Lilit Khlgatyan new

Էմոցիոնալ զեղումներ՝ տիեզերքի, երջանկության, սիրո և պատերազմի մասին…

Մի օր, մի սովորական օր, ես արթնացա ու հասկացա, որ ուզում եմ գրկել Երկիր մոլորակը: Ես զգացի այդ գրկախառնության ուժը, իմ թևերի բացվածքը և մեր ձուլումը, ես հասկացա, որ սիրում եմ, անասելի սիրում եմ այս կյանքը: Մի սովորական օր, երբ հերթական անգամ թևերս քամու առաջ բացեցի, սպասումով, որ ինձ վեր կհանի, ես վեր բարձրացա՝ ոտքերս գետնին կպած, բայց բարձրացա: Ինչ-որ պահից հասկացա, որ տիեզերքը ավելի քան ուժեղ է, ու մտքերս սկսեցի տիեզերք ուղարկել, մեկ-մեկ էլ վախենալով, որովհետև հաճախ վատ մտքեր եմ ունենում: Ես հավատում եմ, հավատում եմ, որ ինչքան ես եմ սիրում էս կյանքը, էդքան ինքը ինձ է սիրում:

Հաճախ գլուխս շատ բարձրացրած եմ քայլում, որ աչքիս միայն երկինքը երևա ու քթիս կպնի սառը օդը, հավատացեք՝ դա նման չէ այն օդին, որը դիմացդ նայելով քայլելուց ես շնչում: Երկինքը ֆիլտրում է իմ ներսը, մաքրում է ինձ, օգնում է ու փրկում, ես վստահ եմ:

Մի օր արթնացա ու հասկացա, որ երջանկությունը ունեցածդ ոչինչն էլ սիրելն ու գնահատելն է: Երջանկությունը ուղղակի տեսնելն ու նկատելն է, ոչ թե ունենալը կամ չունենալը: Եվ ես այնքան երջանիկ ու շնորհակալ եմ ամեն ունեցածիս ու չունեցածիս, ամեն դրական ու բացասական զգացածիս համար:

Ու քանի դեռ մայրս անընդհատ կրկնում է, որ շատ բարի եմ, որ պետք է դադարեմ հավատալ, այդքան շատ հավատալ մարդկանց, միևնույն է, ես շարունակում եմ կուրորեն հավատալ:  Եվ կապ չունի, թե ինչի կհավատաք, հավատը ամենակարևոր արժեքն է անկեղծ հարաբերություններ ստեղծելու, մարդկանց և կյանքը սիրելու համար:

Բայց մի օր, ամենատաք աշնանային օրերից մեկի ժամանակ, ես սկսեցի չհավատալ հումանիզմին: Այդ օրը պատերազմ սկսվեց, ես սկսեցի ատել: Այն օրը, երբ հրապարակվեցին առաջին զոհերի անունները, ես սկսեցի ատել: Իսկ այսօր պատերազմից մեկ տարի անց, ես էլի հավատում եմ, որ մեզ փրկվելու համար սեր ու համերաշխություն է պակասում, մեզ պակասում է գիտակցումը, որ երջանկությունը պալատներ ունենալու ու մի ողջ երկրագունդ զավթելու մեջ չէ: Երջանկություն է թեկուզ մի փոքրիկ հողակտորի վրա ամենափոքր, բայց ջերմ տուն ունենալը:

Այսօր, երբ աշխարհը կործանվում է բազմաթիվ չար մարդկանց պատճառով, ես հավատում եմ, որ մի օր մենք կվերագտնենք խաղաղությունը, երբ միմյանց մասին հոգ տանենք ու հասկանանք, թե ինչքան քիչ բան է պետք երջանիկ լինելու համար:

Միայն թե իրար չսպանենք…