marine yeremyan- aragacotn

Թանկացել է ժամանակս, կներես ինձ, իմ անդավաճան ընկեր

Կյանքիս ռիթմն անսպասելի արագացավ: Ես վաղուց արդեն մի քանի կաթիլով կորցրել եմ ժամանակի զգացողությունս: Նա վազում է, կորչում կյանքիս ու հիշողությանս անկյուններում: Երևի թե ամեն բան էլ վայրկյանում է ծնվում, ու մենք հասցնում ենք միայն մի անկնթարթ բարևել:

Ինձ համար ակնթարթ էր նաև աշնան գալը, որ այս տարի ավելի քան դեղնոտ է: Երբևէ տարվա եղանակների փոփոխությունը չեմ տեսել միայն աչքերով, այլ նաև զգացել եմ: Զգացել եմ այն քաղցր հիշողություններով, որոնք ժամանակին լցրել են իմ կյանքի եղանակները: Ահա ես գյուղից քաղաք եմ գալիս ու ճանապարհին միայն զգում՝ աշուն է՝ չկրկնվող ու արտառոց:

Պատուհանի ապակուց այն կողմ հայացքս ագահաբար սևեռում եմ դեղին-դեղին ծիրանենիներին: Ու ասֆալտի հոծ գծի վազքին համընթաց մտաբերում եմ աշնան համն ու գույները, նրա պարգևած հիշողությունները: Զգում եմ այն տաքդեղի վերջին հատիկի համը, որը հայրս է ամեն տարի աճեցնում, խակ լոլիկի տեսքը, որ գազարի հետ կդառնա մորս դրած թթվի ամենահամեղ մասը, կիսահաս վերջին լոլիկի համը, որը ես այնքան քնքուշ եմ պոկում գետնին հավասարված ճյուղից: Ես հիշում եմ մեր այգու խաղողը, որ առավոտյան իմ նախաճաշն էր, երբ դեռ ուսանող չէի ու գյուղում էի ապրում: Այն այնքան համեղ էր տերևների տակ թաքնված ընկույզի հետ: Երբ հայրս հորթին արդեն սկսում է կապել տանձենու տակ ու խնամքով նրան ջուր է տալիս ամեն առավոտ էմալապատ, կանաչ դույլով, ես զգում եմ, որ աշուն է: Երբ մեր պատշգամբը մերկանում է վարդերի ու հասմիկի թփերի խիտ տերևներից, ուրեմն աշուն է: Ու ես երկար կհիշեմ լիառատ իմ աշունները: Կհիշեմ ու կզգամ: Մինչդեռ երթուղայինը քաղաք կհասնի, ու ես կշտապեմ իջնել: Վաղը՝ առավոտյան, երբ շուտ արթնանամ ու սովորություն դարձրած դառը սուրճը ձեռքիս դուրս չգամ, չնստեմ աստիճաններին՝ այն վայելելու, կզգամ՝ աշուն է, գետինը սառն է, կմրսեմ:

Իրապես ժամանակը թռչում է: Մենք նրա միայն աջակողմյան ստվերն ենք հասցնում տեսնել: Աշունը, որքան էլ պարզ թվա, ինձ համար նաև հոգևոր հաշվարկների եղանակ է դարձել: Կամաց-կամաց ես կսկսեմ շուտով հաշվել. կզարմանամ, վստահ եմ, կտխրեմ նույնպես, կհպարտանամ, կպլանավորեմ ու վերջում էլ մի խորը հոգոց՝ մի ժամանակ եղած ու հանկարծակի անհետացած թանկ ու էժան հիշողությունների համար:

Ես կհաշվեմ ու եղածը մի քանի տակ ծալելով՝ կտեղավորեմ հոգուս մեջ. մեղքս չթաքցնեմ՝ սրտումս այդքան տեղ չկա, հոգուս ծավալն ավելի մեծ է. թող այնտեղ մնա:

Ու հենց ակնթարթի մեջ աննկատ դեղին տերևը պոկվում է հանկարծ, հանդարտ իջնում իր մյուս քույրերի ու եղբայրների մոտ: Քանի-քանի ակնթարթներ են մեր կյանքից պոկվում ու վար իջնում՝ մինչդեռ մենք չենք հասցնում նկատել, թե ինչպես է ծառը մերկանում:

Իմ նարնջագույն մայրամուտներով, երևանյան լուսավոր ու խայտաբղետ փողոցներով, կանաչ մանդարինով ու տաք թեյով աշունը ահա ամեն ակնթարթ սահում է դեպի հավերժություն: Իսկ ես վաղ առավոտյան շտապում եմ աշխատանքի՝ աշնանային վերարկուս հագիս: Ճանապարհին մի սիրուն տերև հենց գտնեմ, շտապով կվերցնեմ ու շատ տաքուկ կպահեմ իմ օրագրում, որը վաղուց նեղացած է ինձնից, քանի որ ժամանակ չեմ նվիրում: Թանկացել է ժամանակս, կներես ինձ, իմ անդավաճան ընկեր:

Մենք շտապում ենք. շտապում ենք չընկնել փողոցի մի անկյունի փոսի մեջ հավաքված աշնանաշատ ջրի մեջ…