Mari Baghdasaryan malishka

Միակ մնայունը

Ամեն ինչ անցողիկ է, հոգնեցուցիչ, միգուցե ձանձրալի, բացի մի բանից…

Մասնագիտություն ընտրելիս պետք է ընտրես այնպիսի մասնագիտություն, որ հետո փոշմանելու առիթ չունենաս: Որ ոչ սովորելու ընթացքում հոգնես դասախոսություններ լսելուց ու կուրսայիններ գրելուց, ոչ էլ հետո հոգնես մի քանի ժամ ավել աշխատելուց: Այլ ընտրես այն մասնագիտությունը, որը սովորելիս քեզ չեն հոգնեցնի երկար դասերը, մի քանի հատոր ունեցող մասնագիտական գրքերը, ու դու հանկարծ չես քնի ինչ-որ առարկայի ժամին…

Լինելով լրագրող, հնարավոր է մի օր հոգնես նյութեր գրելուց, հարցազրույցներ ունենալուց, անվերջ թղթեր թանաքոտելուց, ձայնագրիչը ձեռքիդ այս ու այն կողմ վազվզելուց:

Միգուցե ուսուցիչ դառնաս, և մի քանի տարի աշխատելուց հետո մի օր զգաս, որ քեզ հոգնեցրել է նույն ճանապարհով ամեն օր դպրոց գնալը, նույն դասը մի քանի անգամ տարբեր աշակերտներից լսելը կամ ամեն անգամ դաս հանձնարարելը, մատյան լրացնել, ինչ-որ մեկին ցածր կամ բարձր գնահատելը:

Հնարավոր է՝ որոշես ու դերասան դառնաս և հանկարծակի հասկանաս, որ ձանձրացնում են քեզ բոլոր այն դերերը, որոնք ինքդ ես կերտում: Եվ գիտակցես, որ էլ չես ուզում քեզ համար գրված սցենարը անգիր սովորել ու տեսախցիկի առաջ քեզ պահել այնպիսին, ինչպիսին իրականում չես:

Կամ եթե մտքիդ դնես, որ պետք է լուսանկարիչ դառնաս, գնես պրոֆեսիոնալ լուսանկարչական ապարատ ու սկսես նկարել՝ սկզբում բնություն, հետո մարդկանց: Ու նկարները ուշադիր նայելուց նկատես ինչ-որ բացթողում, գուցե դա լինի գունային գամայի պակասությունը, գուցե մի ուրիշ բան:

Գուցե դառնաս գրող, սկսես գրել և մի օր գիրք հրատարակես: Շատերը ճանաչեն քեզ որպես գրող, ուրիշների մոտ ասեն, որ գրող ծանոթ ունեն ու քո անունը տան՝ ցույց տալով քո առաջին գիրքը, որի վրա ստորագրությունդ է: Բայց մի օր գուցե դա էլ սկսի քեզ ձանձրացնել այնչափ, որ ցանկանաս կողքիդ տեսնել ընկերների, որոնց չի հետաքրքրում քո հայտնի լինել-չլինելը:

Հնարավոր է սկսես նվագել, դե, ընտրես դաշնամուրը կամ կիթառը: Անվերջ նոտաներ գրես, լսես Մոցարտի երաժշտությունը: Բայց անկեղծ ասա, մի՞թե քեզ չեն ձանձրացնի դաշնամուրի սև ու սպիտակ ստեղները: Կիթառի մասին լավ է չխոսեմ, ես ինքս էլ սիրում եմ նվագել…

Կամ մի օր վերցնես վրձինը ձեռքդ ու սկսես նկարել հարազատ, ծանոթ մեկին: Ու ձեռքի թեթևակի շարժումով թափես բոլոր ներկերը ու չկարողանաս ավարտել նկարը: Կամ նկարես, բայց ոչ լիարժեք, չկարողանաս նկարել քո այդ ծանոթի աչքերը լոկ այն պատճառով, որ ուշադիր չես նայել նրա աչքերին ու չես մտաբերում նրա աչքերի գույնը: Սխալվես ու կանաչ գույնով նկարես աչքերը, այդպես էլ չհիշելով, որ նա՝ դե քո այդ ծանոթը, շագանակագույն աչքեր ունի:

Իսկ դու, այո՛, հենց դու, որ դեռ չես որոշել, թե ինչ պետք է դառնաս, որ մնացել ես մասնագիտություններ կոչվող սարերի արանքում, պարզապես ընտրիր այն, ինչը քեզ հոգեհարազատ է: Մասնագիտությունները շատ են, ընտրությունդ կարող է մեկը լինել: Դե, նախասիրությունների մասին էլ չասեմ, անթիվ ու անհամար են, և կարող ես ունենալ հազարավոր նախասիրություններ, կարող ես ուզածդ պահին զբաղվել նրանով, ինչով կուզես:
Եվ հնարավոր է՝ նպատակիդ հասնելու ճանապարհին հանդիպեն խոչընդոտներ, ու քննադատներ: Գիտե՞ս, քննադատում են նրանք, ովքեր չեն կարողանում հասնել իրենց նպատակներին, նրանք, ովքեր չունեն անկեղծ ընկերներ: Իսկ դու տարբերվում ես, գուցե հենց նրա համար, որ կողքիդ կան մարդիկ, ովքեր անկախ քո վերելքներից ու վայրէջքներից, շարունակում են կողքիդ մնալ…
Հիշիր, ամեն ինչ կարող է մի օր ձանձրացնել, բացի ընկերներից:
Միակ մնայունը ընկերությունն է…