«Ժամանակն է»

«Rec-Time» կինոընկերությունը ֆիլմարտադրության մեջ հայտնի դարձավ 2014 թվականին «Ելք չկա» ֆիլմով։ Կինոընկերության գործադիր տնօրենը և պրոդյուսերը կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանն է։ Այս տարի հոկտեմբերի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց կինոընկերության երկրորդ ֆիլմը` «Ժամանակն է»: Ֆիլմի նկարահանումներն սկսվել են նախորդ տարվա սեպտեմբերից Հունաստանում, շարունակվել Ռուսաստանում, իսկ որոշ ժամանակ դադարից հետո վերսկվել են Հայաստանում։ Ֆիլմը վերջնական տեսքի բերելու համար նկարահանումներ են տեղի ունեցել Վրաստանում և Թուրքիայում։

-Ֆիլմը հայ ժողովրդի անցյալի պատմության փաստագրական էջերի մասին է, որոնցում ցույց ենք տալիս, որ մենք չենք մոռացել և չենք մոռանալու մեր անցյալը, հպարտ առաջ ենք գնալու և անկոտրում ենք լինելու ավելի, քան կանք,- ասաց Կամո Ունանյանը։
Նա նաև նշեց, որ փորձել են լավ որակի ֆիլմ ստանալ, որտեղ ցույց կտային հայի ուժն ու ոգին։
Ֆիլմի փակ պրեմիերայից առաջ տեղի ունեցավ ասուլիս, որին ներկա էին լրագրողներ, լուսանկարիչներ, դերասաններ, Կամո Ունանյանի հարազատները, ընկերները։ «Ժամանակն է» Ֆիլմի ռեժիսորը Վահե Սայանն է, պրոդյուսերը` Կամո Ունանյանը, դերասանական կազմը բաղկացած է հետևյալ թիմից` Կամո Ունանյան, Ալեքսանդր Խաչատրյան, Ժաննա Բուտուլյան, Արսեն Լևոնյան, Անատի Սաքանյան, Ադրիանա Գալստյան, Նարեկ «Մեծ Հայք» Պետրոսյան, Մարիամ Մելիքյան, Արմեն Մարգարյան և այլք։
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը, որը ֆիլմում մարմնավորում է Հասանի կերպարը, նշեց, որ իրեն շատ հետաքրքիր էր դերասանական երիտասարդ կազմի հետ աշխատելը։

-Երբեք թուրքի կերպար չեմ մարմնավորել։ Բայց մտածեցի, որ հայը թուրքին ավելի լավ է ճանաչում, քան հենց իրենք իրենց։ Եվ մտածեցի՝ ինչո՞ւ հայը չներկայացնի թուրքին,- նշեց Ալեքսանդր Խաչատրյանը։

Նա նշեց նաև, որ ֆիլմի գնահատողը հանդիսատեսն է։

-Հուսով եմ, որ ֆիլմը դուր կգա հանդիսատեսին, և մեր արած աշխատանքը զուր չի լինի։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր և պետքական թեմա է, որը միշտ հուզել է բոլորիս,- ավելացրեց Ալեքսանդր Խաչատրյանը։
Անատի Սաքանյանը, որը մարմնավորում է Հասանի դստերը, նկատեց, որ այս կերպարը շատ է տարբերվում իր խաղացած մյուս դերերից։ Պրեմիերային ընդառաջ նա բավականին անհանգիստ ու լարված էր, սրտի թրթիռով էր հետևում ֆիլմին, քանի որ առաջին անգամ էր դիտում այն։ Գեղարվեստական ֆիլմում ներկայանալու փորձ Անատին ունեցել է փոքրիկ դերերով, սակայն առաջին անգամ է ներկայանում գլխավոր դերով, ինչի պատճառով շատ ոգևորված էր։
Դերասան Խորեն Աբրահամյանի թոռը` դերասան Արսեն Լևոնյանը, մարմնավորել է Հասանի որդու կերպարը։ Նրա համոզմամբ՝ դերասանը պետք է կարողանա ցանկացած դեր խաղալ՝ առյուծից մինչև թուրք։

Ժաննա Բուտուլյանն ասաց, որ իր կերտած յուրաքանչյուր կերպար ունի հետաքրքրություն, քանի որ նկարահանման հրապարակում միշտ սովորում է։

-Ես առաջին անգամ նկարահանվել եմ «Դժվար ապրուստում», որի ռեժիսորը Վահե Սայանն էր։ Հետագայում տարիներ շարունակ աշխատել ենք, և հաճույքով եմ աշխատում իր հետ։ Կամո Ունանյանի հետ հետաքրքիր է աշխատելը, քանի որ շատ մեծ էնտուզիազմով է անում իր աշխատանքը, և դա փոխանցվում է քեզ։ Նկարահանման ընթացքը շատ հետաքրքիր էր։ Տեսարաններից մեկում մեքենա եմ վարում։ Այդ օրը կարող էր էքստրեմալ լինել, քանի որ նման հզոր շարժիչով մեքենա վարելու փորձ չունեմ, բայց ամեն ինչ բարեհաջող անցավ,- ասաց Ժաննա Բուտուլյանը։
Ֆիլմի երաժշտությունը պատկանում է Play Beck ընկերությանը, ի դեմս Նարեկ «Մեծ Հայք»-ին։
Ֆիլմի ավարտին հնչեցին հանդիսատեսի ծափահարությունները, ներկաները մոտենում և շնորհավորում էին դերասանական կազմին՝ մաղթելով նորանոր հաջողություններ և նոր բարձունքներ։