Թող մենք վերջինը լինենք

-Երազում էի  ընդունվել Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի դհոլի բաժինը: Մեծ ուրախությամբ և հպարտությամբ գնացի բանակ: Չէինք էլ կարող պատկերացնել, թե ինչ կլինի, բայց եղավ այն, ինչին ոչ ոք թերևս չէր սպասում: Պատերազմի օրերին միակ բանը, որ մտքովս անցնում էր, դա ողջ մնալն էր, ոչ միայն իմ, այլ ընկերներիս,- պատմում է Արտավազդը:

Արտավազդը Ջերմուկ քաղաքի Կեչուտ գյուղից  է։ 2020 թվականի հուլիսին էր զորակոչվել բանակ: Ծառայել է Մատաղիսում։ Երբ հարց էինք տալիս, երկար լռում էր, ամեն բան նորից վերապրելով էր պատմում:  Պատերազմի մասին խոսելիս,մի պահ լռեց, հետո դիմեց ինձ.

-Անահիտ, հիշու՞մ ես, երբ դասարանով մեզ  բանակ էիք ճանապարհում, ասացի` մենք գնալու ենք, ու սկսի պատերազմ:  Դա ասում էինք կատակով, բայց երբեք չէինք պատկերացնի, որ կգա այդ օրը այսքան շուտ։

Պատերազմի ժամանակ ընկերս զոհվեց ձեռքերիս մեջ, իսկ ես հրաշքով ողջ մնացի։ Այո՛, այո, հրաշքներ լինում են, ու Աստծուն պետք է միշտ հավատալ, ոչ թե այն ժամանակ, երբ վատ օրեր են լինում, այլ միշտ: Աստվածաշունչ  էի միշտ կարդում  սահմանին, բայց սկսեցի շատ կարդալ պատերազմի օրերին, նաև զինակից ընկերներս սկսեցին կարդալ։

Վիրավորվեցի: Ոչինչ չեմ հիշում: Ընկերներս պատմում են` ինձ փրկել են։ Դուրս   էի եկել խոսելու մորս հետ: Ասեմ, որ եթե վիրավորվեմ` չհավատաք  հանկարծ: Ընկերոջս հեռախոսով էի, ու պայթյուն եղավ: Դեմքս ամբողջությամբ արնաշաղախ էր: Ընկերոջս հեռախոսից են ճանաչել, որ դա ես եմ։ Մոտեցան, դեռ շունչս կար։ Տեղափոխեցին  ու վիրահատեցին:  Ամենածանրն էի, այդ իսկ պատճառով տեղափոխեցին Երևան: Բժիշկները հույս չէին տալիս, որ կապրեմ, իսկ այդ ընթացքում զանգահարում էին մայրիկիս, բայց չէր հավատում, քանի որ ասել էի` չհավատա՛ս։

Զանգահարում էին մայրիկիս, որ հայտնեն լուրը: Մայրս վերցրեց, բայց չհավատաց: Մի քանի անգամ փորձեցին նորից զանգահարել, ի վերջո հավատաց, և եկան: Հայրս նույնպես գնացել էր կռիվ այն հույսով, որ նաև կհանդիպի ինձ: Երբ հորս ասացին, որ լուր կա ինձնից (մի քանի օր էր, ինչ չէի զանգահարում) միանգամից մտածեց, որ ինձ մի բան է պատահել։

Հիվանդանոցում բժիշկները գալիս և ասում էին` երեք ժամից պարզ կլինի, ու էդպես շարունակ ժամեր էին ասում, մինչև որ ուժ գտան և ասացին, որ վիճակս շատ ծանր է, միայն հրաշքը ինձ կփրկի։ Չորս օր կոմայի մեջ եմ եղել, իսկ հետո… Հետոն ամենալավն էր, երբ դու ողջ ես, ծնողիդ գրկում ու այդ ժամանակ մտածում ես, որ հաղթել ես ոչ միայն մահին, այլ նաև աշխարհին։ Սկզբից չէի ճանաչում ոչ մեկին, ապա հետզհետե ճանաչեցի, մինչև հիմա զգում եմ հետևանքները։ Վիրավորվել եմ գլխից և ոտքից։ Երկու վիրահատություն եմ տարել, երկրորդս արդեն վերջացրել եմ: Ինձ հիմա համեմատաբար լավ եմ զգում։ Հիվանդանոցում տղաները, ավելի ճիշտ, արդեն ինձ հարազատ դարձած մարդիկ շատ լավն էին, ջերմ մթնոլորտ, կարծես ոչինչ չէր եղել, ասում էինք, խոսում, երջանկանում ու տխրում։

Հիմա  փոքր ինչ նպատակներս փոխվել են:  Ուզում եմ փոքր բիզնես  հիմնադրել, բայց հիմա չեմ ուզում մանրամասնել։

-Դհոլի նոտաները հիշու՞մ ես:

-Դհոլը նոտա չունի,- լայն ժպիտով  պատասխանեց:

-Փաստորեն հիշում ես։

-Բա ոնց:

Իսկ վերջում կուզեմ ասել` չեմ ցանկանա, որ ոչ ոք տեսնի այն ամենը, ինչ մենք տեսանք։ Ոչ ո՛ք: Թող մենք լինենք վերջինը։