Թեյը

Նկատե՞լ ես: Երբ անձրև է գալիս, թեյարաններում թեյը դառնում է ավելի անուշաբույր, ավելի համեղ ու ավելի հարազատ: Երբ դրսում անձրև է գալիս, ոչ մի թեյարանում թեյով լեզուդ չես վառի: Ինչի՞ց է այդպես: Դա ինձնից է ու քեզնից, իսկ թեյը պատրաստվում է նույն ձևով: Նույնիսկ ավելի անփույթ, քան սովորաբար: Սալահատակված փողոցների թեյարանները միշտ էլ հազիվ էն հասցնում եփել թեյը անձրևի ժամանակ, ուր մնաց, թե սեր խառնեն թեյին: Փաստորեն, ամեն ինչի մեղավորն այդ քո անիծյալ ներկայությունն է: Այնքան եմ սիրում քո գրողի տարած մեղավոր ներկայությունը:
Արդեն մի քանի տարի է, ինչ սովորության համաձայն, առանց անձրևանոց դուրս եմ գալիս ամենամռայլ եղանակներին ու քայլում:  Իսկ դու վերևից տեսնում ես ու բարկանում, հետո խանդում, հետո սկսում նախանձել, ու այդ ամենն այնքան արագ, ինչքան արագ փոխում էիր պատվիրածդ թեյի տեսակները Տաք ձեռնոցների 5 հասցեի մեր մշտանձրև սրճարանում: Նկատե՞լ ես : Շարունակում եմ անձրևի ժամանակ թեյարան մտնել, պատվիրում եմ նույն թեյը, նստում մինչև թեյը սառչի ու դուրս գալիս:
Առանց քեզ թեյ խմելն անհնար է:
Գրողը տանի: Ինչքան եմ սիրում քո մեղավոր ներկայությունը…