mariam tonoyan

Էրիխ Ֆրիդ․ Բանաստեղծություններ

Այդժամ

Երբ քո երջանկությունը
երջանկություն չէ այլևս,
այդժամ կարող է քո ուրախությունը
դեռևս ուրախություն լինել,
և քո կարոտը՝
դեռևս քո իրական կարոտը։
Անգամ քո սերը կարող է դեռևս սեր լինել,
դեռևս գրեթե երջանիկ սեր,
և քո ըմբռնումը կարող է աճել։
Բայց այդժամ անգամ քո տխրությունը
կցանկանա տխուր լինել,
և քո մտքերը ավելի ու ավելի
քո՛ մտքերը կդառնան։
Դու այդժամ կրկին դու կլինես
և գրեթե չափազանց մոտ ինքդ քեզ։
Քո արժանապատվությունը
քո արժանապատվությունն է,
միայն թե… երջանկությունդ
երջանկություն չէ այլևս։
***
Ինչ որ է 
-Դա անմտություն է,- ասում է Բանականությունը։
-Այն է, ինչ որ է,- ասում է Սերը։
-Դա դժբախտություն է,- ասում է Կշռադատությունը։
-Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ ցավ,- ասում է Վախը։
-Դա անհույս է,- ասում է Ըմբռնումը։
-Այն է, ինչ որ է,- ասում է Սերը։
-Դա ծիծաղելի է,- ասում է Հպարտությունը։
-Թեթևամտություն է,- ասում է Զգուշությունը։
-Դա անհնարին է,- ասում է Փորձառությունը։
-Այն է, ինչ որ է,- ասում է Սերը։
***
Միայն  թե
Կյանքը, գուցե, ավելի պարզ լիներ,
եթե ես երբեք քեզ հանդիպած չլինեի.
ավելի քիչ վիշտ՝
ամեն անգամ մեր բաժանումից,
ավելի քիչ վախ՝
հաջորդ և դրան հաջորդող բաժանումներից առաջ,
և նաև ոչ այդքան շատ՝
անզոր կարոտից,
երբ դու այստեղ չես,
և այն (կարոտը) միայն անհնարինն է ցանկանում
այն էլ իսկույն՝
հաջորդ ակնթարթին
և դրանից հետո։
Ու քանի որ դա չի կարող պատահել՝
ցավալի է
Ու շնչելը՝ դժվարացած։
Կյանքը, միգուցե, ավելի պարզ լիներ,
եթե ես երբեք քեզ հանդիպած չլինեի,
միայն թե դա ի՛մ կյանքը չէր լինի։
***
Քեզ
 
Քեզ թողնել,
որ դու դու լինես,
լիովին դու։
Տեսնել,
որ դու միայն դու ես,
երբ դու այն ամենն ես,
ինչ որ կաս՝
քնքշությունը և վայրին.
այն ինչ պոկվել,
այն ինչ գգվել է ուզում։
Ով միայն կեսդ է սիրում,
նա քեզ ոչ թե կիսով չափ է սիրում,
այլ բոլորովին չի սիրում։
Նա ցանկանում է քեզ վերաձևել,
անդամահատել,
աղավաղել…
Քեզ թողնել,
որ դու դու լինես։
Արդյոք այդ ծանր է, թե թեթև,
չի որոշվում նրանով,
թե որքան են դիտավորությունն ու դատողությունը,
այլ նրանով, թե որքան է սերը
և թե որքան է անկեղծ կարոտը ամենի հանդեպ,
ամենի հանդեպ, ինչը «Դու» է՝
տաքության ու սառնության,
բարության ու համառության,
կամքի ու դժկամության,
քո յուրաքանչյուր դիմաշարժի,
քո յուրաքանչյուր անհնազանդության,
անկայունության,
հարատևության հանդեպ…
Ապա, հավանաբար,
բնավ էլ դժվար չի լինի
ինքդ քեզ թույլ տալ՝
լինել Դու։
***
Մինչ կմեռնեմ
 
Եվս մեկ անգամ խոսել կյանքի ջերմությունից,
որպեսզի ևս մի քանիսն իմանան.
ջերմ չէ,
բայց կարող էր ջերմ լինել։
Մինչ կմեռնեմ,
ևս մեկ անգամ խոսել սիրո մասին,
որպեսզի ևս մի քանիսն ասեն.
դա եղել է,
դա պետք է լինի։
Եվս մեկ անգամ խոսել
երջանկության համար փայփայած հույսի
երջանկության մասին,
որպեսզի ևս մի քանիսը հարցնեն.
-Ի՞նչ էր դա,
ե՞րբ կվերադառնա։
***
Դու
 
Որտեղ ազատություն չկա,
դու ես ազատությունը,
Որտեղ արժանապատվություն չկա,
դու ես արժանապատվությունը,
Որտեղ ջերմություն չկա,
չկա մտերմություն մարդուց մարդը,
դու ես մտերմությունն ու ջերմությունը,
Սիրտը անսիրտ աշխարհի։
Քո շուրթերը և քո լեզուն
հարցերն են ու պատասխանը
Քո ձեռքերի մեջ, քո գրկում
ինչ որ բան կա.
ինչ-որ հանգստություն։
Եվ ցանկացած ստիպված բաժանում քեզնից,
ավարտվում է վերադարձով դեպի քեզ։
Դու ապագայի սկիզբն ես,
Սիրտն ես անսիրտ աշխարհի։
Դու ո՛չ հավատալիք ես,
ո՛չ փիլիսոփայություն,
ո՛չ կանոն, ո՛չ սեփականություն,
որից կառչում են,
Դու կենդանի մարդ ես,
Կին ես,
որ կարող է սխալվել, և կասկածել, և բարիանալ…
Դու սիրտն ես անսիրտ աշխարհի։
 ***
Նատուրալիզացիա
 
Սպիտակ ձեռքեր
Կարմիր մազեր
Կապույտ աչքեր
Սպիտակ քարեր
Կարմիր արյուն
Կապույտ շուրթեր
Սպիտակ ոսկորներ
Կարմիր ավազ
Կապույտ երկինք
 ***
Գիշերերգ
 
Քեզ ծածկեմ, ոչ թե համբույրներով,
այլ միայն ընդամենը քո ծածկոցով
(որ ցած է սահել ուսերիդ վրայից),
որ դու քնիդ մեջ չմրսես։
Ավելի ուշ,
երբ արթնացած կլինես,
բացեմ պատուհանները և քեզ գրկեմ,
քեզ ծածկեմ համբույրներով,
քեզ բացահայտեմ։
 ***
Բայց
 
Սկզբում ես սիրահարվեցի
հուրհրանքին քո աչքերի,
քո ծիծաղին,
քո բերկրանքին՝ կյանքին տածած։
Հիմա ես սիրում եմ նաև արցունքներդ,
և քո վախը կյանքի հանդեպ
ու աչքերդ անօգնական։
Բայց ուզում եմ
օգնել ես քեզ ընդդեմ վախի,
որովհետև
Իմ բերկրանքը կյանքի հանդեպ
Դեռ հուրհրանքն է քո աչքերի։
 ***
Իշխողներին
 
Այրվե՞լ են երբևէ ձեր սիրտն ու աչքերը։
Տասից ավելի արդարություն չկա՞ աշխարհում։
Դուք գազանային չէիք, քանի որ այդպես չի սպանվում և ոչ մի կենդանի։
Ձեր ոչ մի զոհը այնքան մեռած չէ, որքան դուք։
***
Անկատակ
 
Երիտասարդները
որպես կատակ
քարեր են նետում
գորտերի վրա։
Գորտերը մեռնում են
ամենայն լրջությամբ։
***
Պատասխան
 
Մեկը ասաց քարերին.
-Մարդանման եղեք։
Քարերն ասացին.
-Մենք դեռ բավական կարծր չենք։
***
Թշնամիները
 
Նրանք արդեն իսկ կյանքից պատռված,
դեռ մտահոգ են, որ չեն իմանա
պատասխանները չհարցված հարցերի։
Եվ իրենց կյանքի մնացած մասը
վատնում են իրենց չապրած կյանքի գովերգի վրա։
Եվ, հավանաբար, անգամ պատրաստ են
իրենց կյանքը տալ գեթ նրա համար,
որ ստիպված չլինեն տեսնել՝
ինչու և ինչի համար են ապրում։
Եվ նրանք անգամ վաղվա հույս ունեն,
առանց այսօրվա ու երեկվա մասին իմացության։
Նրանք բաց են բոլոր ստերի ու խաբկանքների համար,
նրանք իմ եղբայրներն ու քույրերն են։
***
Ի վերջո
 
Երեխա ժամանակ ես մտածում էի,
որ յուրաքանչյուր թիթեռ՝
իմ կողմից փրկված,
յուրաքանչյուր սարդ ու խխունջ,
յուրաքանչյուր մժեղ, ականջմտուկ,
յուրաքանչյուր անձրևաորդ
կգա ու լաց կլինի շիրիմիս վրա,
երբ գերեզման կմտնեմ։
Ասես մի անգամ փրկվածներն էլ չէին կարող մեռնել
և բոլոր-բոլորը կգային իմ գերեզմանին։
Մեծ տարիքում ես հասկացա,
որ դա անմտություն է։
Նրանցից ոչ մեկը չի գա,
 չէ՞ որ չի ապրի մինչ այդ պահը։
Իսկ հիմա, ծերության մեջ
ես հարցնում եմ.
եթե ես կրկին ու կրկին նրանց փրկեմ,
նրանցից երկուսը կամ երեքը ի վերջո կգա՞ն։
***
Definition
Այն շունը,
որ մեռնում է
ու գիտի,
որ մեռնում է շան պես
և որը կարող է ասել,
թե գիտի,
որ շան պես է մեռնում՝
մարդ է։
***
Որտե՞ղ ենք սովորում
 
Որտե՞ղ ենք ապրել սովորում,
և որտե՞ղ ենք սովորում սովորել,
և որտե՞ղ մոռանում
սովորածը ապրելու մասին։
Որտե՞ղ ենք սովորում
բավական խելացի լինել
հարցերից խուսափելու համար,
որոնք մեր սերը շահավետ չեն դարձնում
և որտե՞ղ ենք սովորում
բավական ազնիվ լինել
հանուն մեր սիրո՝
հարցերից չխուսափելու համար։
Որտե՞ղ ենք սովորում
ընդդիմանալ իրականությանը,
որն ուզում է մոլորեցնել մեզ մեր ազատությունից
և որտե՞ղ ենք սովորում երազել
ու արթուն մնալ մեր երազների համար,

որպեսզի դրանցից որոշները իրականություն դառնան։

Թարգմանությունը գերմաներենից՝ Մարիամ Տոնոյանի