Lilit vardanyan

Ժամկետանց նոթեր. ձյուն, երկրաշարժ, գրպանահատ

Բոլոր պատմությունները ճիշտ են, պատահական համընկնումներ չկան, իսկ կերպարներն իրական են: Նոթերն արել եմ տարվա ընթացքում և որոշ ժամանակ անց որոշել եմ միացնել մեկ նյութի մեջ:

Հունվարի 20: Նոթեր այն մասին, թե ինչպես էի ինձ զգում Մակոտո Սինկայի նկարած կերպարներից մեկը

Գիտե՞ս, այն գնդաձև ապակե խաղալիքները: Երբ թափ ես տալիս, ներսում ձյուն է գալիս: Ու նայում ես, թե գնդի ներսում ինչպես են ձյան փաթիլներ իջնում: Հանգիստ ու բավարարված ես զգում:

Երեկ հայտնվեցի այդ գնդի ներսում: Այն տնակի մեջ էի, որտեղից կարելի է նայել, թե ինչպես է ձյուն թափվում՝ առանց կանգառի, փոքր ու արագ փաթիլներով: Օնլայն դասի ժամանակ երբեմն ստուգում էի՝ ձյունը շարունակվու՞մ է:

Կեսօրին եղբայրս գրեց ինձ բանակից: Բացեցի պատուհանը ու նկարեցի, թե ինչ սիրուն ձյուն է գալիս: Իսկ երեկոյան, երբ արդեն հեռախոսով խոսում էինք, այն դեռ շարունակվում էր: Ինձ հանգիստ ու բավարարված էի զգում: Մի ամբողջ օր տևացող ձյունը բավական է հանդարտվելու համար:

Այսօր առավոտյան տատիկը, ինչպես միշտ, բացեց պատուհանը ու հացի փշուրները լցրեց պատշգամբի ներքևի երկաթին: Երեք վայրկյան հազիվ անցած լիներ, երբ մի քանի անվախ ու արդեն ամեն օր կեր ստանալու սովոր ճնճղուկ թռցրին հացի փշրանքները ու հետ վերադարձան ծառի ձյունոտ ճյուղին: Նրանց օրինակին հետևեցին ավելի զգույշ ու անփորձները, երբ տատիկն արդեն փակել էր պատուհանը:

Երկու օր է՝ ձյուն է գալիս: Այսօր դասերը ժամը 6 անց կես են ավարտվում: Բայց մինչև այդ դասի սկիզբը, ունեմ երեք ժամ ժամանակ: Մտա Ֆեյսբուքի էջը: Այսօր նախկին դասարանցիս՝ Գոռը, պետք է 19 տարեկան դառնար: Փակեցի:

Իջա բակ՝ հաց առնելու: Ձյունը շարունակվում է: Երկու տարեկան Եվան իր առաջին ձնեմարդն է սարքում: Բակի տղամարդիկ թեթև բաճկոններ հագած հավաքվել են մեր բակի խանութի դիմաց: Մտա ներս: Արտակ ձյաձյան դրսում այդ տղամարդկանց հետ ինչ-որ բանավեճի մեջ էր: Մոտ քսան վայրկյան անց եկավ:

Նայեցի իր հետ խանութ մտնող ակնոցավոր տղային: Իր տարիքից փոքր էր երևում: Չգիտես ինչու, որոշեցի, որ պետք չէր նրան ծխախոտ վաճառել: Ձայնի մեջ անորոշություն կար:

Մակոտո Սինկայի «5 սանտիմետր վայրկյանում» անիմեում նկարված ձյունից ոգեշնչված

Փետրվարի 6: Նոթեր այն մասին, թե ինչ էի անում այն երկրաշարժի ժամանակ, որը համարյա ոչ մեկը չէր նկատել

-Լիլիթ, ո՞նց ես: Մի քանի րոպե առաջ երկրաշարժ էր,- ասաց հայրիկը հեռախոսով:

-Լու՞րջ, չեմ զգացել,- զարմացա ես ու սկսեցի հիշել, թե ինչ էի անում այդ ժամանակ:

Ընկերուհուս տանն էի: Բազմոցին նստած զրուցում էի նրա մայրիկի հետ: Մի քանի րոպե առաջ ընկերուհուս սենյակում էի: Ոչ մի տարօրինակ բան չէի զգացել, բացի ինչ-որ ձայնից, որը, ինձ թվացել էր, որ վերևի հարևանների բնակարանից է գալիս:

-Մի քիչ առաջ երկրաշարժ զգացի՞ր,- հարցրի ես ընկերուհուս, երբ վերադարձավ իր սենյակից:

-Չէ: Երկրաշա՞րժ ա էղել:

Երբ վերադարձա տուն, սեղանին դրած արդեն իսկ ոչ ստաբիլ գրքերը շուռ էին եկել, իսկ ֆրանսերենիս տետրի կազմը պոկվել էր:

Փետրվարի 13: Նոթեր այն մասին, թե ինչ էի անում այն երկրաշարժի ժամանակ, որը զգացել էին անգամ այն մարդիկ, ովքեր կյանքում երբեք երկրաշարժ չեն զգացել 

-Նանուլ, էսօր քանի՞ հոգի ա գալու:

-4 հոգու եմ կանչել: Խաղեր կխաղանք, պիցցա կպատվիրենք, կխոսանք,- պատասխանեց քույրս (հորեղբորս աղջիկը):

-Հավես ա,- ասացի ես:

Ժամը երկուսն էր: Մինչև փարթին դեռ երկու ժամ կար: Զբոսնեցինք, գնացինք խանութ:

-Արդեն ժամը երեքն ա:

-Պետք ա մի քիչ շուտ կանչեի,- ասաց Նանեն:

Քանի որ ոչինչ չկար անելու, որոշեցինք կարաոկե կազմակերպել: Կարաոկեն միշտ էլ լավ միտք է, մանավանդ, որ երկուսս էլ երգել չգիտենք ու մի ժամ անց փարթի ենք անելու:

-Էլ ի՞նչ կարելի ա երգել:

-Հեսա ասեմ: Սպասի: Չասես: “When I’m 64”ը,- ասացի ես՝ հաստատ իմանալով, որ քույրս հենց դա էր ուզում առաջարկել (դե, այդ երգն էլ ունի իր պատմությունը):

-Հենց էդ էլ ուզում էի ասել,- ասաց քույրս:

«Թխի թող գա արեցինք» ու սկսեցինք բաղաձայնել:

-Էս ի՞նչ էր,- հարցրեց քույրս՝ զարմացած դեմքով:

Հետո, ինչպես հիմնականում սարսափ ֆիլմերում է լինում, այդ խոսքերից հետո նայեցինք իրար:

-Ի՞նչ ա,- հարցրի ես:

Բնականաբար, ինչպես կինոների սցենարներում, ցնցումը կրկնվեց: Բայց այս անգամ ցնցումն այնքան ուժեղ էր, որ մի պահ թվաց, որ գլուխս պտտվում է: Ֆիլմերի՝ երկրաշարժի ժամանակ շարժվող կառույցի տեսարանը բավականին մոտ է իրականությանը:

Մինչ փորձում էի ընդունել ու ընկալել, թե ինչ է տեղի ունենում, քույրս գոռաց.

-Դուրս: Դուրս ենք գալիս:

-Թռանք,- կրկնեցի ես՝ շատ լավ հասկանալով, որ ոչ մի նորմալ մարդ վեցերորդ հարկից չի իջնի երկրաշարժի ժամանակ:

Ենթագիտակցաբար ես զգում էի, որ այդ ուժեղ ցնցումը այսօր միակն էր: Կամ էլ ուղղակի չէի ուզում մտածել ուրիշ բանի մասին: Երևի քրոջս հայացքն էր, որ ստիպեց ինձ այդ քայլին գնալ:

Արդեն լավ չեմ հիշում այդ զգացողությունը: Վախի նման մի բան, որը տևեց ընդամենը մի ակնթարթ: Հասկացա, որ վախը չի փրկի, վերցրի քրոջս ձեռքը և վազեցի: Ոչ մի բանի մասին չէի մտածում, ուղղակի վազում էի այնքան արագ, որ ֆիզկուլտուրայի նորմատիվների ժամանակ ուսուցիչս կհպարտանար ինձնով:

Բակում արդեն մարդիկ կային:

-Ցուրտ ա,- ասացի ես, չնայած, ի տարբերություն քրոջս, վերցրել էի վերարկուս:

Բակի բնակիչները կանգնել էին ուղիղ շենքի տակ: Երևի էդպես ավելի ապահով էին զգում կամ էլ իրենց շենքը այնքան էին սիրում, որ չէին ուզում հրաժեշտ տալ:

-Սոված եմ: Կարո՞ղ ա արդեն մտնենք ներս: Իմաստ չկա ուղիղ շենքի տակ կանգնել,- սկսեցի բողոքել, երբ արդեն աննպատակ ման գալուց հետո կանգնել էինք շենքի տակ:

Ժամը հինգն էր: Փարթիին մի հոգի եկավ: Հա, ինքը երևի միակ մարդն էր, որ կյանքում երբեք երկրաշարժ չի զգացել:

Մարտի 11: Նոթեր այն մասին, թե ինչ դետեկտիվ պատմության մեջ ընկա, մինչև համալսարան հասնելը

-Վարորդ, մի հատ կանգնեք, էլի,- ասաց կանգնած ուղևորներից մեկը:

Այդ կնոջ ձայնի մեջ անհանգստության տոն զգացի, չնայած ականջներումս լսվող հարդ ռոքին ու պատուհանից երևացող անձրևին: Տնից մի քիչ շուտ էի դուրս եկել, որ չուշանայի դասերից:

-Ի՞նչ ա էղել,- ասաց մի քանի մարդ միաժամանակ:

-Պայուսակիս ցեպը բաց էր: Դրամապանակս չկա: Խնդրում եմ՝ անկեղծ ասեք, թե ով ա վերցրել, հետ վերադարձրեք:

Նստած էի պատուհանի մոտ՝ առաջին շարքում: Հայացքս թեքեցի աջ: Գողը մեծ հավանականությամբ տղամարդ է: Կնոջ մոտակայքում երկու տղամարդ էին կանգնած: Նրանք միանգամից դարձան իմ երկու կասկածյալները, եթե իհարկե միասին չեն աշխատում:

-Հետ տվեք դրամապանակս: Մինչև չվերադարձնեք, չենք շարժվի,- շարունակեց կինը:

-Ե՞ս… Ես ինչի՞ պետք ա գողացած լինեի: Ես բան չեմ արել… Ձեր պայուսակը բաց էր: Ձե՞ռ եք առնում,- ասաց կասկածյալ համար 1-ը, որն ավելի մոտ էր կանգնած կնոջը՝ նյարդային շարժումներ անելով և կակազելով:

-Բայց ինչի՞ եք դուք ինչ-որ մեկին անհիմն մեղադրում,- հանկարծ սկսեց խոսել մի կին ուղևոր,-ձեր պայուսակը բաց էր: Կարող ա դրամապանակը տանն եք մոռացել:

8:35: Եթե մոտ հինգ րոպե էլ կանգնած մնանք, հնարավոր է՝ ուշանամ:

Բոլորի ուշադրությունը կնոջ վրա էր: Բոլորն էլ գնում էին աշխատանքի կամ դասի: Երկրորդ կասկածյալի շուրթերին հայտնվեց թեթև ժպիտ: Մի ակնթարթ, որը կարող էին նկատել միայն նրա կողքին կանգնած աղջիկը և առաջին շարքում նստածները: Անգամ «Մահվան տետրի» Լայթը հինգ տարի զսպել էր իր ժպիտը, մինչև բացահայտվելն ու վերջնականապես խելագարվելու պատճառով թեթև քմծիծաղը շնչահեղձ լինելու աստիճան ծիծաղի վերածելը:

-Հլը երկա՞ր եք դրամապանակը ման գալու,- հարցրեց վարորդը:

Այն վարկածը, որ կինը հնարավոր է դրամապանակը տանն է մոռացել, դարձավ գրեթե ճշմարտություն բոլորի համար:

Վարորդն այլևս չէր կարող սպասել: Շարունակեց ճանապարհը:

-Մի հատ զանգեք, ճշտեք, հնարավոր ա տանն եք թողել ու անիմաստ կասկածում եք:

Մի քանի վայրկյան անց կասկածյալ համար 2-ը իջավ առաջին իսկ կանգառում, իսկ կասկածյալ համար մեկը տեղափոխվեց վարորդի կողքին՝ դռան մոտ:

Ժամանակին հասա համալսարան: