anushik davtyan

Թե ինչեր են տեղ գտնում սենյակիս պատերին

Իմ սենյակի պատերը ոչ միայն բաժանում են իմ սենյակը մյուսներից, այլ նաև ինձ համար ունեն շատ կարևոր նշանակություն: Ես դրանց վրա եմ փակցնում այն ամենը, ինչը միանգամից հիշելը ինձ համար դժվար է, օրինակ` անգլերեն բառեր կամ մաթեմատիկական բանաձևեր:  Ամեն օր, կամա թե ակամա, ես նայում եմ դրանց և որոշ ժամանակ անց յուրացնում եմ: Այնքան հեշտ է սովորել և հիշել ամեն ինչ այս ձևով:

Իմ սենյակի պատին տեղ են գտնում նաև հայտնի մարդկանց հայտնի խոսքերը: Ամեն անգամ այդ խոսքերը կարդալիս ես ոգեշնչվում եմ: Ժամանակի ընթացքում դրանք դառնում են ինձ հարազատ: Խոսքերի մոտ գրում եմ նաև դրանց հեղինակների անունները: Ժամանակի ընթացքում սովորում եմ, թե որ խոսքի հեղինակը ով է: Շատ հաճելի է, երբ դիմացինդ մի հայտնի կամ ոչ այնքան հայտնի խոսք է ասում, իսկ դու գիտես, թե ով է դրա հեղինակը:

Եվ վերջապես, իմ սենյակի պատերը տարբերվում են տան մյուս սենյակների պատերից: Տարիներ առաջ ես և եղբայրս ծնողներիս մի կերպ համոզեցինք, որ սենյակիս պատերին նկարենք նյույորքյան շենքեր, թռչուններ, ամպեր և այլն: Եվ հիմա իմ սենյակ մտնելիս՝ ինձ հեքիաթի մեջ եմ զգում: Միշտ այնքան ուրախ է իմ սենյակում: Այդ գույները և պատկերները երբեք թույլ չեն տալիս, որ ես ունենամ վատ տրամադրություն:

Կարծում եմ՝ կարողացա ցույց տալ սենյակի պատերը ավելի էֆեկտիվ օգտագործելու ձևեր: Դե, հետևեք իմ օրինակին և չեք փոշմանի: