lyusya balabekyan

Թումանյանի մատը խառն է

Երեկ դասղեկիս խորհրդով (մեր դասղեկը և հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհին մայրս է) մի խումբ դասընկերներով մեկ անգամ ևս գնացինք Կոտայքի մարզային գրադարան, որտեղ պետք է դասախոսություն լսեինք «Թումանյանը հասարակական-քաղաքական գործիչ» թեմայով: 

Դասերից հետո հոգնած և սոված էինք:

-Գնում ենք հոգևոր սնունդ ստանալու,- ասելով և ժպտալով՝ ներս մտանք:

Մեզ հետ էր մեր դասարանի «ասմունքի վարպետ» Սամվելը, որը միշտ հիացնում է բոլորին իր գեղեցիկ ասմունքով: Այդ օրը ևս բացառություն չէր: Անչափ հետաքրքիր էր, բոլորս կլանված լսում էինք: Դե, այնուամենայնիվ, Թումանյանը մնում է Թումանյան՝ «անհաս Արարատը մեր նոր քերթության»: Դասախոսությունից հետո բոլորս սկսեցինք գրքեր փնտրել: Սամվելը Շեքսպիր վերցրեց:
-«Հուլիոս Կեսար» պիտի կարդամ,- վստահաբար ասաց նա:
Լայն բացվեցին բոլորիս աչքերը: Գրքերը վերցնելով՝ դուրս եկանք մեզ բնորոշ աղմուկով:
Երբ տուն հասա, դասղեկ մայրս հարցրեց, թե ինչպես անցավ դասախոսությունը: Ոգևորված ամեն ինչ պատմեցի: Նա էլ ոգևորվեց, որ վերջապես ընթերցանության հանդեպ սեր է արթնանում մեր մեջ, ու ավելացրեց.
-Տեսնո՞ւմ ես, Թումանյանի մատը խառն է:
Իսկ այսօր դպրոցում Սամվելը, մեր դասղեկին տեսնելով, բացականչեց.
-Ընկե՛ր Հարությունյան, արդեն երեք արարված կարդացել եմ: