Էլիզաբեթ Մայերի թանգարան-խանութը կամ պատմություն ճակատագրի մասին

Մյունխենի սրտում՝ Մաքսբուրգսշտրասեի բարձրահարկ ու ժամանակակից կառույցներով շրջապատված, բակային մի համեստ անկյունում է գտնվում փողկապների մասնագիտացված «Krawatten Hoff Wilm Hoff» խանութը՝  միակը և ամենահինը քաղաքում։ Ապակե դռան հետևից կարելի է տեսնել Էլիզաբեթ Մայերին՝ խանութի ներկայիս սեփականատիրոջը և վաճառողուհուն։ Դասական հագնված 70-ն անց կին է՝ երկար, բաց գույնի մազերով ու բաց կապույտ աչքերով։ Երբ նկատում է, որ ինչ-որ մեկը խանութի ուղղությամբ է քայլում, իսկույն վեր է կենում նստած տեղից, բացում է դուռը ու, շեմին կանգնած, լայն ժպիտով ողջունում․ «Hallo, schoenen Tag!,  Ողջո՜ւյն, բարի օր»։

Ներսում ամեն բան թանգարան է հիշեցնում․ ամեն կողմ նայելիս աչքդ որսում է գույների հետաքրքիր համադրությամբ ցուցափեղկում տեղ գտած կամ կախիչներից կախված փողկապներ, փողկապ-թիթեռնիկներ, շքեղ ու թանկարժեք այլ աքսեսուարներ։ Վաճառասեղանի հետևում մեծ դարակ է՝ բազմաթիվ պահատուփերով, յուրաքանչյուրում ըստ գույների, արժեքի, ըստ արտադրող ֆիրմայի կամ կտորի տեսակի՝ դասակարգված են փողկապները։ Վաճառասեղանի վրա ուղեցույցներ են, թե ինչպես կարելի է կապել փողկապը մի քանի տարբեր ձևով, դրանց կողքին՝ անկյունում՝ բացված դրված է գոթական տպատառերով մի հաստափոր գիրք։ էլի այլ գրքեր՝ մեկ այլ սեղանիկի վրա, կոնֆետի տուփի կողքին, ու մեկ այլ հատվածում հարսանեկան լուսանկարներով, հուշանվերներով, փափուկ խաղալիքներով զարդարված պահարանի վրա ու  հայելու առջև։

Տիկին Մայերն այստեղ է աշխատում 1979 թվականից, խանութի հիմնադրումից 24 տարի անց։ Հիմնադիրը պարոն Հոֆֆն էր, որը հանկարծ հիվանդանում է ու խանութը հանձնում 40-ամյա մի կնոջ, որն ամուսնուց բաժանված էր ու օրվա հացը խանութից ստացած եկամուտով էր  ձեռք բերում։ Շուտով նա որպես օգնական ընդունում է տիկին Մայերին․

-Մինչ այդ ֆրանսերեն ու անգլերեն էի սովորում բուհում, որպեսզի ուսուցչուհի դառնամ։ Բայց ինձ երջանիկ չէի զգում իմ մասնագիտությամբ ու իմ ստացած կրթությամբ։ Չգիտեի՝ ինչ անել, ինչով զբաղվել։

Հիմա մի բան կպատմեմ, և դուք կսկսեք հավատալ ճակատագրին։ Սովորելու ընթացքում մի տարի կրթական ծրագրով Փարիզում էի։ Այնտեղ մի կնոջ հետ ծանոթացա, որն ինձ ասաց, որ չի պատկերացնում ինձ ուսուցչուհու կերպարում, այլ տեսնում է ապագաս թանկարժեք իրերի մասնագիտացված վաճառքի մեջ։ Ուշադրություն չդարձրի, իհարկե, բայց նաև չմոռացա այդ խոսքերը։

Ի վերջո այնպես ստացվեց, որ կրթությունս կիսատ թողեցի ու բախտն ինձ իրոք այս խանութ ուղարկեց․․․

40-ամյա կինը մի օր  նամակ է ստանում ԱՄՆ-ից, իր հին ծանոթից, որի հետ ծանոթացել էր Օկտոբերֆեստի ժամանակ։ Նամակում այդ ծանոթ տղամարդը գրում է, որ մահացել է իր  կինը, պատմում, որ երկար ժամանակ մտածել է նրա մասին ու սիրո համեստ խոստովանություն անում՝ նորից հանդիպելու խնդրանքով։ Ամիսներ անց նրանք ամուսնանում են և մեկնում ԱՄՆ։

-Այդպիսով ես ժառանգեցի խանութը,-ժպտում է տիկին Մայերը։

Հիմնականում խանութը գրավում է մարդկանց ուշադրությունը, շատերը գալիս են պարզապես հետաքրքրությունից դրդված, «դե քչերն են մեր օրերում փողկապ կրում»։ Չնայած դրան՝ խանութը մշտական հաճախորդներ էլ ունի։ Հաճախորդները հիմնականում երիտասարդներ են, որոնք ամուսնության առթիվ են փողկապ կրում, պաշտոնյաներ, որ կարող են իրենց շքեղություն թույլ տալ և դասական հագուստի սիրահարներ։ Նրանից շատերի հետ  տիկին Մայերը ընկերացել է․ ամեն անգամ հեռու տեղերից իրեն տեսակցության գալիս նրանք ինչ-որ հուշանվեր են բերում։ Դրանցից մեկը սեղանի վրայի ճենապակե նախշազարդ բաժակն է։

Պատահում է նաև, երբ ամբողջ օրվա ընթացքում ոչ մի հաճախորդ չի գալիս։ Տիկին Մայերը վստահ է, որ մարքեթինգային քայլերը կամ գովազդները ոչնչով չեն օգնի։ Եվ իրոք, այս խանութի մասին համացանցում շատ քիչ տեղեկություն կարելի է գտնել․ հասցեն և թերևս մեկնաբանություններ հաճախորդներից։

-Նախկինում փորձել եմ փողկապները լուսանկարել և տեղադրել համացանցում։ Բայց էական տարբերություն չեմ նկատել։ Դա ինձ այդքան էլ դուր չէր գալիս, քանի որ սահմանափակ պատկերացում էր ստեղծում։ Հիմա ես չունեմ ոչ էլեկտրոնային հասցե, ոչ հեռախոս, ոչ համակարգիչ ու հեռուստացույց, ոչ մեքենա, ոչ էլ ամուսին ու երեխաներ։

Այն օրերին, երբ հաճախորդներ չկան, տիկին Մայերը, այնուամենայնիվ, չի ձանձրանում․

-Ես գրքեր ունեմ, սիրում եմ գրքերը։ Համալսարանում կրթությունիցս բան դուրս չեկավ, բայց այստեղ ես աներևակայելի շատ գրքեր եմ կարդացել, չեք էլ պատկերացնի, թե ինչքան շատ բան եմ սովորել։ Հիմա օրինակ, պատմական գրականություն եմ ուսումնասիրում, Առաջին համաշխարհայինին եմ հասել,- ցույց է տալիս գոթական տպատառերով հաստափոր գիրքը։

Ցուցափեղկերի առջև մարդիկ են հայտնվում։ Շատերը երկար նայում են ու անցնում։ Շուտով բացվում է դուռը ու կողքի բարձրահարկ շենքից լսվող շինարարության աղմուկը ներս է լցվում։ Տիկին Մայերը մոտենում է ներս եկած երիտասարդ զույգին։ Նրանք ցուցափեղկին ծաղկավոր փողկապ-թիթեռնիկ էին նկատել։

-Բայց թանկ է,- ասում է Ֆելիքսը՝ 32 տարեկան գանգրահեր տղամարդը ու նայում կնոջը՝ նրա կարծիքը լսելու ակնկալիքով։ Տիկին Մայերը ոգևորությամբ անցնում է վաճառասեղանի հետևը, քաշում է դարակի անհամար պահատուփերից մեկը, դնում սեղանին։ Կոկիկ դասավորված տասնյակ այլ նախշերով փողկապ-թիթեռնիկներ են նրանց տրամադրության տակ։ Նա հանում է դրանցից մեկը, տեղեկություններ տալիս կտորի, ֆիրմայի, մոդելի մասին, հարցնում է հաճախորդի կոստյումի կամ վերնաշապիկի գույնը, հետաքրքրվում զբաղվածությունից, բացատրում գույների ու ոճերի նշանակությունը, կրելու էթիկան, և իհարկե այլ մտերմիկ հարցեր․․․

-Մենք Հաննովերից ենք, – պատմում է տղամարդը, երբ արդեն որոշել էր, որ գնելու է փողկապը,- վերջին անգամ անցած տարի էինք Մյունխեն եկել։ Այն ժամանակ նկատել էինք խանութը, բայց քանի որ շտապում էինք, ներս չեկանք։ Այս անգամ որոշեցինք անպայման այս կողմերով անցնել։

Հաջորդում են նոր հարցեր ու պատասխաններ։ Հանկարծ տիկին Մայերը չարաճճի ժպիտով է նայում․

-Իսկ դուք գիտե՞ք՝ ինչպես են փողկապ-թիթեռնիկը կապում։

Նա վերցնում է մեկը, աճպարարի ճկունությամբ մատները շարժելով ձգում ու թուլացնում է փողկապը, պտտում ու օղակում։ Երբ նույնը նաև երիտասարդ զույգի մոտ է ստացվում, տիկին Մայերը դարակից 50-ականների չեկ է հանում, վրան գրում ամիս-ամսաթիվը, քանակն ու գինը՝ 85 եվրո, միջին գին այս խանութի համար։

-Հիմնական հաճախորդներն այսպիսին են, բավականին արագ են ընտրում և ավելի շատ սովորական փողկապներ, քան թիթեռնիկ-փողկապներ են գնում։ Բայց կան նաև այնպիսինները, որոնք ուզում են ամեն ինչ տեսնել, հատկապես երբ փողկապը հարսանիքի համար է։ Նրանք ուզում են լավագույնը գտնել։ Իրականում քովիդից հետո, երբ հավաքույթները նորից թույլատրվեցին, ու շատերն էին ամուսնանում այդ շրջանում, այս խանութը հարսանեկան խանութի էր վերածվել։ Ամուսնացողներն ինձ նաև երբեմն հարսանեկան լուսանկարներ են ուղարկում,-շարունակում է տիկին Մայերը՝ փողկապները խնամքով իրենց նախկին տեղերը դնելով։

Նա պատմում է, որ Մյունխենում փողկապների 4 խանութ է եղել, բայց Krawatten Hoff Wilm Hoff-ը միակն է, որը ժամանակի ընթացքում կանգուն է մնացել և որևէ փոփոխություն չի կրել։ Միայն փողկապների լայնությունն ու երկարությունն էր ժամանակի հետ փոխվում, դրանք առաջ մեկ ավելի լայն էին, մեկ ավելի նեղ։ Դե իսկ այն դարակի պահատուփերից մեկում նաև այդ հնություններից են պահպանվել։ Փողկապները հիմնականում մետաքսից են, գործվածքները տարբեր են, կան նաև ձեռագործ փողկապներ, փողկապներ, որոնք միայն  կարելի է կրել ձմռանը։ Բոլորն էլ եվրոպական արտադրության են, կան և տեղական, և այլ երկրների արտադրության՝ ավստրիական, իտալական, իռլանդական, խորվաթական (չԷ՞ որ գերմաներեն փողկապ` Кrawatte բառը և ինքնին փողկապը եկել են Խորվաթիայից` Kroatien, և եղել են զինվորական համազգեստի անբաժան մի մաս)։ Թանկարժեքներից շատերը իտալական են, ինչպես խանութի ամենաթանկարժեք փողկապը՝ Italo Ferretti ֆիրմայի արտադրության։

-Այս գործում ամենահետաքրքիրն այն է, որ այսքան գույների ու այսքան տարբեր մարդկանց հետ ես առնչվում։ Նրանցից ամեն մեկը տարբեր է, ամեն մեկն իր պատկերացումներն ունի,  իր էությունը,- ասում է տիկին Մայերը ու ապակե դռնից դուրս նայում,- ես այստեղ ինձ այնքան լավ եմ զգում, ինչպես տանը։ Երբեմն վերընթերցում եմ իմ ամենասիրելի գիրքը՝ Ադալբերտ Շտիֆտերի «Ուշ ամառը»։ Այդ գրքում ամեն ինչ այնքան խաղաղ է, օդի նման թեթև ու բարի։ Ու մտածում եմ՝ երանի իրական կյանքում էլ այդպես լիներ։