Հայրենիքիս նման Մարին

Ասում եք՝ վերջացել է պատերազմը, այո՞: Գիտե՞ք՝ իրական պատերազմը սկսվում է ռազմական գործողություններից հետո, երբ արդեն լուռ են զենքերը, բայց  մենք ու մեր ցաված հոգիները չենք կարողանում լռել և անդադար մեր ներսում կռիվ ենք տալիս բոլորի՝ նենգ թշնամու, անտարբեր աշխարհի ու մեր անհաջող ճակատագրի հետ: Կանցնեն տարիներ, իհարկե, մենք կրկին շարունակելու ենք ժպտալ, ուրախանալ, ապրել մեզ բաժին հասած կյանքը, բայց, միևնույնն է, մենք միշտ հետադարձ հայացք ենք գցելու 2020 թվական և մեծ ցավով ու երախտագիտությամբ հիշելու ենք մեր հերոսներին:

Արցախի Շահումյանի շրջանի Ականաբերդ գյուղից մեզ մոտ` Լոռու մարզի Ճոճկան գյուղ վերաբնակված մի ընտանիք, ամեն օր իմ աչքի առաջ լինելով, թույլ չի տալիս հանգցնել ներսումս եղած՝ պատերազմի վառած կրակը: Որքա՜ն հարցեր ունեի, որքա՜ն պատասխաններ էի ակնկալում ստանալ նրանցից: Այդ ընտանիքի երիտասարդ կինը՝ 25-ամյա Մարին, չմերժեց իմ խնդրանքը և պատմեց այն ամենը, ինչ կատարվել էր իրենց հետ: Սառած հայացքով և թաց աչքերով մի ուղղությամբ էր նայում, տեղ-տեղ կորցնում էր ինքնատիրապետումը, չէր կարողանում զսպել իրեն և արտասվում էր այնպես դառնագին, որ այդ աչքերը ողջ կյանքում մոռանալ չեմ կարող: Այդ պահին նա ինձ համար իմ կորցրած հայրենիքն էր, իմ Արցախն էր, որին անասելի ցավ էին պատճառել:

Նախքան սկսելը, ես խնդրեցի թույլ տալ` ձայնագրել ողջ պատմությունը: Ափսոս, որ չեք կարող տեսնել նրա աչքերը և լսել դողացող ձայնը, երբ պատմում էր այս ամենը:

«Ամսի 27-ի առավոտյան ժամը 7-ին արթնացել ենք կրակոցների ձայնից: Մի պահ մտածեցի, թե ամպի ձայներն են: Ամուսնուս ասացի, որ դուրս գա, տեսնի, թե ինչ ձայներ են՝ եղանակի՞ց է, թե՞ էլի հարձակվել են: Ապրիլյանի ժամանակ էլ է այդպես եղել: Ամուսինս ասաց, որ ամպը չէ, էլի կրակոցներ են: Ասացի, որ գնա հարևանի տուն, եթե մեր հարևանը, ով ծառայող էր ու արձակուրդի մեջ էր, տանն է, ուրեմն վտանգավոր չէ, զորավարժություններ են երևի, իսկ եթե կանչած լինեն իրեն, ուրեմն վիճակը էլի սրվել է: Ամուսինս գնաց, մոտ կես ժամ սպասեցի, բայց դեռ չէր գալիս: Էլ չհամբերեցի, ես էլ գնացի նրա հետևից: Գնացի տեսա, որ մեկը մեկից ավելի տխուր են, սրտներից արյուն էր գալիս, Մոսին՝ հարևանս, ասաց, որ էլի վիճակը սրվել է, ու ինքը գնաց, իր մեքենան էլ թողեց, որ եթե  տեսնենք վիճակը չի հանգստանում, երեխաներին վերցնենք ու  գնանք:

Ամուսինս գնացել է գյուղապետարան, ասել, որ իրեն տանեն կռիվ, չեն ուզեցել տանեն, բայց կռվով-դավով գնացել է: Զանգել էի մամայիս, հարցնում էի՝ ինչ է անում, ասաց, որ գնում է հոն քաղելու, ասացի՝ հարձակվել են, ի՞նչ հոն, շորերը, փաստաթղթերը հավաքի, որ ամեն պահի պատրաստ լինեն դուրս գալուն: Մայրս ասաց՝ չէ՛, չեն թողնի գյուղից դուրս գանք: Մամայիս հետ կռվեցի. ես լացում էի, ասում էի` կրակոցներ են, իսկ ինքը  գնում էր հոնի: Ամուսինս եկավ, ասաց, որ հավաք է, իր անունն էլ են գրել, հարցրեցի՝ գրե՞լ են, թե՞ գրել է տվել: Ապրիլյանի ժամանակ էլ իրեն չեն տարել, որովհետև ինքը փաստաթուղթ ունի, որ իրեն իրավունք  չունեն պատերազմ տանելու, ասաց՝ չէ՛, գրել են: Ճիշտը չասաց, գիտեր, որ եթե ճիշտը ասեր, չէի թողնի… Եկավ մեզ հաջող արեց ու գնաց, հագին  բարակ շորեր էին, հետը ոչինչ չվերցրեց, ասաց, որ պապայիս ասել է, պապան մեզ կտանի գյուղից, ամեն ինչ լավ կլինի, ու գնաց… Ես տանը մնացել եմ երեք անչափահաս երեխաների՝ 15-ամյա քրոջս ու երկու երեխաներիս հետ: Սկսեցինք լացել, բայց հույսներս չէինք կտրում: Գյուղից դուրս գալիս էլ էլի հավատում էինք, որ մի քանի օր է տևելու, ամեն ինչ լավ կլինի, էլի կվերադառնանք մեր գյուղ, մեր տուն: Մինչև հիմա էլ այդ հույսն ու հավատը ունենք, որ ամեն ինչ լավ է լինելու, մեր հողերը հետ են տալու, մեր գյուղը նորից մերն է լինելու, բայց մեր մեջ առաջվա ուժն ու եռանդը չկա, այն կոտրվել է: Ամուսինս, եղբայրս, հարազատներս կռվի գոտում էին, ու մեր մեջ էլ սիրտ չմնաց, և իրենց այդքան տանջանքն ու չարչարանքը մի վայրկյանում հօդս ցնդեց. դա շատ ցավոտ էր:

Մեր հողերը չտային, թեկուզ զգուշացնեին, ասեին՝ մի կռվեք, հողերը տալիս ենք: Այդքան զոհերը, մեր տասնութ տարեկան տղերքի արյունը մնաց թուրքի ձեռքին, հիմա այդ  թափած արյունի վրայով թուրքն է քայլում…

Պապաս իմ ընտանիքը արդեն տարել էր Չարենցավան, ես էլ պապայիս հետ պետք է գնայի: Արդեն մթնում էր, ուշ էր, գյուղի ժողովրդի կեսը արդեն դուրս էր եկել, լացելով գնացել եմ ու հարևանուհուս խնդրել, որ իրենց հետ գյուղից դուրս գամ: Իրենց հետ մինչև Վարդենիս եկել ենք, Վարդենիսում հորս հորեղբոր տղան մեզ դիմավորել է, տարել իրենց տուն, մի քանի ժամ հանգստացել ենք, հետո մեզ տարել է կողքի գյուղի իր հայրական տուն, երեք օր այդտեղ մնացել ենք: Պայմաններ չի եղել, ջուրը երեք օրը մեկ էին տալիս, երեխաների կեսը հատակին էին քնում: Հինգ ընտանիքով՝ քսանմեկ հոգով, մի տան մեջ էինք մնում: Հետո հորեղբորս աղջիկը տեսավ, որ ի վիճակի չենք այդտեղ մնալու մինչև պատերազմի վերջ, մարդիկ գտավ, որ մեզ օգնեն: Մեզ տարան Չարենցավանի կողքի գյուղ, երկհարկանի մեծ տուն կար, վարձեցին, ու այդտեղ մնացինք մինչև կռվի վերջը, բայց թե ինչեր են անցել մեր գլխով, մենակ Աստված գիտի… Երեք օր ամուսնուցս լուր չեմ ստացել: Հղի վիճակում, մի կերպ սրան-նրան հարցուփորձ անելով՝ գտել եմ, դրանից հետո երեխաները հիվանդացան, ես ընկա անկողին, շատ տանջանքներով ենք անցկացրել պատերազմի օրերը: Եղբայրս է երկու անգամ վիրավորվել, և ամենադժվարը հենց նոյեմբերի 9-ին էր: Քնել էի արդեն, քույրս եկավ, ասաց՝ հանգիստ քնել եմ, վեր կենամ, աչքերս բացեցի, ասաց, որ կռիվը վերջացել է, ուրախ-ուրախ ասացի՝ վերջ, ամենքս գնում ենք մեր տուն, ասաց՝ չէ՛, չենք գնում, հողերը հանձնած է: Ամենամեծ հարվածը այդ պահին եմ ստացել, որ իմացել եմ՝  տուն-տեղս, ամեն ինչս կորցրել եմ: Հինգ օր ժամանակ տվեցին, որ գնանք մեր տան մեջ ունեցածը հանենք: Լավ հիշում եմ, որ նոյեմբերի 13-ին հղի վիճակում նստել եմ մեքենան ու քրոջս հետ գնացել: Նախ գնացել եմ իմ եղբոր հուշարձանի մոտ, որ զոհվել է էլի թուրքերի պատճառով: Ես մեկ տարի ցանկացել եմ ծաղիկներ վերցնել  ու գնալ, բայց ամեն անգամ մի բան խանգարել է, չեմ կարողացել գնալ, նկարներով տեսել էի, թե քարը ոնց են սարքել, բայց երբ մտա, տեսա, որ հուշարձանի տեղը դատարկ է, քարը չկա… 2014 թվականին մենք մեծ հարված ենք ստացել ու այդ հարվածին շատ մեծ դժվարությամբ դիմացանք: 2014-ի հուլիսին Քարվաճառում ադրբեջանցի դիվերսանտները սպանել էին 17-ամյա եղբորս՝ Սմբատ Ցականյանին: Խաբեությամբ նրան պատանդ էին վերցրել, հետո սպանել: Հիմա եղբորս սպանողներին ազատ են արձակել, փոխարինել հայ գերիների հետ:

Եվ հիմա էլ այդքանը հաղթահարելուց հետո, նորից անցանք այդ ամենի միջով, ավելի լավ կլիներ հենց առաջին օրվանից տային հողերը, երևի այդքան ցավ չէինք ապրի, քան հիմա:

Գնացել եմ տանս մեջ ունեցածը վերցրել ու մեծ դժվարությամբ  եմ հետ եկել, որովհետև թողնում էի իմ տունը, հողը… Ինչ էլ ուզում է լինի, ուր էլ գնաս, հա՛, մեր երկիրն է, մեր հայերն են, բայց քո տունն ուրիշ է: Մայրս ասաց, որ մտնեմ մեր հայրական տուն, այնտեղ բավականին շատ մեղր ունեինք, տանեի մեզ հետ, որ գոնե որոշ ժամանակ կարողանանք ապրել, բայց երբ մտա մեր տուն, տեսա այն դատարկ է, ամեն ինչ ավերված…

Ամիսներ հետո եկել ենք Ճոճկան, շատ դժվարությամբ ենք եկել ու հասել այստեղ, տեղից տեղ ենք փոխել, սկզբում Շամլուղ էինք գնացել, որ այնտեղ մնանք, բայց ընդամենը մի գիշեր մնացինք, չէի կարողանում հարմարվել, դժվար էր: Ամուսնուս ընկերոջ եղբայրը առաջարկեց, որ գանք Ճոճկան ու իր հայրական տանը մնանք: Եկանք, տեղավորվեցինք, մեծ քույրս երկու երեխաներիս տարավ իրենց գյուղ, ես ամուսնուս հետ մենակ մնացի… Ամբողջ օրը չորս պատի մեջ, շատ տխուր… Ոչ մի տեսակի պայմաններ չկային, ջուրը ձեռքով էինք բերում, շատ դժվարությամբ ենք այս ամենից դուրս եկել: Հետո գնացի Ստեփանավան, տեղի հիվանդանոցում ծննդաբերեցի, մի քանի օր այնտեղ մնալուց հետո էլի եկանք Ճոճկան: Փոքրի հետ շատ դժվար էր. փայտ չկար, որ տաքանայինք, ջուր չկար, որ երեխային լողացնեի, շորերը լվանայի, ամուսինս հարևանի տնից էր ջուր բերում, մոտ տասնհինգից քսան օր փոքր երեխայիս հետ այդ պայմաններում մնացինք: Այն կարգավիճակում էինք, որ բոստանից փայտի կտորներ էինք հավաքում, որ սենյակը մի փոքր տաքացնենք, չմրսի երեխան: Հետո հասկացանք, որ էլ չենք կարող այսպես, ուրիշ տուն գտանք, նորից տեղափոխվեցինք, նորից  մեր ողջ ունեցածը տարանք, այն էլ փոքր երեխաների հետ, շատ դժվար էր: Մի կերպ եկանք, տեղավորվեցինք… Չգիտեմ, երևի ամեն ինչ լավ կլինի, մենք արդեն հարմարվում ենք գյուղի, միջավայրի հետ, արդեն ծանոթություն ենք ձեռք բերել, շատ ուրախ կլինենք, որ էլի այդ ամենի միջով չանցնենք»:

Մարին շարուկանում է ժպտալ և իր ժպիտով մեզ էլ հուսադրել: Եվ ես ավելի եմ համոզվում, որ իսկապես, նա շատ նման է հայրենիքիս. ապրել է այսքան ցավ, պատերազմի հետևանքները զգացել սեփական մաշկի վրա, բայց ապագայի հանդեպ ունեցած հույսից չի զրկվել:

Ո՛չ, պատերազմը չի լռել: Լռել են միայն զենքերը, բայց մեր՝ այս ամենը կրկին չապրելու հույսով ու անմար երազանքով լցված սրտերը երբեք չեն լռի: