sona abunts

Իղձեր ու երազանքներ

… Բարձրահարկ երկու շենք՝ իրար միացած ամուր պարանով: Շուրջս մարդիկ են. եկել են ինձ երկրպագելու, ուժ տալու: Պատրաստվում եմ քայլել այդ թելի վրայով և մի շենքից հասնել մյուսին: Վախս հաղթահարելու օրն է: Հանում եմ կոշիկներս, վերցնում եմ երկար ձողս, որով պետք է հավասարակշռությունս պահեմ լարախաղացի պարանի վրա, նաև վերցնում եմ հեռախոսս: Երազանքս է այդ բարձրության վրա, այդ պարանի վրա ունենալ սելֆի: Այո, հանգիստ ասացեք` ապուշ երազանք է, անհեթեթ, կյանքին վտանգ սպառնացող: Բայց դե ի՜նչ արած, իմ սիրտն էլ դա՛ է ուզում: Ծափահարություններ… Եվ ես բարձրացա: Ճոճվում եմ աջ, հետո` ձախ, հետո նորից` աջ, այնուհետև` հետ ու առաջ…

Մի քանի րոպե հետո շտապօգնության մեքենան կանգնած է լինում ներքևում, տասնյակ մարդիկ են հավաքվում: Ինչո՞ւ: Երևի զգում են, թե ինչ է կատարվելու: Աջ, ձախ, ա՜, թըմփ… Վերջ:
Հետո չեմ հիշում՝ ինչ է կատարվել, որովհետև ոտքերիս ուժեղ ցավից տեղիցս վեր եմ թռչում. երազն ավարտված է: Ու ես մտածում եմ՝ ինչքան անպիտան ու թույլ եմ ես. անգամ երազում չեմ կարողանում երազանք իրականացնել:
Գլուխս իջեցնում եմ բարձին, շարունակում քունս ու փորձերս:
…Ծով է, քամի, ավազ ու արև: Մեր նավը լողում է օվկիանոսի կենտրոնում: Ես արդեն հագել եմ ռետինե լողազգեստը և պատրաստվում եմ սուզվել ջրի խորքը: Ցա՛տկ: Մեկ, երկու, երեք, չորս հինգ… Այսպես մինչև վաթսունը հաշվեք, ու շունչս կկտրվի:
Հիսունհինգ, հիսունվեց, հիսունյոթ, հիսունութ, հիսունինը… Բավական է: Ինձ կոտորում եմ ջրի տակ, չգիտեմ` ինչ անել, որ փրկարարները իջնեն ու դուրս հանեն ինձ: Անխելքները չեն մտածել, որ անփորձ է, կարող է` խեղդվի, կարելի է հետը սուզվել: Մինչ ես ինձ կկոտորեմ, մեկ էլ տեսնեմ սպիտակ շնաձուկ կոչվածը երախը բացած շտապում է ինձ մոտ:
Նորից մեկից սկսեք հաշվել, մինչև հասնեք երեքին, ես էլ չեմ լինի:
Մեկ, երկու, երեք… Ա՜, հա՛մփ:
Շնաձկան ատամների ծակոցից վեր եմ թռչում տեղիցս: Աստվա՜ծ իմ, կրկին չստացվեց: Ո՞նց բաց թողեցի ջրի տակ լինելու և վայելելու հնարավորությունը: Բայց, ինչո՞ւ չեք ասում, որ ես մեղավոր չեմ, շնաձուկը ինձ կերավ: Թե չէ` հաստատ դեռ երկար էի ջրի տակ մնալու, դե՛, գիտեք հնարավորություններս:
Գլուխս իջեցնում եմ բարձին, շարունակում քունս ու փորձերս:
…Փոքրիկ պատուհան, կողքիս անծանոթ թռչող, պատուհանից կարծես սպիտակ սավան է կախած. դուրսը ամպեր են, ուրիշ ոչինչ: Ինքնաթիռում եմ, արդեն պատկերացրիք: Հաջող վայրէջք ենք կատարում: Նստում եմ օդանավակայանից Փարիզ տանող ավտոբուսը: Հասնում եմ Փարիզ: Ավելին, հասնում եմ Էֆոիս աշտարակը: Մեքենան դեռ չկանգնած ես դուրս եմ թռչում մեքենայից, գլորվում գետնին, վեր կենում ու ինչքան ուժ ունեմ վազում դեպի աշտարակը: Վազում եմ, հասնում եմ, անվերջանալի աստիճաններով եմ արդեն բարձրանում: Իմ երազանքը ավելի շատ ոչ թե աշտարակը տեսնելն է, այլ աշտարակից բացվող տեսարանը տեսնելը: Բարձրանում եմ, բարձրանում, չեմ հասնում, չի վերջանում: Հերթական արագ քայլերս եմ անում, ու մեկ էլ… Այս անգամ էլ` դը՛մփ: Ահաբեկիչներն էին: Պայթեցրին երազանքս: Պայթյունը տեղում վառում է ինձ ու շպրտում իրականություն: Քրտնախաշ եղած արթնանում եմ, մի քիչ սթափվում, ընկալում, որ ընդամենը ցավոտ երազ էր, անկատար երազանք:

Կտրվի երևակայությունս, որ ոչ մի կերպ չի թողնում ուզածիս հասնեմ: Այս անգամ գլուխս բարկացած եմ դնում բարձին ու փորձում շարունակել փորձերս, որոնք, ինչպես ինքս ինձ խոստացա, պետք է ցանկացած գնով իրականություն դարձնեմ: Հասկացե՛ք, արդեն քինախնդրության հարց էր, «սկզբունք» կոչվածի: Գլուխս խոնարհում եմ բարձիս: Գնացինք:
…Սառնամանիք, բուք ու բորան, ծովի մակարդակից 2500 մ բարձրության վրա եմ գտնվում: Ուժեղ քամին գետնից հավաքում է ողջ ձյունը և դրանով ուժեղ ապտակներ տալիս: Բայց ես դիմանում եմ, ընկնում եմ, հետո, ուժերս հավաքելով, վեր եմ կենում ու շարունակում ճամփաս: Արդեն կեսում եմ: Արարատի մեջտեղում եմ: Կողքովս Աբովյանի ուրուն է քայլում, բարձր ձայնով հետը զրուցում եմ ու շարժվում առաջ:
-Աբովյա՛ն ջան, ո՞ւր ես, չկաս այսքան տարի:
-Եթե ուզում եք ինձ տեսնել, եկեք այստեղ՝ Արարատ: Իմ հոգին այստեղ է: Ով ի սրտե ցանկանա ինձ տեսնել ու գա այստեղ, ես կհանեմ նապաստակի մորթու նման ճերմակ իմ անտեսանելի ծածկոցը, և նա կտեսնի ինձ:
-Իսկ այսպիսի ցրտի պայմաններում ո՞նց ես մնում:
-Կանգնի՛ր, չշարժվես: Տե՛ս, դիմացդ արևմուտքն է, որտեղ գտնվում է Հայաստանը: Այստեղից միշտ ջերմություն է փչում: Հետևումդ արևելքն է՝ Թուրքիան, այստեղից սառնամանիք է գալիս: Հայաստանից եկող տաքությունը չեզոքացնում ու ոչնչացնում է թուրքական սառնամանիքը, ես էլ հանգիստ ապրում եմ: Նայի՛ր, քիչ մնաց, հասնում ենք գագաթին:
-Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, ուղիղ եթերում դուք դիտում եք «Հայաստան-Չեխիա» ֆուտբոլային մրցախաղը:
Հայրիկս միացրեց հեռուստացույցը… Արթնացրեց:
Այլևս չեմ դիմանում, ուզում եմ բարձր լացել, ախր, ինչքա՞ն կարելի է տապալել երազանքներդ:
Չէ՛, երևի արթնանամ ու իրականում սկսեմ պայքարել ու իրագործել դրանք: Թե չէ` երազելով բան դուրս չի գա: