Ani Ghulinyan

«Ժամանակ չունեմ»

«Ժամանակ չունեմ»-ը ամենաանտանելի արտահայտությունն է: Այսօր, երբ մարդկանց միջև շփումը տեղափոխվել է օնլայն հարթակ, ընկերների կամ ծանոթների հետ շփվելը դարձել է ավելի հեշտ: Դրա հետ զուգահեռ նաև հեշտացել են չսիրած, երբեմն էլ անտանելի մարդկանցից խուսափելու ձևերը: Բավական է միայն ասել, որ ժամանակ չունես;

Բայց մի հարց կա, արդյո՞ք բոլոր դեպքերում է ծանոթներից լսած «ժամանակ չունեմ»-ը խուսափողական նշանակություն ունենում: Երկու ամիս առաջ միանշանակ կասեի` այո: Չէ որ, եթե քո զբաղվածության շրջանակը սահմանափակվում է միայն դասերով, և ունենում ես այնքան ժամանակ, որ կարող ես քեզ թույլ տալ այն ծախսել անիմաստ բաների վրա, դժվար է ուղեղում տեղավորել, որ հնարավոր է նաև շատ զբաղված լինել ու քիթ սրբելու ժամանակ չունենալ:
Բայց ինչպես ասում են, մինչև սեփական մաշկիդ վրա չզգաս, չես հասկանա: Այսօր, երբ ես էլ դժվարությամբ եմ տեղավորվում ինձ հատկացված օրեկան քսանչորս ժամի մեջ, սկսել եմ հավատալ, որ կարելի է նաև ժամանակ չունենալ, որ գիշերները հնարավոր է ուշ քնել, ոչ միայն ֆիլմ կամ ֆուտբոլ նայելու, այլև ամեն բան հասցնելու համար, որ ամենամոտ մարդիկ ու նրանց հետ կապված իրադարձություններն էլ մտքից կարող են թռչել, եթե ուղեղը շատ բաներով է ծանրաբեռնված:
Այնուամենայնիվ, այս ամբողջ ժամանակային խառնաշփոթից մի բան եմ հասկացել, որ միշտ էլ կարելի է ուղղակի ամեն ինչ թողնել ու գրել այն ընկերներին, որոնք հաստատ գիտես, սպասում են քեզ, շփվել այն մարդկանց հետ, ովքեր միշտ քո կողքն են (անգամ ժամանակ չունենալու պարագայում), կամ պարազապես ֆուտբոլ դիտել:
Ու մի փորձեք ամեն բան արդարացնել ժամանակ չունենալով: Մեծ հաշվով «ժամանակ չունեմ»-ը ալարկոտությունը կոծկելու հերթական միջոց է: