vahan chobanyan

Իմ Ագարակ, ես լքեցի քեզ

Այսօր վերջապես գյուղ գնացի, երկու ամսվա ընդհատումից հետո նեղ գրաֆիկիցս ավելի նեղ ազատ ժամանակահատված գտա ու գնացի` Լոռու մարզ, գյուղ Ագարակ։ Ամեն անգամվա նույն ճանապարհն այս անգամ ավելի կարճ թվաց հակառակ իմ սպասումների. կարոտը կրճատել էր և ճանապարհը, և ժամանակը։

Գյուղս նույնն էր, նույնն էր տխրությունը։

Փակ դռները չէին բացվել, դեռ ավելին, ժանգոտել էին նրանց գոտիները, ծանրացել, փակվել էին նորերը։ Ծերացել էր գյուղս, ծերացրել ենք գյուղս։

Ծառերն առաջվա պես ինքնամոռաց չեն կանաչում, դաշտերն առաջվա նման իմ առաջ սեղան չեն փռում հյուրասիրության, անմշակ են այգիներս։ Ուժ չի մնացել արտասվելու. ոնց են ցամաքել գետ-վտակները։

Ձորն էլ էն հեռվից էլ չի շառաչում. համակերպվել է իր ցավի հետ։

Թռչունները չեն չվում հարավ. ի՞նչ հույսով թողնեն բները դատարկ։

Կնճռոտվել է ճակատն անտառի, հատել են աջ-ձախ, էլ ոնց դալարի։

Եկեղեցու տանիքն են փոխել, երկդարյա պատմությունն ինչո՞ւ են ջնջել։

Ծածկել-փակել են մեր թոնիրները, որտեղի՞ց առնեմ հացի հոտերը։

Ախ, էս ոնց են փոխել պատկերդ, լքել են քեզ որդիներդ։ Մնացել են ծերերը, հավատարիմ տատ ու պապերը։ Իսկ ե՞ս…

Դավաճանի պես էլի կլքեմ քեզ, կգնամ, որ կարոտեմ, որովհետև էնքան համարձակություն չունեցա, որ մնամ սիրեմ։ Կդողամ ուրիշ արևի տակ քո ձմռան ցրտից, խոտի բույր կզգամ ասֆալտներից տաք։ Իսկ դու հավատարիմ կմնաս քո մութ ամպերին, հպարտ սարերին ու խոր ձորերին։ Դու կմնաս, կմնաս, որ կարոտենք, որ մի օր խելքի եկած գիրկդ թռնենք, որ կանաչես ու ջահելանաս, որ հավերժանաս: