amalya harutyunyan

Ընկերանալու արվեստից ու մի քիչ էլ հեռախոսից

-Թե ի՞նչ ես կորցրել էդ հեռախոսի մեջ, ամբողջ օրը ձեռքիդ ա,- բարկացած ասած մայրս,- մեկ ժպտում ես, հետո տխրում, հետո մի լավ ծիծաղում ու էլի մռայլվում, սաղ էդ հեռախոսն ա:

2 րոպե հեռախոսը ձեռքիցս ցած դնելուց հետո այն նորից իմ ձեռքում էր:
Ախր, Լիլիթն էր գրել, է, ո՞նց չպատասխանեի: Մորս անհանգստությունն էլ եմ հասկանում: Վերջերս ինձ առանց հեռախոս չես տեսնի:
Հիմա անցնեմ արդարանալուն:

Մենք բոլորս կյանքի տարբեր ժամանակահատվածներում ու հանգամանքներում ձեռք ենք բերում ընկերներ, ու նույն ժամանակում ու հանգամանքներում էլ կորցնում ենք նրանց: Դե, սխալ կլինի, եթե ասեմ, որ բոլորը, ում հանդիպում եմ, ինձ ընկեր են դառնում, բայց ես շատերին եմ սխալմամբ այդ անվանումը տալիս: Երբ ինչ-որ մեկը այցելում է մեր կյանք, մենք միանգամից տեղ ենք հատկացնում, դե, նույնիսկ հյուրասիրում ենք մեր բարությունը ու մատուցում մեր անկեղծությունը: Երբեմն էլ սխալվում ենք, որովհետև մեր հյուրը չափից շատ շուտ է հեռանում:
Դե, ինչպես երթուղայինը: Դու նստում ես, ու ավտոբուս են բարձրանում մի խումբ մարդիկ, ու մի խումբ մարդ էլ իջնում է ավտոբուսից: Ու ամեն մեկը ինչ-որ բան թողնում է իրենից, մեկը՝ նուրբ օծանելիքի հոտը, մյուսը՝ դժգոհ դեմքը, այն մեկը՝ գեղեցիկ հագուստը:
Մարդիկ կան, որ երկար ճանապարհ են գնում քեզ հետ, ու հետո տպավորությունն ավելի խորն է լինում, կան մարդիկ, ում հետ անցած ճանապարհը քիչ է, բայց դու մեկ է՝ հիշում ես նրանց, դե, որովհետև մարդը իրենից հետո ինչքան էլ փորձի տանել ամեն ինչ, կա մի բան, որ միշտ մոռանում է իր նստարանին ու գնում. հիշողությունները:

Մարդիկ էլ կան, բարձրանում են կյանքիդ ավտոբուսը, նստում կողքիդ ու մի քանի ժամում դառնում շատ ավելի կարևոր, քան հասարակ անցորդը:
Ու գնալով առաջ՝ դու հասկանում ես, որ իրականում ժամանակը անհեթեթ բան է, ու այն, որ իրական ընկերները պետք է հին ընկերներ լինեն, միֆեր են. դու կարող ես տարիներով ճանաչել մարդուն ու մի օր բացահայտել, որ նա ամենևին էլ քոնը չէ, ու դու կարող ես պատահմամբ գտնել մեկին ու հասկանալ, որ երազած ընկերությունդ իրականություն է դառնում:
Վերջերս ավտոբուսիս ուղևորները շատանում են, նոր ծանոթությունները գլուխ են բարձրացրել:
Ու գիտեք՝ ես էնպիսիներին եմ գտնում, առանց ում չեմ պատկերացնում հետագա ճանապարհը:
Մարդիկ կան, ում ճանաչում եմ մի քանի ամիս, նույնիսկ կան էնպիսիները, որ ընդամենը օրերի քանակը դեռ կարելի է հաշվել, բայց մեր կապն այնքան ամուր է՝ ասես տարիների լինի:
Ընկերներիս մի մասի հայտնվելու «մեղավորը» 17-ն է: Այնքան մարդու կապեց իրար, դե արի ու դիմացիր հեռավորությանն ու կարոտին:
Ու այստեղ է հայտնվում միակ միջոցը՝ հեռախոսը, որի միջոցով համարյա ամեն օր զրուցում եմ հեռվում գտնվող ընկերներիս հետ ու փորձում եմ հաղթահարել կարոտս:
Ես միշտ մտածել եմ, որ այն հողակտորը, որի վրա մենք ապրում ենք, շատ փոքր է: Իսկ հիմա, զգալով հեռավորությունը, ես հասկանում եմ, թե ինչ մեծ է Հայաստանը, ու ինչ կարևոր է ճանաչելը ամեն մի մարզ, չէ՞ որ ամենաթանկ ընկերներդ հենց մարզերից են:
Նորից հեռախոսը վերցնում եմ ձեռքս: Դե, ախր, Եղվարդից Էլիզն էր գրել, Լիճքից՝ Լիլիթը, Վերին Արտաշատից՝ Արաքսը, Բագրատաշենից՝ Տաթևը, Հրազդանից՝ Սեդան, Մալիշկայից՝ Սոնան:
Դե, էլ չասեմ, որ որքշոփի չաթը հանգիստ չի տալիս, էնտեղ ավտոբուսիս նորեկներն են, բայց ամենակարևորներից են:
Նորից լսվեց մորս ձայնը.
-Թե ի՞նչ ես կորցրել էդ հեռախոսում:
-Մամ, չես հավատա, բայց չեմ կորցրել, այլ գտել եմ. իմ ամենամոտ ու թանկ մարդկանց եմ գտել:
Սաղ էդ հեռախոսն ա: