Artyom Avetisyan

Թե ինչպես տատին դարձավ «տյոտյա»

Այո, այո, «տատի», ես հենց այդպես էի դիմում մեր հարևանուհի Սիլվային: Նա մեր ամենալավ ու իմ ամենասիրելի հարևանուհին է: Նրա մեջ ես սիրում եմ իր մեծահոգությունը, հոգատարությունը, սիրում եմ նրա ծիծաղը, սիրում եմ լսել նրա բոլոր պատմությունները, ինչ ժանրի ու ինչ թվականի էլ լինեն, որովհետև նա հոգի է դնում այդ պատմության մեջ ու այնպիսի ոգևորությամբ է ներկայացնում, որ կարծես թե ականատես ես եղել այդ ամենին: Սիրում եմ նայել, թե ինչպես է նա սուրճ խմում, որովհետև այնպես «ջիգյարով» է խմում, որ սուրճ չխմող մարդն էլ այդ պահին կխմի:

8-9 տարի առաջ ես նրան ասում էի տատի Սիլվա, ու նա ուրախություն էր ապրում, ժպտում էր, որ ես իրեն «տատի» էի ասում: Նա ոգևորությամբ էր ընդունում դա, որովհետև ես այն եզակիներից էի, որ նրան այդպես էի դիմում՝ բացառությամբ իր թոռնիկների: Տատի Սիլվան մայրիկիս ամենամոտ հարևանուհին է, կարելի է նրան համարել նաև իմ երկրորդ մայրը, որովհետև նա էլ է ինձ մեծացրել, ինչ-որ տեղ նաև դաստիարակել, ճիշտ ուղի ցույց տվել: Երբ գալիս է ամառը, հատկապես՝ հողամասը ջրելու, մշակելու ժամանակահատվածը, նա և մայրս բահերը դնում են ուսերին ու գնում «Բանդեր» կոչվող հատվածը՝ ջուր բերելու: Վերադառնում են մի-մի փունջ խոտաբույս հավաքած, հոգնած, բայց ժպիտով ու ծիծաղելով: Անգամ իրար պատմում են անցյալ տարիների չարչարանքներն ու ջուր բերելը:

8-9 տարի առաջ էր, երբ պատահաբար լսեցի, թե ինչպես քույրս նրան դիմեց «տյոտյա»-ով, ու այստեղ ամեն ինչ փոխվեց: Այդ պահը դրոշմվեց ուղեղիս, հիշողությանս մեջ: Դրանից հետո, երբ նրան տեսա, ասացի «տոտա» (այս բառն էլ փոփոխության ենթարկվեց) Սիլվա: Նա զարմացավ, կաշկանդվեց, բայց ոչինչ չասաց: Երկրորդ, երրորդ անգամ այդպես անելուց հետո, թե՛ նա, թե՛ ծնողներս ինձ հարցրին, թե ինչու եմ սկսել նրան այդպես դիմել: Ամեն ինչ ասացի, ու նրանք հասկացան, որ քույրս է դրա «մեղավորը»: Ոչինչ չփոխվեց, ամեն ինչ մնաց նույնը, միայն փոխվեց իմ ներաշխարհը: Այլևս չէի կարողանում նրան հին ձևով՝ «տատի» դիմել, կարծես մեկն ինձ խանգարում էր: Ու մինչև օրս այդպես է: Հիմա, երբ նրան տեսնում եմ, կամ նա գալիս է մեր տուն, արդեն ես եմ մեծ ոգևորություն ապրում, անկախ ինձնից սկսում եմ ուրախանալ, ժպտալ: Երբ մտնում եմ տուն, իմ երկրորդ կամ երրորդ նախադասությունը հետևյալն է.

-Մամ, ի՞նչ կա, տոտա Սիլվան էսօր չի՞ եկել մեր տուն:

Այժմ կրկին նրան ուզում եմ դիմել «տատի»-ով, բայց, չգիտես ինչու, միշտ ինչ-որ բան խանգարում է. գուցե տարիքս է:

Հ. Գ. Տյոտյա Սիլվա, միշտ արի մեր տուն, սուրճ խմիր, պատմություններ պատմիր, որպեսզի ինձ հիշողությունների գիրկը գցես: