Թբիլիսյան օրագիր. օր 5

IMG_4637-2Այսօր ի՞նչ օր էր։ Այո՜, այսօր փառատոնի փակման արարողությունն էր։ Չգիտեմ՝ ինչպես սկսել, որ լիարժեք պատկերացում կազմեք մեր զգացածի ու տեսածի մասին, ինչ էլ գրեմ, ինչպես էլ պատմեմ, ոգևորությանս աստիճանը պլյուս անսահմանություն է։ IMG_4639-3Լավ, սկսեմ սկզբից։ Արդեն պատմել եմ, որ երեկ երիտասարդական ժյուրիի քննարկումը տեղի ունեցավ, ու ես շատ տխուր էի , անգամ հիասթափված, քանի որ մեր ֆիլմերի անունն անգամ չշոշափվեց։ Ի՞նչ կանեիք, եթե դուք լինեիք իմ փոխարեն։ Ես սկսեցի նվնվալ, անգամ հուզվել էի, իսկ Լիլիթը մխիթարանքի խոսքեր էր ասում, դե, բայց ես հասկանում էի, որ ուղղակի ամոթ կլիներ առանց մրցանակի վերադառնալ։IMG_4680-3 Մի խոսքով, ասենք, հիասթափված եկանք: Լավ, ի՞նչ ասեմ, ո՞նց բացատրեմ մեր դատարկաձեռն վերադառնալը։ Ու նույն մտքերով այսօր ընդհանրապես տրամադրություն չունեի ներկայանալու փառատոնի փակման արարողությանը: Դե, էլ ի՞նչ: Ամոթ էլ էր գնայինք. բոլորը մրցանակներով, մենք՝ առանց մրցանակ։

Բայց դե գնացինք: Դե, հա, մի տեսակ տոնական էր ամեն ինչ, բայց ինձ համար միևնույնն էր, ես պատրաստվում էի անգամ քնել։ Բայց քանի որ պիտի լուսանկարեի, ինձ ստիպեցի մի կերպ նստել։ Սկսվեց մրցանակների հանձման արարողությունը։ Մի քանի խումբ ստացել էր արդեն մրցանակներ, իսկ ես նկարում էի իրենց։ Մեկ էլ թմբուկների էն տանջող ձայնը էլի սկսվեց, ու բարձր լսվեց «Manana Youth Center» ։ Ի՞նչ, ես ճի՞շտ լսեցի։ Ու խառնված վիճակում չհասկացա իրերս որտեղ թողեցի, ոնց դուրս եկա շարքից, մեկ էլ տեսա բեմի վրա եմ, ու ինձ գրկում են, մրցանակ են տալիս…IMG_4767Չեմ հավատում, մի րոպե, հասկանամ՝ ինչ է կատարվում։ Մեզ «Խայաբղետ աշխարհ» ֆիլմի համար շնորհեցին լավագույն երաժշտական ձևավորում մրցանակը։ Յուհո՜ւ… Մենք արեցինք դա, այո՜, մենք ունենք մրցանակ։ Նստեցինք, և ուրախությունից չգիտեի՝ ինչ անել։

IMG_4776Էլի սկսեցի նկարել ու նկարում էի մրցանակ հանձնող խմբին, երբ նորից թմբուկներ, ու էլի մեր անունը։ Այս անգամ մի այլ աստիճանի էր ուրախությունս, շփոթվել էի: Հարցնում եմ՝ Լիլ, ես էլ գա՞մ: Լիլիթի հստակ պատասխանից հետո նոր հասկացա, որ ոչ թե սա իմ երևակայության արդյունքն է, այլ իրոք, մենք երկրորդ անգամ ենք մրցանակ ստանում։ Այս անգամ «Մի սիրո պատմություն» ֆիլմը ճանաչվել էր լավագույն վավերագրական ֆիլմ։ Օ՜, այո մեր ներկայացրած երկու ֆիլմն էլ մրցանակ ունեն, որի մասին անգամ չէի էլ կարող պատկերացնել։ Մասնակիցները գալիս էին, շնորհավորում էին, մենք հուզված էինք, իրոք։ Այդքան երկրներից համարյա հարյուր ֆիլմերի միջից մենք ստանում ենք երկու «լավագույնը» անվանակարգերի մրցանակները… Կարո՞ղ եք պատկերացնել…IMG_4756Փառատոնի փակման արարողությունից հետո երեքով որոշեցինք մեր ձեռքբերումները նշել։ Գնեցինք մեր սիրած քաղցրավենիքները ու բարձրացանք հյուրանոց։ Առաջինը խոսեցինք տիկին Ռուզանի հետ, պատմեցինք, միասին ուրախացանք ու սկսեցինք հպարտանալ մեր կատարած աշխատանքով։ Տիկին Ռուզանն էլ կատակեց ու ասաց, որ մեզ արդեն նոր պահարան է անհրաժեշտ մրցանակների համար։ Մրցանակների պահարանի մեջ այլևս տեղ չկա:

Այս հաղթանակը բոլորինս է,  «Մանանա» կենտրոնի բոլոր աշխատակիցներինը, անդամներինը, կամավորներինը, բարեկամներինն ու աջակիցներինը, բոլոր նրանցը, ովքեր միշտ մեր կողքին են, քաջալերում են, ուրախանում, օգնում, ովքեր ամենահեռավոր գյուղերից գրում են մեզ իրենց առաջին հոդվածները, որոնք դառնում են հետո նաև ֆիլմեր, բոլոր նրանցը, ովքեր իրոք, աշխատում են ավելի ու ավելի լսելի դարձնել մեր ձայնը։

Մենք լավագույն թղթակիցների ցանցն ենք։ Շնորհավորում եմ բոլորիս։ Այսօր հանգիստ սրտով, մրցանակներն ամուր գրկած կվերադառնանք:

Անուշ Հովհաննիսյան 

Դավիթ Ալեքսանյան

Լիլիթ Կարապետյան

Հատուկ 17-ի համար, Թբիլիսիից

«ՄԱՆԱՆԱ» ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ. Մենք էլ ենք միանում թե շնորհավորանքներին, թե շնորհավորանք ստացողներին, և ուզում ենք ավելացնել. «Խայտաբղետ աշխարհ» ֆիլմի սքանչելի երաժշտության համար երախտապարտ ենք մեր նախկին կամավոր Սիմա Քանինգհեմին, ով սիրով հատուկ այս ֆիլմի համար գրեց այս երգը:

Շնորհակալ ենք մեր նախկին սան Անի Աղաբաբյանին՝ հեքիաթային նկարի համար, որի շուրջը հյուսվեց ողջ ֆիլմը, և որն այսօր արդեն «Մանանա» կենտրոնի ջերմ ու խայտաբղետ աշխարհի խորհրդանիշն է: