hovik vanyan dsex

Ժամանակը միայն գնում է և չի սպասում

Նկատած կլինեք, որ ինչքան տարիներն անցնում են, այնքան Ժամանակը կարծես իր արագությունը կրկնապատկում է ու ոտքը չի հանում գազի սեղմակից: Գնում ու գնում և թելադրում է, որ իր հետևից քարշ գանք, անցնենք այն քարքարոտ ճանապարհներով, որտեղով որ ինքը կանցնի: Արդյունքում ստացվում է այնպես, որ չենք էլ կարողանում նրան ասել, որ կանգնի, որովհետև ծարավ ենք` ջուր ենք ուզում: Եթե մի վայրկյան անգամ առանց նրան ասելու կանգնենք, որ մի կաթիլ ջուր խմենք, նա ցինիկաբար առաջ կգնա, ու կկորցնենք նրա հետքը, միգուցե այլևս չկարողանալով գտնել նրան: Դրանից հետո մնում ենք միայնակ ու չենք կողմնորոշվում՝ գնանք նրան որոնելո՞ւ, թե՞ սպասենք, որ նա մի գեղեցիկ օր կհիշի մեր մասին ու կգա մեր հետևից:

Հենց էդ ժամանակի պատճառով չենք կարողանում իրականում ցույց տալ մեր սերը` սիրած մարդկանց նկատմամբ: Լինում են մարդիկ, որ ամաչում ենք ասել, որ սիրում ենք իրենց ու մտածում ենք, որ ժամանակին կիմանան նրանք այդ մասին: Նույնիսկ մեր ծնողների հանդեպ զգացած սերը չենք կարողանում արտահայտել մինչև վերջ, որովհետև պետք է ժամանակի հետ համակերպվենք, ու արդյունքում արդեն ուշ կլինի…

Հիշում եմ, երբ փոքր էի, անընդհատ ուզում էի ժամանակն առաջ տալ, որովհետև ինձ գրավում էր մեծերի աշխարհը, ուզում էի ներխուժել նրանց կյանք, մտածում էի` այնտեղ ժամանակն ուրիշ ձևով է շարժվում, բայց չգիտեի, որ հետո էլ նորից ցանկանալու եմ վերադառնալ անցյալ:

Հիմա, այդ մեծերի աշխարհում, միշտ լսում եմ, որ «Ժամանակը կգա» ասում են բոլորը, բայց չէ որ Ժամանակը միայն գնում է, այլ ոչ թե գալիս: Այդ անտանելի Ժամանակը չի էլ պատկերացնում, որ իրեն սպասողներ կան, որ իրենից է կախված յուրաքանչյուր մարդու կյանք: Նա չգիտի, որ ինքն է մեղավոր, որ աշխարհում միլիոնավոր մարդիկ աղքատ են, որ աշխարհում գոնե մի օր խաղաղություն չի տիրում, որ մարդիկ մահանում են, սպասելով հենց իրեն` Ժամանակին: Հա, հա, չէ որ մարդիկ ասում են, որ Ժամանակը գալու է, ու բոլորս էլ մի օր մահանալու ենք: Փաստորեն այդքան ժամանակ, որ ծարավ մարդը փնտրում էր կամ սպասում Ժամանակին, երևի ճիշտ էր, որ նա կգա (բայց քանի որ ժամանակը երբեք չի գալիս, ստացվում է այնպես, որ մենք ենք նրան հասնում, ուղղակի սխալ կարծիք է ձևավորվում, որ իսկապես այդ ժամանակը գալիս է), բայց ոչ թե նորից իր հետևից տանելու համար, այլ, որ դու սպասում էիր իրեն: Մահանալու ժամանակն է: Ըհն, էլ ի՞նչ ես ուզում, նա «եկավ», և դու մահացար:

Բայց… Բայց մինչև այդ պահը դու կարող էիր այնպես անել, որ դա չլինի: Պետք է չասեիր, որ ժամանակը կգա` դաս կսովորեմ, ժամանակը կգա` կաշխատեմ, ժամանակը կգա` երկիրս կշենացնեմ, ժամանակը կգա` չեմ վախենա արտահայտել իմ կարծիքը, ժամանակը կգա` վրեժ կլուծեմ, ժամանակը կգա` ԿՄԱՀԱՆԱՄ: Ժամանակը կգա…

Ժամանակը չի գալիս, Ժամանակը միայն գնում է, ու ամբողջ կյանքում մենք ՀԻՄԱՐԱԲԱՐ սպասում ենք նրան… Բայց մի րոպե, հիմա մեր ժամանակն է…