ani v. shahbazyan malishka

Գովք բոթասի

-Անին լրիվ ամերիկացի ա դարձել։
-Էէ՜, պապ…
-Հա, ի՞նչ, սուտ ե՞մ ասում։ Խոսակցություն, որը լինում է ամեն օր՝ հաց ուտելուց առաջ, հաց ուտելուց հետո, մեկ էլ քնելուց առաջ։ Ոնց-որ բժշկի նշանակած դեղատոմս։

Հիմա կբացատրեմ։ Մերոնց դուր չի գալիս, որ ես տարին 12 ամիս բոթաս եմ հագնում։ Հրաչ Մուրադյանը էստեղ լիներ, կասեր, թե՞ ինը։ Չէ, էստեղ Հրաչի հետ համաձայն եմ, որովհետև ձմեռը չեմ հագնում։ Ափսոս․․․

Հա, ի՞նչ էի ասում։ Մերոնք ամերիկացի ասելով հասկանում են մարդիկ, ովքեր միշտ բոթասով են ու պայուսակներն ուսերին ու ովքեր ունեն «ջանգլի-ջունգլի» երգեր։ Ու, քանի որ ես էլ եմ միշտ բոթասով, պայուսակն ուսերիս ու երգում եմ «ջանգլի-ջունգլի» երգեր՝ ես էլ եմ ամերիկացի։

Էն օրը ասացի՝ լավ է, մի օր էլ ամառային կոշիկ հագնեմ, մերոնց խաթրից դուրս չգամ։ Էն էլ ի՞նչ. գնացի, ճամփի կեսին պոկվեց, ու ես ժամեր անց տուն վերադարձա նոր քայլվածքով, որը կոչվում է «եսիմ ինչ»։ Ու մայրիկս ասաց, թե բա՝ բոթաս հագնեիր, ինչի՞ ես դրանք հագել։ Էդ պատասխանից բոթասներս էին զարմացել, ուր մնաց ես չզարմանայի։ Փաստորեն բոթասներն էլ կարող են իրենց շոյված և գնահատված զգալ։ Ի՞նչ եմ խոսում, լավ, ինչևէ։ Էս նյութս նվիրում եմ իմ բոթասների գլխավորությամբ բոլոր բոթասներին: Դուք սեր եք, ձեր նմանը չկա։ Բոլոր ժամանակներում ամենահարմարն եք։ Մարդիկ, սիրեք և գնահատեք նրանց։ Ու թող ինձ ներեն բոլոր կոշիկները, բոլոր սանդալներն ու «մատով լաթերը»։

Հ․Գ․ Մամ, ինձ թվում է հասկացար, թե ինձ ինչ է պետք սեպտեմբերին։