Լուսյա Բալաբեկյանի բոլոր հրապարակումները

lyusya balabekyan

Ի՜նչ լավ բան է համացանցը

Երբ տատիկիս պատմեցի, որ օնլայն ընկերություն եմ անում Մարոկկոյից իմ հասակակից աղջկա հետ, զարմացած նայեց ինձ՝ չհասկանալով ո՛չ «օնլայն» բառը, ո՛չ էլ Մարոկկոյից ընկերուհի ունենալու փաստը:

Ուրախացա: Ֆրանսերեն սովորելու համար համացանցում օգնություն խնդրեցի կայքերից մեկում գրանցված իմ հասակակիցներից, ու հանկարծ հայտնվեց մի աղջիկ՝ 14 տարեկան: Շուտով իմացա, որ նա լավ գիտի իմ հայրենիքի պատմությունը:

Զարմացա: Երբ գրեցի, որ իմ հայրենիքը Հայաստանն է, նա շտապեց ինձ պատասխանել՝ մի՞թե դա այն երկիրն է, որտեղ 1915 թ.-ին մեծ ցեղասպանություն է եղել: Որտեղի՞ց գիտեր. պարզվեց, որ իրենց պատմության դասագրքերում է այդ մասին գրված, և այնպիսի նկարներ է տեսել, որ… Երբ շարունակեցինք զրուցել, պարզվեց, որ նա գիտեր անգամ ապրիլյան քառօրյա պատերազմի մասին: Մի պահ նույնիսկ սկսեցի կասկածել. գուցե հայկական արմատնե՞ր ունի:

Տխրեցի: Ցավ ապրեցի, որ նա իմ հայրենիքի պատմության սև էջերը գիտի: Իհարկե, ես դեռ կշարունակեմ ներկայացնել իմ Հայաստանը նրան, բայց նա մի կարևոր միտք ասաց՝ դատապարտելով այդ ոճրագործությունը. «Միայն Աստված կարող է վերցնել քո կյանքը, քանի որ նա է քեզ կյանք պարգևել՝ անկախ կրոնից և ազգային պատկանելությունից»:

Հպարտացա: Երբ հրապարակում են, որ այսինչ երկիրն ընդունել է Հայոց ցեղասպանությունը, փաստաթուղթ է ստորագրել, մենք՝ հայերս, սկսում ենք ավելի հավատալ, որ արդարությունը կհաղթանակի մի օր: Իսկ այսօր ես վստահ կարող եմ ասել, որ այն փաստը, որ հեռավոր Մարոկկոյում ապրող մուսուլման մի աղջիկ դատապարտում է մեր թշնամիների կատարած ոճրագործությունները, վեր է ամեն տեսակ փաստաթղթերից: Հպարտ եմ, որ վաղը ես մենակ չեմ, ինձ հետ ոտքի է կանգնելու ամբողջ մարդկությունը:

Ի՜նչ լավ բան է համացանցը…

lusyabalabekyan

«Իմ իրավունքները եւ ինչպես են դրանք պաշտպանվում» թեմայով էսսեների մրցույթի հաղթողներ

Առաջին մրցանակ
Սառան

Սենյակիս մի անկյունում մանկությունս է ծվարել: Ամեն անգամ, երբ ներս եմ մտնում, ինձանից անկախ աչքերս այդ կողմն են թեքվում, ու հիշում եմ. երեք-չորս տարեկան էի, երբ մորեղբայրս սենյակիս պատին փակցրեց հասակս չափող այդ պաստառը: Ամեն առավոտ վազում էի ու չափում միլիմետրերով, սանտիմետրերով ավելացող հասակս ու սպասում էի հրաշքի: DSC_0792 Օրեցօր հասակիս հետ ավելացավ նաև միտքս: Ու մի օր էլ կարդացի պաստառի վերնագիրը. «Երեխաների իրավունքների մասին կոնվենցիա»: «Կոնվենցիա» բառն անհասկանալի էր, բայց հոդված առ հոդված կարդալով՝ հասկացա, որ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատորեն արտահայտել իր հայացքներն իրեն վերաբերող բոլոր հարցերով (հոդված 12): Հայացքս պայծառացավ: Հետո կարդացի. «Յուրաքանչյուր երեխա ունի իր ֆիզիկական, մտավոր, հոգևոր և բարոյական զարգացման համար անհրաժեշտ կենսամակարդակի իրավունք: Պետությունը պետք է օգնի այն ծնողներին, որոնք չեն կարող իրենց երեխաների համար ապահովել անհրաժեշտ կենսապայմանները» (հոդված 27):

Երկու տարի առաջ մեր դասղեկի հետ դասարան մտավ վախվորած մի աղջնակ՝ Սառան, ու դարձավ մեր կենսուրախ դասարանի աշակերտներից մեկը: Մեզ մոտ էր տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղից: Գյուղի երեխաներին բնորոշ պարզությունն ու միամտությունն էր դրոշմված նրա դեմքին, ու թաքուն մի ցավ ստիպում էր, որ Սառան անընդհատ խոնարհի աչքերը:
Սիրեցինք նրան: Դասամիջոցներին, երբ մեր դասարանի երեխաներն իրենց զրնգուն ձայնով ինչ-որ բաներ էին պատմում, քննարկում նախորդ օրերի ֆեյսբուքյան նորությունները, Սառան աննկատ կանգնում էր մեր կողքին՝ գուցե մեզ նմանվելու մի թաքուն ցանկությամբ: Բայց Սառան ո՜ւր, զրնգուն ձայնն ու ծիծաղն ո՜ւր… Լավագույն դեպքում միայն լայն կժպտար: DSC_0793Երբ առաջին անգամ նա, գրատախտակի մոտ կանգնած, դաս պիտի պատասխաներ, ողջ դասարանը քարացել ու սպասում էր՝ լսելու այդ քնքուշ աղջկա հեզ ձայնը: Այդ պահին ինձ թվաց, թե ես եմ դաս պատասխանում ու ես պիտի գնահատվեմ (հետո պարզվեց, որ այդ զգացումն ունեցել են դասընկերներիցս շատերը): Սառան չխոսեց: Իհարկե, այս ու այն կողմից հուշում էինք, որ անբավարար չստանա, բայց նա էլի լուռ էր: Ես կարծես հասկացա նրան: Երևի մտածել էր՝ եթե խոսի, բա որ ծիծաղե՞ն, ու գերադասել էր լռել: Սիրեցինք նրան ավելի:
Հերթապահություն էինք անում ես, Սառան ու Ժաննան ամեն երեքշաբթի: Նա չէր հավանում իմ ու Ժաննայի արածը և իրավունք ուներ, քանի որ իսկապես անում էինք ուղղակի անելու համար, արագ-արագ: Իսկ Սառան մեզանից հետո «սրբագրում էր» մեր աշխատանքը, որ հաջորդ օրը դասղեկը անթերի մաքուր դասասենյակ մտնի: Հետո պարզվեց, որ Սառան հայր չունի, մայրն էլ իր երկու աղջիկների հետ եկել էր իր հարազատների մոտ, որ կարողանար նրանց պահել ու մեծացնել: Սառան ծանր մանկություն է ունեցել, հիմա էլ հեշտ չէ նրա համար: Մեր դասղեկի հետ մտերմիկ զրույցի ընթացքում միայն հասկացանք, որ օրեր են լինում, երբ Սառան ու իր քույրիկը տանը ստիպված մենակ են մնում մինչև ուշ գիշեր, մինչև մայրը աշխատանքից գա տուն: Աղջիկները հասկանում են, որ մայրը ստիպված է այդ ծանր աշխատանքն անում (Ծաղկաձորի հյուրանոցներից մեկի մաքրությունն է ապահովում): Հետաքրքիր է, որ Սառան երբեք չի չարացել իր հասակակիցների հանդեպ, կարիքը չի փոխել նրան, թեև մայրն անում է ամեն ինչ, որ Սառան հետ չմնա դասընկերներից: Նա ընդհանրապես ժամանակ էլ չունի ուրիշներին նախանձելու, չարախոսելու: Նա պիտի դասերից հետո հասցնի տունը մաքրել, ճաշ պատրաստել (մի՛ զարմացեք), որ մայրը հոգնած տուն գա, տեսնի այդ ամենն ու հոգնածությունը մոռանա:
Սառան իր ժամանակը ճիշտ օգտագործել գիտի: Նա դասամիջոցներին հելունագործությամբ է զբաղվում: Իրեն բնորոշ հեզությամբ մի օր ասաց, որ հաճախում է Երեխաների աջակցության կենտրոնի Հրազդանի մասնաճյուղի հելունագործության խմբակի պարապմունքներին: Նա բռնիչներ է գործում ու հպարտ ասում, որ իր աշխատանքները բոլորը վաճառվում են: Հասկանո՞ւմ եք… Ես ամաչեցի: Սառան՝ ընդամենը տասնչորս տարեկան, կարողանում է թեթևացնել մոր հոգսը, աշխատել գիտի, ոչինչ, որ թերանում է ուսման մեջ (հասկանալի է՝ ժամանակ չունի), իսկ ե՞ս, ընկերուհինե՞րս, որ ուսման առաջավորներ ենք, աչքի ենք ընկնում անգլերենի, մաթեմատիկայի մեր իմացությամբ… Սառան սովորելու իրավունք ունի: Երբ մի օր հարցրի, թե երբ է հասցնում դասերը սովորել, նա իմ առաջ դրեց իր գործած զույգ բռնիչները և ասաց.
-Սրանք են իմ դասերը…
Սառան իր «դասերով» մեզ լավ դաս տվեց՝ գնահատելու մեր ունեցածը:
Սառան անհոգ ապրելու իրավունք ունի:

Լուսյա Բալաբեկան, 14 տ., Հրազդանի թիվ 8 դպրոց, Կոտայքի մարզ

lyusya balabekyan

Դասագրքերս

Արդեն որքան ժամանակ է ՝ ուզում եմ գրել, բայց անընդհատ մայրիկիս պահանջն եմ լսում, միայն մայրիկիս (հետաքրքիր է ՝ բոլորի՞ մոտ է այդպես).

-Լու՛ս, դասերդ ավարտի՛ր նոր, կիսամյակային աշխատանքներին պատրաստվե՞լ ես, դստրի՛կս…
Մայրիկիս խստության չափը որոշում եմ նրա խիստ գրական խոսելու աստիճանով: Նորից բողոքել չեմ ուզում, թե` կարելի՞ է մեկ օրվա ընթացքում այդքան կիսամյակային ամփոփիչ աշխատանքներ գրել: Ինչքան էլ որ բոլոր դասերը սովորել ես ժամանակին, միևնույն է… Հաստատ պետք է վերանայել այս կարգը, մի նոր բան մտածել: Բայց այս մասին չէ, որ ուզում եմ այսօր գրել:
Երբ լարված պարապում էի, դասընկերներիս հետ հեռախոսով քննարկում էինք բոլոր անհասկանալի հարցերը, հայացքս սառեց դասագրքերիս վրա, զգացի, որ նրանց «կարոտելու եմ»: Հիմա կմտածեք, թե այդքա՜ն սիրում են սովորել, որ…

Դա չէ պատճառը: Դասագրքերիս էջերում են թաքնված դպրոցական կյանքիս այս տարվա հույզերն ու ապրումները, փոքրիկ աղոթքներս՝ չսովորած դասը չհարցնելու, իմ ու Անահիտի (Անահիտը դասընկերուհիս է)՝ ուսուցիչներից մի կերպ թաքցրած ժպիտները… Բա ինչպե՞ս չկարոտեմ: Հաշված օրեր են մնացել դասագրքերը հանձնելուն:
Եկող տարի դուք կհայտնվեք ինձ նման մեկ ուրիշ աշակերտի պայուսակում ու գրասեղանին, դասագրքե՛րս, բայց չխառնեք իմ ու նրա ապրումները: Ձեզ ինձ մոտ պահելու հնա՜ր լիներ, դասագրքե՜րս…
Ընդհանրապես բաժանման պահը չեմ սիրում: Տեսնես՝ մեր տղաներից ո՞վ իմ փոխարեն այդ օրը դպրոց կտանի իմ բոլոր տասնյոթ դասագրքերը…

lyusya balabekyan

Օրերիս «հագուստները»

Չէ՛, ժամանակն իսկապես թռչում է: Բոլորն էլ ինձ հետ կհամաձայնվեն, որ դեռ մանկապարտեզում երազում էինք մեծանալու մասին, հագնում մայրիկի մեծ շորերն ու կոշիկները, ու մեզ հեռու, շա՜տ հեռու էր թվում այն օրը, թե երբ են դրանք մեր հագով լինելու: Բայց… Երեկ փորձեցի մայրիկիս կոշիկները, ու դեռ մի փոքր սեղմում էին ոտքերս:

Ժամանակը կանգնեցնել անկարող եմ, ուզում եմ փոքր-ինչ ընթացքը դանդաղեցնել: Գիտե՞ք ինչպես… Որոշել եմ օրերիս համար «հագուստ» ընտրել, ու մինչ հանեմ-հագցնեմ դրանք, ընթացքը կդանդաղի:
Հագուստներն էլ ի՞նչ. օրերիս նշանաբաններն են: Այսպես,
«Երեք ուղի է տանում դեպի գիտելիքներ. մտորումների ուղի՝ այն ամենաազնիվն է, նմանակելու ուղի՝ այն ամենահեշտն է, և փորձի ուղի՝ այն ամենադառն է»(Կոնֆուցիոս):
«Ստեղծի՛ր քո սեփականը և խուսափի՛ր նմանակել ուրիշներին»:
Ու թե շորը հագնելու պահին է երևում, ապա օրվա վերջում եմ նոր միայն հասկանում՝ սազո՞ւմ է հագուստը նրան, թե՞ ոչ:
Առաջարկում եմ վաղվա օրվա համար մի նոր «հագուստ».
«Եղի՛ր այն փոփոխությունը, որը ցանկանում ես տեսնել աշխարհում» (Մ. Գանդի):
Սազու՞մ է. որոշեք ինքներդ…

Դաս՝ առանց դասագրքի

lyusyatoՄեր աշխարհագրության ուսուցչուհին՝ ընկեր Երեմյանը, մի օր դասարան մտավ ու մեզ հարցրեց.

-Չե՞ք ուզում բաց դաս անել:
Բայց սա հարց չէր, այլ կայծ, որից բռնկվեց իմ ու ընկերներիս ստեղծագործական միտքը: Սկսեցինք պրպտել, հետազոտել, նորը գտնել: Պետք է համեմատելով ներկայացնեինք Ճապոնիան և Չինասատանը:
lyusyaotooԱշխարհագրության դասագիրքը մնաց գրասեղանիս, երևի մի քիչ էլ «նեղացավ», քանի որ համակարգիչն էր հետազոտական աշխատանքիս գլխավոր աղբյուրը: Ընկերներիս հետ օրեցօր նոր նյութեր, հետաքրքիր փաստեր էինք գտնում: Եվ մաթեմատիկական բանաձևումով ստացվեց.
Ճապոնիա (Չինաստան)= աշխարհագրական դիրք+ լեզու+ կրոն (հավատալիքներ)+ մշակույթ+ խոհանոց
Ի՜նչ հետաքրքիր էր. նույնիսկ դասամիջոցներին բոլորիս խոսակցության թեման բաց դասն էր: Մեր՝ չափից դուրս աշխույժ տղաներն անգամ «հնազանդ» սովորեցին իրենց բաժին նյութը: Ավարտին էր մոտենում աշխատանքը:
lyusyaotooooԻմ սիրելի ընկեր Երեմյանին անակնկալ էի խոստացել: Որոշել էի չինարեն կամ ճապոներեն սովորել, գոնե՝ շատ քիչ, որ բացման խոսքս տպավորիչ լիներ: Դա էլ ստացվեց համակարգչի, բազում կայքերի ընձեռած անսահմանափակ հնարավորությունների շնորհիվ:
Դասն անցավ անչափ հետաքրքիր: Բոլոր ընկերներս այդ օրն աչքի ընկան: Երբ Լիլիթը, Անին, Սուսաննան ճապոնական և չինական խոհանոցի, թեյախմության մի փոքրիկ դրվագ ներկայացրին, բոլորը հիացել էին:
lyusyaotoՊարտադրված ոչինչ չես անի: Ընկեր Երեմյանը չպարտադրեց մեզ անգիր սովորել դասագրքի զուտ գիտական տեղեկությունները, բայց մենք սովորեցինք ավելին:
Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է այսպիսի դասեր անցկացնել. դաս առանց դասագրքի:

lyusya balabekyan

Թումանյանի մատը խառն է

Երեկ դասղեկիս խորհրդով (մեր դասղեկը և հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհին մայրս է) մի խումբ դասընկերներով մեկ անգամ ևս գնացինք Կոտայքի մարզային գրադարան, որտեղ պետք է դասախոսություն լսեինք «Թումանյանը հասարակական-քաղաքական գործիչ» թեմայով: 

Դասերից հետո հոգնած և սոված էինք:

-Գնում ենք հոգևոր սնունդ ստանալու,- ասելով և ժպտալով՝ ներս մտանք:

Մեզ հետ էր մեր դասարանի «ասմունքի վարպետ» Սամվելը, որը միշտ հիացնում է բոլորին իր գեղեցիկ ասմունքով: Այդ օրը ևս բացառություն չէր: Անչափ հետաքրքիր էր, բոլորս կլանված լսում էինք: Դե, այնուամենայնիվ, Թումանյանը մնում է Թումանյան՝ «անհաս Արարատը մեր նոր քերթության»: Դասախոսությունից հետո բոլորս սկսեցինք գրքեր փնտրել: Սամվելը Շեքսպիր վերցրեց:
-«Հուլիոս Կեսար» պիտի կարդամ,- վստահաբար ասաց նա:
Լայն բացվեցին բոլորիս աչքերը: Գրքերը վերցնելով՝ դուրս եկանք մեզ բնորոշ աղմուկով:
Երբ տուն հասա, դասղեկ մայրս հարցրեց, թե ինչպես անցավ դասախոսությունը: Ոգևորված ամեն ինչ պատմեցի: Նա էլ ոգևորվեց, որ վերջապես ընթերցանության հանդեպ սեր է արթնանում մեր մեջ, ու ավելացրեց.
-Տեսնո՞ւմ ես, Թումանյանի մատը խառն է:
Իսկ այսօր դպրոցում Սամվելը, մեր դասղեկին տեսնելով, բացականչեց.
-Ընկե՛ր Հարությունյան, արդեն երեք արարված կարդացել եմ:

lyusya balabekyan

Անկեղծ հարցազրույց տատիկիս հետ

Վաթսունհինգամյա տատիկս ժամանակից շուտ է ծերացել (քանի տարի է՝ բոլորս պայքարում ենք նրա հիվանդության դեմ): Երբ իմացավ, որ հարցազրույց պիտի վերցնեմ իրենից, մեջքն ուղղեց, հարմար նստեց ու սկսեց պատասխանել մի քանի հարցերիս՝ հիշողությունների գիրկն ընկնելով:

-Տա՜տ, կպատմե՞ս քո մանկության տարիների մասին: 

-Իսկապես անհոգ էինք: Հիշում եմ՝ Զատկի տոնին մեր թաղի երեխաներով «ձու» էինք խաղում, ուրախանում, հետո միասին ուտում՝ առանց իմ ու քո անելու: Հիշում եմ, որ ձմռան ցուրտ օրերին խմբվում էինք թոնրի շուրջը և ախորժակով ուտում մորս պատրաստած ճմուռը, որից համեղ բան աշխարհում չկա:

-Պատմիր, խնդրում եմ, ձեր գյուղի համախմբվածության մասին. չէ՞ որ գյուղի բնակիչներն ասես մի ընտանիքի անդամներ լինեն: 

-Այո՛, մի ընտանիքի պես էինք: Երբ մայրս մահացավ՝ շատ երիտասարդ տարիքում,- տատս սրբեց արցունքները,- փոքր եղբայրս մնաց իմ ու մեծ քրոջս հույսին: Ես սովորում էի յոթերորդ դասարանում: Հայրս ինձ կապում էր թոնրատան սնից, որ չընկնեմ, ու ես հաց էի թխում: Հարևանները տեսան ու հաջորդ օրվանից ինձ չթողին, որ հաց թխեմ. իրենք էին հերթով ամեն օր տաք հաց բերում: Նրանք կիսեցին մեր հոգսը, ու մենք ապրեցինք:

-Տա՛տ ջան, դու հավանաբար զգում ես հին ու նոր ժամանակների, գյուղի ու քաղաքի տարբերությունները: Որո՞նք են դրանք, որն է լավը, և որը՝ վատը:

-Մեր օրերում նամուս կար: Ամուսնացա, գյուղից քաղաք եկանք: Մեզ համար զարմանալի շատ բաներ կային, բայց ընտելացանք, մենք էլ փոխվեցինք: Երբ կիրակիները գյուղ էինք գնում, էրեխեքն ասում էին՝ քաղաքի հորքուրն եկավ:
Հիմա ամեն ինչ հեշտացել է: Մարդիկ, իրենց ծուլությունից ելնելով, նոր բաներ սկսեցին ստեղծել, օրինակ՝ ավտոմատ լվացքի մեքենան. դու քնիր, թող քո փոխարեն լվա:

-Ի՞նչ կմաղթես թոռնիկներիդ: 

-Ամենակարևորը՝ խաղաղ թող ապրեն: Խաղաղ երկնքի տակ՝ խաղաղ հոգով ու մտքով: Ազատամիտ սերունդ է մեծանում, թող մեծանա, բայց մի քիչ չափի մեջ լինի: Ես միշտ ասում եմ, որ պիտի պայքարենք արդարության համար, ճիշտ է՝ դժվար է, բայց մարդը պիտի արդար ապրի:

Գրկում եմ արդարամիտ տատիկիս ու զգում նրա տատիկական անուշ ու անկրկնելի բույրը: