annamusayelyan

էն ժպիտը, էն իսկականը

Էն ժպիտը,

որ լուսավորում է,

որի համար ասված

«արևից էլ պայծառ»-ը

չափազանցություն չէ,

ու ոչ էլ անգիր արված…

 

Էն ժպիտը,

որը ձևական ու արհեստական չէ,

նկարվելիս գծվող չէ,

այլ էն, որ կար մինչև նկարվելը,

որին նկարվելը չի հետաքրքիր,

այլ իր լինելու պատճառը։

 

էն ժպիտը,

որ արցունքների

միջից շողալով՝

հույս ու լույս է բերում,

բայց ոչ թե

էն, որը

արցունքները թաքցնելու

անտեղի միջոց է։

 

Ժպիտը,

որ ժպտացնում է,

հայտնվում է հանկարծակի,

առանց ջանքերի,

հայացքների բախման պահին։

 

Էն ժպիտը,

որ առաջանում է

սպասված նամակը

անսպասելի պահին ստանալիս,

սպասված մարդուց,

կամ էլ անսպասելի նամակը,

կարևորը՝ սպասված մարդուց,

թեկուզ ոչ նամակը,

բայց, կարևորը՝ սպասված մարդը կա…

 

էն ժպիտը,

որ չես զգում՝ ոնց

ծնվեց դեմքիդ,

չես հասկանում՝ կա թե չկա,

կար թե չկար,

ու փորձում ես հեռացնել,

բայց չի ստացվում,

մեկ-մեկ էլ չուզելով ես փորձում։

 

Էն ժպիտը,

որը մի կերպ շրթունքներումդ

սեղմում ես,

բայց կրկնակի, քառակի չափ

ավելի պայծառ է շողում աչքերումդ։

 

էն ժպիտը,

որը դիմակներ է քանդում,

ու դիմակ չի դառնում։

 

էն ժպիտը,

որի արմատները ներսից են,

ոչ թե քոչվոր, կամ

քամուց փշրվող է։

 

էն ժպիտը,

որը հաղթանակի պահին

հրաբխի լավայի նման

ժայթքում է դեմքիդ ու դեմքիցդ՝

աջ ու ձախ ժպիտներ փռելով.

պատերին ու դեմքերին,

ու ոչ էն

գծված-չափված,

սանտիմետրերով դեմքիդ

համապատասխանացրած՝

հատուկ կամ նեղ օրվա համար։

 

էն ժպիտը,

որ անկեղծ է,

ժպիտ տվող,

ու ոչ էն, որ

վրեժի ու ինչ-որ բան,

ինչ-որ ոչինչ

ապացուցելու համար է։

Էն ժպիտը,

որ ժպտում է

ամբողջ մարմնով,

ներսով-դրսով,

ու ոչ էն,

որը շրթունքները

դեպի աջ-ձախ, վերև-ներքև սեղմելն է։

Էդ ժպիտը իսկականն է,

ժպտեցնողն է,

չպղծվածն է,

արև-ժպիտ է,

ուժ ու լույս տվող,

ավելին է, քան ժպիտ,

հոգեվիճակ է,

ներսի արտացոլանք է,

էդ ժպիտը

ցանկալին է,

երանելին,

միակը…

Էդ ժպիտը

բառերով չնկարագրվողն է։