vahe baghdasaryan

ԻՄՓԱՔԹ ակումբ Կաքավաձորում

Արագածոտնի մարզի Կաքավաձորի Մ.Մխիթարյանի անվան միջնակարգ դպրոցում գործում է ԻՄՓԱՔԹ ակումբը: Ակումբի գործունեությունը սկսել է սույն թվականի փետրվար ամսից, որն ունի երեք առաջնորդ` Զվարթ Խաչատրյանը, Խանում Խաչատրյանը և Սասուն Ասատրյանը: Ակումբ հաճախում են 12-15 տարեկան երեխաները: Ակումբն իրականացնում է ոչ ֆորմալ կրթություն, և երեք ամիսը մեկ ակումբակաները փորձում են լուծել համայնքային որևէ խնդիր:

Ավելի մանրամասն ակումբի գործունեությանը ծանոթանալու համար զրուցեցինք ակումբի առաջնորդ Զվարթ Խաչատրյանի հետ:

-Ինչպե՞ս որոշեցիք գյուղում ԻՄՓԱՔԹ ակումբ բացել:

-Անկեղծ, երբևէ չէի լսել ԻՄՓԱՔԹ ակումբի մասին: Դպրոցի տնօրեն ընկեր Մինասյանը առաջարկեց և նշեց, որ առաջարկել է «Վորլդ Վիժոնին» ԻՄՓԱՔԹ ակումբ բացել մեր դպրոցում և առաջնորդի դերում էլ ինձ է տեսնում: Հետաքրքրեց ու անմիջապես համաձայնեցի: Արդեն ինքս ընտրեցի իմ գործընկերներին՝ Խանումին ու Սասունին:

-Իսկ ինչպե՞ս տեղի ունեցավ ակումբի անդամների ընտրությունը:

-Ակումբի ֆորմատը թույլ է տալիս տարբեր տարիքային երեխաների հետ աշխատել: Ես ընտրեցի այն տարիքային խումբը, որի հետ հետաքրքիր է աշխատել, բացի դրանից այն տարիքն է, երբ երեխայի մոտ սկսում է տեսակետ ձևավորվել:

-Ի՞նչ ծրագրեր է իրականացրել ակումբը:

-Ակումբականները իրենց առաջին ծրագրով «Էյ Թի Փի» կազմակերպության աջակցությամբ իրականացրեցին ծառատունկ դպրոցի այգում, ինչն էլ մեծ ոգևորություն առաջացրեց թե’ ակումբ հաճախող երեխաների, թե’ դպրոցի աշակերտների, և թե’ համագյուղացիների շրջանում: Իսկ օրեր առաջ ԻՄՓԱՔԹ ակումբի «Առաջնորդություն» մոդուլն ուսանելուց հետո ակումբականները եւ ակումբի առաջնորդները մշակեցին երկրորդ համայնքային ծրագիրը՝ «Դիմավորենք նոր ուսումնական տարին ավելի բարեկարգ դպրոցի բակում)» անվամբ, որի նպատակն էր դպրոցի բակի ցանկապատները հանել և տեղադրել աղբամաններ ու նստարաններ: Երեխաները շատ ոգևորված էին իրենց կատարած աշխատանքով: Դպրոցում նման ծրագիր և նախագիծ առաջին անգամն էր իրականացվում, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում «Վորլդ Վիժն» կազմակերպությանը, համայնի ղեկավար` Հ.Բաղդասարյանին, դպրոցի տնօրեն` Է.Մինասյանին, ինչպես նաև դպրոցի աշխատակիցներ` Զաքար Խաչատրյանին, Տոնական Խաչատրյանին՝ աջակցության համար: Առանց նման աջակցության մենք չէինք ունենա նման արդյունք։

-Ի՞նչ ծրագրեր եք պատրաստվում իրականացնել առաջիկայում:

-Սեպտեմբերին նախատեսվում է ԻՄՓԱՔԹ ակումբի դասարանի բացումը, իսկ համայնքային երկու ծրագրեր ունենք աշնանը, որի մասին կխոսենք իրականացնելուց հետո: Չեմ ուզում ասել՝ ինչ ենք անելու: