե հետո համակարծիք ենք:
Այնպես էր ստացվել, որ պետք է տասնչորս նկարը երկու օրում ավարտեի: Ես հասցրեցի: Հուլիսի քսանին սկսեցի նկարել, իսկ քսաներկուսին պետք էր հանձնել: Քսաներկուսին Տավուշում Վարդավառ էր, այստեղ Վարդավառը հուլիսի քսանից հետո ընկած առաջին կիրակին է նշվում, և պետք է ավարտեի, որպեսզի հյուրերին դիմավորելիս պատրաստ լիներ: Լավ, շատ չձգձգեմ: Ավարտեցի, և հաջորդ օրը բոլորը հարցնում էին, թե ոնց եմ էդպես նկարել, անպակաս հարց էր, թե ինչքան վաստակեցի: Երբ ասում էի գինը, լսում էի․

-Պահ, լավ էլ աշխատել ես, մարդիկ մի ամսում են վերցնում էդքան, իսկ դու՝ երկու օրում:

-Բայց արի չմոռանանք, որ այդ մարդիկ ամեն ամիս են ստանում, իսկ ես կարող է էսօր պատվեր ունենամ, բայց մեկ ամիս չաշխատեմ:

-Հա, ճիշտ ես։

Ասում էին նաև, որ առանց տանջվելու եմ փող աշխատել: Այդ ժամանակ բացում էի արևից այրված ոտքերս, ձեռքերս և օձիքի տակից ցույց տալիս այրված վզիս գույնը, կամ եղունգներիս արանքում մնացած ներկն ու ձգված ձեռքս, որի մկանները ձգվել էին պատին ամուր սեղմած ներկ քսելուց և մեծ քանոնը մեկ ձեռքով պահելուց, երբ առավոտ վեցն անց երեսունից մինչև երեկոյան քսաներկուսը նկարում էի, որպեսզի կարողանամ ավարտել երկու օրվա մեջ: Մի խոսքով՝ կողքից նայողների համար հեշտ, բայց ինձ համար հաճելի ու դժվար աշխատանքը ես ավարտեցի: Ստացա գումարս:

Այ հիմա կանդրադառնամ վերնագրիս: Երբ քեզ տալիս են գումար, ինչու չէ, թեկուզ հազար դրամ, սկսում ես ծախսել՝ առանց ափսոսելու, մինչև վերջին տասը դրամը: Իսկ երբ դու ես աշխատում և ծախսում քո աշխատածից վերցրած հազար դրամը, չես ուզում անգամ այն մանրել, որովհետև եթե մանրես, կվերածվի մետաղադրամների, որոնք հիշեցնում են աշխատանքի հետքերը՝ արևից այրված մաշկից մինչև ներկոտ եղունգներ, իսկ դրանք էլ ավարտելուց հետո կանցնես մյուս հազարանոցին: Կամ գերադասում ես անգամ ժետոն չգնել, ոտքով գնալ տուն, բայց պահպանել թղթադրամը և լավ զգալ քո աշխատած գումարով: Բայց սա ինչո՞ւ չենք գիտակցում մեզ առանց ինչ-որ բանի տրված գումարը ծախսելու ժամանակ, այդպես էլ չգիտեմ: Հա, ու կան, չէ՞, մարդիկ, որ աշխատում են, աշխատում ու ոչ մեկին չեն ասում, և անգամ իրենց ոչինչ չեն գնում, ագահորեն հավաքում-հավաքում են։ Հա լավ, սպասեք ես էլ ասեմ, թե ինչ եմ անելու: Մի քիչ թեմայից շեղվեմ, անկեղծանամ, բայց կասեմ: Որոշել եմ սիրածս աղջկան նվեր առնել, որպեսզի նա ժպտա, իսկ ես էլի սկսեմ աշխատել հանուն նրա ժպիտի: Լավ, լավ, շատ չխորանամ: Մի բան էլ պատմեմ ու ավարտենք: Այսօր իմացա, որ ավտովթարի հետևանքով մեքենան դուրս է եկել ճանապարհից և հարվածել այն պատին, որի դիմաց ես պետք է կանգնած լինեի, եթե հիմա շարունակեի նկարել։

Հ.Գ. Ինչ լավ է՝ խորովածը լավաշով ու սոխով չեմ նկարել, այլ գրաֆիկ տարբերակով, թե չէ կասեին՝ ուշադրությունը նկարին են գցել և խփել պատին: Այո այո, էն բացատրածիս նման: