annaTumanyan

Էլ էն վախտվա ծմեռը չի՜…

Ձմեռ։ Ըստ իս, ամենայուրահատուկ ու նուրբ եղանակներից մեկը։ Ամբողջը պատված է փայլփլուն ձյան ծածկույթով, պաղ օդ, սառը, միաժամանակ թարմացնող քամի ու ես, որ քայլում էր փողոցով ու հանկարծ.

-Օֆ է՜, էլետ էս ծմեռը եկավ, զահլես էլա քընմ, է: Էս վե՞նց դենք անիլ, էդքան ծախս անիլ կլի՞, քե մատաղ։

-Էլ ասիլ մի, աստծուբեդիլք դի անիլ։

-Թե` մթամ էդ ո՞ւր են էդ Նոր տարին ստեղծել։ Իմ անասունին չեմ կարըմ սկի կերով ապահովեմ, դե յե՛ ու օրական հյուր դիմավորի, սեղան քցի, հըվաքի, բա տհե կլի՞։

-Հոգհան ենք ըլըմ…

-Ախիր, էն վախտվա ծմեռը չի, է՜, վեր մի երկու մանդարին, կանֆետով բավարարվենք, հմիկվա րեխեքն ինչ ասես` ուզըմ են:

-Դուզ ես ասմ, էլ են վախտվանը չի՜…

Ու այսպես հոգոց հանելով` երկու ծեր կին զրուցում էին ճանապարհին, իսկ ես լսում ու մտածում էի, թե ինչպես են ատում ձմեռը, եթե այն ունի այնքան գեղեցիկ դրսևորումներ՝ սկսած պատուհանին ձմռան կողմից նկարված նախշերից։ Ի՞նչն է փոխվել. միգուցե մեծանալուն զուգընթաց հոգսե՞րն են ավելացել, թե՞ էլ չեն հավատում Ձմեռ պապի գոյությանը… Միլիոնավոր անպատասխան հարցերի մասին մտորելով` հասա տուն.

-Տատ, տյուք՝ մեծերդ, խի՞ չեք սիրըմ ծմեռը։

-Է՜հ, էն վախտվա ծմեռը չի, է՜…

Բայց ինչպիսի՞ն էր էն ժամանակվա ձմեռը… Հանելուկային է։