անի հարությունյան /մայիսյան/

Իմ բրդոտ ընկերը

Փոքրիկ շուն ունեի, անունն Արջուկ էր: Շատ բրդոտ էր, դրա համար էլ այդպես էինք անվանել: Մորթին սև ու մոխրագույն էր, տեղ-տեղ էլ սպիտակ երանգներ կային: Հետաքրքիր ու թախծոտ աչքեր ուներ, հաճախ էր տխուր հայացքով նայում: Ձայնը բարակ էր, ու երբ հաչում էր, մի քիչ «սղոցում» էր ականջս:

Ծնված օրվանից մեր բակում էր: Ես էլ բավականին փոքր էի: Շատ էի նեղվում, երբ գիշերները նվնվում էր: Քիչ էր մնում վերցնեի ու բերեի տուն: Իմ ու եղբորս հետ մեծացավ, արդեն մեր տան անդամն էր: Բոլորս սիրում էինք: Երբ երկար ժամանակով բացակայում էինք տանից, միշտ մտքումս էր, թե ինչ կերավ, ինչ արեց: Հենց վերադառնում էինք, մեքենայի ձայնը լսելուն պես վազում էր մեր առաջ, կարոտած «փաթաթվում» մեր ոտքերին, ու այնպես էր պոչը շարժում, թվում էր՝  պարում է:

Հաճախ նստում էի կողքին՝ աստիճանների վրա, ու երկար նայում, մեկ-մեկ էլ խոսում էի հետը: Ուշադիր լսում էր, ամեն ինչ հասկանում, ու եթե խոսել իմանար, հաստատ կպատասխաներ: Երբ տխրում էի, կարծես զգում էր ու կարեկցող հայացքով նայում ինձ:

Մի քիչ վախկոտ էր: Երբ անծանոթ շներ էին հայտնվում բակի մոտերքում, միայն հեռվից էր հաչում, իսկ երբ տանից դուրս էի գալիս, այնպես էր սլանում նրանց կողմը, որ թվում էր՝  հիմա կհոշոտի:

Մի քանի տարի առաջ վերանորոգում էինք տունը: Ամենուր փոշի, խառը իրեր: Ու մեր Արջուկը հմտորեն օգտվում էր ազատությունից, հանգիստ ելումուտ էր անում տուն: Բարձրանում էր երկրորդ հարկ, նստում մահճակալիս կողքը մինչև արթնանայի:

Միշտ ասում էի.

-Մա՛մ, ի՞նչ պիտի անենք, որ Արջուկը չլինի: Ես չեմ դիմանա…

Բայց…Մի քանի օր էր, չկար: Սկսեցինք անհանգստանալ: Չէր երևում, չէր հաչում, էլ չէր վազում դիմացս, երբ գալիս էի տուն…

Այդպես էլ չհայտնվեց…

Դրսում շատ շներ կան: Հաճախ վեր եմ թռչում, երբ հաչում են…Այնքան նման է լինում Արջուկիս ձայնին…

Միշտ ականջումս հնչում է Արջուկի ուրախ ու զրնգուն ձայնը: Կյանքում իմ առաջին ամենամեծ կորուստն էր: Նա ինձ հետ է, իմ խենթ ու խելառ մանկության հետ, ու ինձ կուղեկցի իմ ողջ կյանքում: