margarita ghazaryan

Իմ գյուղը. Ճոճկան

Շատերը «գյուղ» բառը լսելիս պատկերացնում են աշխարհից վերացած, շատ ու շատ հնարավորություններից զուրկ մի տարածք, որտեղ մարդիկ կտրված են ամեն ինչից։ Իհարկե, ես չեմ ասի, որ չկան նման գյուղեր, բայց ուրախությամբ պետք է նշեմ, որ իմ գյուղն այդպիսին չէ։

received_2634279180153684

Տարիներ առաջ մեր գյուղը ևս շատ կարևոր միջոցներից զուրկ էր։ Գյուղացիների համար ուղղակի երազանք էր սեփական տան մեջ խմելու ջուր ունենալը, ասֆալտապատված ու լուսավորված փողոցով քայլելը և գոնե մի զբոսայգի ունենալը։ Խմելու ջրի համար գյուղի աղբյուրների մոտ միշտ հերթեր էին գոյանում։ Բայց գիտե՞ք՝ մեր գյուղը՝ Ճոճկանը, հիմա քաղաքից առանձնապես չի էլ տարբերվում։ Քաղաքացուն վայել կյանք են ապրում գյուղացիները, միայն այն տարբերությամբ, որ հիմնական աշխատանքը հողագործության հետ է կապված։

received_1195696007432097

Հիշում եմ՝ առաջ մեր մշակույթի տունը ոչ բարվոք վիճակում էր, նույնիսկ, երբ համերգներ էին լինում, ստիպված կազմակերպում էին դրսում «բեմ» ստեղծելով, որովհետև չունեինք բարեկարգված սրահ և բեմ։ Իսկ այժմ մեր մշակույթի տունն այնքան գեղեցիկ է վերանորոգված, որ այնտեղ կարելի է կազմակերպել ցանկացած միջոցառում, շուտով կգործեն նաև տարբեր ուսումնական խմբակներ, որոնք մեր գյուղի երեխաների համար երազանք են եղել, շատերը ստիպված են եղել մոտակա գյուղ կամ քաղաք գնալ՝ որևէ բան սովորելու։ Իսկ մշակույթի տան բակում իսկական զբոսայգի են կառուցել. գեղեցիկ ծառեր, ծաղիկներ, նստարաններ և ազատ տարածք քայելու, հանգստանալու, ընկերների հետ զրուցելու համար։

IMG-497fd749e4ff75be2120c446032a1e11-V

Գրեթե բոլոր փողոցները ասֆալտապատված են, հարմար թե՛ ուղղակի քայլելու, թե՛ մեքենայով որևէ տեղ գնալու համար։ Փողոցների մեծամասնությունը լուսավորված է։ Եթե առաջ խուսափում էինք երեկոյան տնից դուրս գալուց, ապա հիմա ցանկացած ժամի կարող ենք հանգիստ դուրս գալ։

IMG-1b43c06c0d2ff69bbdb24ac679ada801-V

Պատգամավոր Արեն Մկրտչյանը ամիսներ առաջ շրջայց կատարելու ժամանակ մեր գյուղի մասին գրել է. «Հրապարակում տևական ու արդյունավետ շփում ունեցա ճոճկանցիների հետ, հավաքագրեցինք մի շարք խնդիրներ։ Ճոճկանում հսկա մարզական-մշակութային կենտրոն է կառուցվում։ Անցկացվում է լեդ լուսավորություն։ Այստեղ ասֆալտապատ են անգամ արահետները։ Երբևէ տեսածս ամենամաքուր գյուղն է»։

IMG-48a8dc0b23eedecd4575b4d391bf4b62-V

Գյուղացիների կյանքն ավելի հարմարավետ ու բարեկեցիկ է դարձել, երիտասարդները հիմա հաճույքով են գյուղում ապրում, ոչ մի բանից հետ չեն մնում, եթե առաջ ավելի շատ գնում էին գյուղից, ապա հիմա շատերն են գալիս և բնակություն հաստատում մեր գյուղում։

Իսկ գյուղի բնության մասին խոսելն ավելորդ է։ Նրանք, ովքեր նկատում և սիրում են գեղեցիկը, անկասկած չեն կարող անտարբեր անցնել մեր բնության կողքով։

IMG-6a682529abb515fd5e45ec365dbd3025-V

Ես հպարտ եմ, որ ծնվել ու ապրում եմ հենց այստեղ՝ Լոռու մարզի Ճոճկան գյողում։ Իմ՝ մարդ տեսակը գուցե լրիվ ուրիշ լիներ, եթե ապրեի այլ տեղ։ Եվ ամեն անգամ, երբ ինձ հարցնեն, թե որտեղից եմ, ես գլուխս բարձր ու հպարտ հայացքով ասելու եմ՝ ես Ճոճկանից եմ։