karine nahapetyan

Թող չխանգարեն

Քեզ չէին խաբել:

Ի սկզբանե ասել էին` կյանքը նվեր է:
Երևակայությունդ է մեղավոր, որ նվերը կարմիր ժապավենով զարդարած ես պատկերացնում: Բայց, այնուամենայնիվ, կարմիր ժապավենի առկայության բացակայությունը թող չխանգարի քեզ հստակ իմանալ, որ կյանքը նվեր է, պարգև:
Նվերդ վերցրու, սիրածդ ֆիլմի անունը տուր նրան, վրան փորագրիր սիրածդ գրքի տողերը և վայելիր այն քո սիրած երգի հնչյունների ներքո:
Կյանքդ վերցրու քեզ հետ քաղաքում զբոսնելիս, բայց յուրաքանչյուր անկյունից լսվող նույն անճաշակ երգերը թող չխանգարեն կարծել, որ քո երգերը քոնն են, այնտեղ դու ես և դրանց հայտնիության ու արժեքի մասին քչերը գիտեն:
Երգեր կան, որի մի կտորն ենք մենակ սիրում, բայց առաջ չենք տալիս ու համբերատար սպասում ենք այդ կտորին: Թող այդ մի քանի «երկար ու ձիգ» րոպեները չխանգարեն սպասել ու սրտի թրթիռով լսել այն սպասված ու սիրելի կտորը:
Կյանքդ գրկած մտիր որևէ ուսումնական հաստատություն, ուսումնասիրիր ամեն ինչ: Եթե, այնուամենայնիվ, սիրես մաթեմատիկան ու լինես ռեալիստ, խնդրում եմ, թող մաթեմատիկական հմտություններդ չխանգարեն եղելության ու հորինվածքի միջև մեծի նշանը դնել հորինվածքի դիմաց. դա քեզ կապրենցի:
Կյանքդ շալակած կքայլես արդեն: Այն լցված կլինի հազար ու մի անուններով: Մի հարց կգա ու կկանգնի քո ճանապարհի վրա. իսկ ո՞ւր է հիմա նա: Մինչև դու շփոթված շուրջդ կնայես, իբրև թե քեզ բռնացրել են հանցանքի վայրում, ես կամաց կասեմ ականջիդ` թող անունների բազմությունն ու ծանրությունը չխանգարի քեզ հիշել նրան, ում անվան բոլոր տառերն են գրված մեծատառ ու սիրուն ձեռագրով:
Թող չխանգարեն հիշել նրան, թող չխանգարեն:
Չխանգարեցին: