Թամարայի աշխարհը

Թամարա Սարգսյանը 17 տարեկան է, ապրում է Մառնեուլի շրջանի Դամիա գյուղում: Սովորում է գյուղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում:

Թամարան բազմակողմանի զարգացած է, զբաղվում է նկարչությամբ և բանաստեղծություններ գրելով: Նրա խոսքով առանց այս երկուսի, իրեն չի պատկերացնում:

-Քանի՞ տարեկանից ես նկարչությամբ զբաղվում։

-Նկարել սկսել եմ փոքր տարիքից, դպրոցական ալբոմներս լի էին բնապատկերներով և դիմանկարներով։ Նկարչական կրթություն չունեմ, ծանոթ եմ այնքանով, ինչքան սովորել եմ դպրոցում։

-Ո՞րն է քո սիրելի նկարը, պատմիր մի փոքր դրա մասին։

-Սիրում եմ իմ նկարած յուրաքանչյուր նկար, չնայած ամենից հոգեհարազատը Թբիլիսիի նկարն է, երևի նրա համար, որ ինքս էլ անչափ սիրում եմ Թբիլիսին։

-Ե՞րբ ես սկսել գրել:

-Գրել սկսել եմ 13 տարեկանից, առաջին բանաստեղծությունս որբացած եղնիկի մասին է, որը բացի իմ ընտանիքի անդամներից, ուրիշ ոչ ոք չի կարդացել։

Ես ունեմ գրելու իմ աշխարհը, գրում եմ կյանքի, մարդկանց վերաբերյալ իմ պատկերացումները, փորձում եմ գրելու միջոցով արտահայտել իմ կարծիքը և տեսակետը։ Կարծես թե ես այսպես եմ փորձում ասելիքս հայտնել աշխարհին։

-Ազատ ժամանակ բացի նկարելը և բանաստեղծություններ գրելը, ինչո՞վ ես սիրում զբաղվել։

-Սիրում եմ գրքեր կարդալ, ժամանակ անցկացնել մտերիմների հետ և ձեռք բերել նոր ծանոթություններ։

-Ո՞վ կամ ի՞նչն է քո մոտիվացիայի աղբյուրը:

-Բոլոր այն մարդիկ, որոնք հավատում և վստահում են իմ ուժերին, հանդիսանում են իմ մոտիվացիայի անսպառ աղբյուրները։

-Նկարե՞լ, թե՞ գրել, ո՞րն ես համարում քեզ համար ապագա մասնագիտություն:

-Հավանաբար  ամբողջ կյանքում ես կնկարեմ և կգրեմ, հնարավորության դեպքում երկուսն էլ կկազմեն իմ ապագայի մի մասը։

 -Ապագայում ի՞նչ ես ուզում դառնալ:

-Ցանկացած մասնագիտության մեջ ինձ համար կարևոր է, որպեսզի դառնամ լավ մասնագետ, կարողանամ ունեցածս գիտելիքը փոխանցել առավելագույն չափով, անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն կունենամ։