Meline Hayrapetyan

Գերեզմանոց, ուր վերջին անգամ հանգուցյալն է ոտք դրել

Հորիզոնում ամեն բան իրար շալակ են թռել ու միաձուլվել էնպես, որ առաջին պահին դժվար է հասկանալ առջևում լուսաբաց է, թե մայրամուտ։

Երկու մարդ են երևի զզվել ողջերի աշխարհից ու դանդաղ քայլում են անցյալների՝ մեռելային լռության ու կիսախավարի ստվերոտ ճնշմամբ։

Առաջինը սև, երկար, կիսամաշված բաճկոն է վրան փաթաթել, որ երևի հատուկ մի քանի չափս մեծ է վերցրել մինչև կյանքի վերջ հագնելու համար, կամ ժամանակին բավականին գեր է եղել ու հիմա պատժվում է անցյալում ստամոքսին տեր չլինելու համար։ Մյուսը, հակառակ սրան, կիսաթև, եղանակին բավականին անհարմար մի հագուստ է ճարել, գլխարկով ամուր փաթաթել է գլուխը, իսկ ոտքերին՝ ծնունդից ի վեր բոլոր գարուններից ցեխոտված մի զույգ կոշիկ ունի, որը շուտով կենտ է դառնալու՝ աջ ոտքի թաթը կրունկից անջատվելու անհետաձգելի հեռանկարից։

Պարզ երևում է, որ էս երկուսը հագել են սեզոնային որևէ բաժանման չենթարկված էն ամենը, ինչ ձեռքի տակ ունեցել են։

Երկրորդի ձեռքին գլխիկոր ու նախկինում՝ իր փարթամ ջահելության ժամանակ սպիտակ, իսկ այժմ արևից դեղնած երկու մեխակ են ճոճվում։

Քայլում են կիսամութ գերեզմանոցում ու թվում է՝ որքան շատ են վախենում, էնքան ավելի են առաջանում.

-Մի օր վերջապես տեղափոխվելու ենք էստեղ՝ հավերժական կեցության, վախենալս ո՞րն է,- երևի ինչ-որ ֆիլմից լսած հանդիսավորությամբ ասում է մեխակները քարշ տվողը ու առանց ընկերոջ ծափերին սպասելու (որոնք չէին էլ լինելու) դանդաղ առաջանում է՝ միաժամանակ աջ կոշիկի ծանր դրությունը հաշվի առնելով՝ աչքը դրա վրա պահած։

Կիսամութն էնպես է խտանում, որ մտածել կարելի է, թե էլ երբեք չի լուսանալու (էստեղ բնակվողների համար որ հաստատ էդպես է)։

Տխուր են երկուսն էլ։ Կա՛մ որովհետև երբեք ուրախ չեն լինում, կա՛մ պարզապես էստեղ մշտական կեցության անխուսափելիությունը դուր չեկավ ոչ ոքի։

Էստեղ ապրողները միշտ հաստատուն իրենց տեղում են։ Եկվորները հերթով նայում են բոլոր շիրմաքարերին՝ ծննդյան ու մահվան թվերին ու քննարկում մեկ առ մեկ, թե ում թաղմանը ինչ պսակներ կային ու ինչ հոգեհաց կազմակերպվեց։

Գերեզմանատան ամենահեռավոր անկյունում, որտեղ երևի արևն էլ կարգին լույս չի տալիս, պատժվածի միայնությամբ հանգչում է մեկը։ Երկու անհասկանալի անծանոթները մի կերպ քայլում են էդ կողմ, որտեղ, կարծես, վերջին անգամ ինքը՝ հանգուցյալն է ոտք դրել ու մոլախոտերի՝ իրենցից երկու գլուխ բարձր պատնեշն անցնելով, հասնում են անհասցե էս բլուրին, որին կողքի շիրիմների քողի տակ գերեզմանոց անունն է տրվել։

Անհասցե, անշիրիմ ու անանուն էս մեռելատանը, ուր ոչ մի անգամ խունկ ծխեցնող չճարվեց, փայտից սարքած անավարտ խաչ է միայն կանգնեցված. աշխարհի միակ գերեզմանախաչը, որ հանգուցյալն ինքն է սարքել։

Ընդհանրապես, էստեղ ամեն բան հողի տակ պառկածի ձեռքի գործն է։

Գերեզմանատան էս հատվածի միակ հյուրերը կանգնում են հողաթմբի առաջ, լռում մի քանի րոպե, հետո գլխարկավորը, որի մաշված գլխարկը վաղուց արդեն դադարել է կատարել իր պարտականությունները, կեսից հիշում է կարգը ու հանդիսավորությամբ հանում «սյուվինեռ» դարձած իր գլխարկը, ապա ձեռքի երկու մեխակները, որոնցից մեկի գլուխը աննկատ պոկվել էր ճանապարհի մոլախոտերի հետ մղած անձնվեր մարտի ժամանակ երևի, դնում է բլուր դարձած մեռելի վրա։

երկուսով նստում են խաչի երկու կողմերում ու դեռ երկար լռում։ Ասես ամաչում են խոսել նրա մոտ, ով կդժվարանա զրույցին մասնակցել։

Ծանր լռությունը խախտում է երկար բաճկոնավորի ծոցագրպանից դուրս էկած օղու կիսադատարկ շշի ու բաժակների չխկչխկոցը, որ կողքի գերեզմանոցում երեկվանից հանգչող ջահել տղայի հարազատներից վերցրեց՝ իբրև հոգու հանգստության երաշխիք։

Լցնում է բաժակները կիսով չափ, որովհետև դեռ շատ կենացներ ունեն խմելու։ Հետո օղու շիշը՝ իբրև սրբազան մասունք, դնում է ծնկների արանքն էնպես, որ մի կաթիլ նույնիսկ չթափվի ու բաժակներից մեկը, որի մեջ օղին ավելի քիչ էր, տալիս է գլխարկավորին։ Սա նկատում է անհավասարությունը, բայց հիմա ո՛չ տեղն է, ո՛չ էլ ժամը՝ արդարության համար կռիվ տալու։

Մի քիչ նեղացած՝ ձեռքը արհամարհական կպցնում է բաճկոնավորի սևացած ու կոշտացած մատներին ու դուրս հանում առաջին բառերը։

­­-Խմենք երեկվա ջահելի համար։

Լռություն է իջնում դարձյալ, աչքերը հուզմունքից շաղված բաճկոնավորը ուժեղ փակում է կոպերը՝ ուշքի գալու համար կարծես, հետո նորից բացում ու լռության մեջ լսվում է միայն գիշերվա էս ժամին գերեզմանատուն ոտք դրած էս երկու մարդու շնչափողում օղու կլկլոցը։

Կուլ են տալիս օղին ու հետը նաև կոկորդում խցկված ու ո՛չ առաջ, ո՛չ հետ անող հուզմունքը։

-Խղճիս շատ ա ազդել երեկվա ջահելը։

Հետո արդեն սովորական դարձած լռության հերթական ճնշող նոտան է բարձրանում վերև։

Օղու բաժակը ձեռքի մեջ, չգիտես՝ ցրտից, թե հաջորդին սպասելու անհամբերությունից դողացնելով, գլխարկավորը հայացքը փայտաշեն խաչից չկտրելով՝ վրա է բերում.

-Ջահելի համար 24 ավտո մարդ էր եկել, հաշվեցի։ 11 հատ էլ պսակ կար։ Հոգեհացն էլ ռեստորանում տվեցին։ Բա Արմոն ի՞նչ ասի,- գլուխը բարձրացնում է՝ տեսնելու համար՝ ի՞նչ տպավորություն թողեց իր ճառը ընկերոջ վրա, հետո նորից նայում խաչին՝ իր պարտքը դրա առաջ կատարածի հպարտությամբ։

Արմոն հողաթումբ դարձած էս անանուն մեռելն էր։ Ու թեև ո՛չ շիրմաքար կար էստեղ, ո՛չ էլ ծննդյան ու մահվան թվեր, բայց Արմոն ջահել չէր, ու նրան իմացողները համարյա վստահ էին, որ երբեք չէր էլ եղել։

Մի երեկո Արմոն սկսեց դժվար շնչել։

Երկար չանցած, աչքերով պոտենցիալ բոլոր մեռելներին նկատող ու աշխարհում մեն-միայնակ մնացած էս ծերուկը նկուղից մի օր հանեց իր քաշին կշռող, պապից ժառանգություն մնացած բահն ու դանդաղաքայլ, ամեն երկու մետրը մեկ ծանր հազալով՝ շարժվեց դեպի գերեզմանոց։

Ուղիղ վեց օր Արմոն գերեզմանատան ամենախուլ ու խավար անկյունում սկսեց փորել… սեփական գերեզմանափոսը։ Երբ հարևանները նեղսրտում էին, համոզում, որ գնա հիվանդանոց՝ գուցե բուժվի, Արմոն դեմքին ծամածռված մի ժպիտ տալով, գլուխը կախում էր, ձեռքը անհուսությունից թափ տալիս ու ասում.

-Հոգնության դեմ ո՞վ դարման ունի։

Հետո ավելացնում.

-Ամեն մարդու կյանքում մի պահ կա, որի հաջորդ կանգառը դիահերձարանն ա։ Եթե հայելու առաջ կանգնում ես ու աչքերիդ մեջ չես գտնում վաղը, ուրեմն փոսդ փորելու վախտն ա։

Էս երկու անծանոթները անմրցանակ փիլիսոփա Արմոյի հետ հենց գերեզմանոցում էլ ծանոթացան, որտեղից ամեն հանգուցյալի հոգու հանգստության համար մի շիշ օղի ու մի կտոր էլ հաց էին աշխատում՝ դեռ էն ժամանակներից։

Սրանք երբեմն գալիս էին, օգնում Արմոյին՝ իր գերեզմանատեղին սարքելու գործում։

Մի օր սրանցից մեկը Արմոյին հարցրեց, թե չի վախենում արդյոք ամեն երեկո տուն գնալով ու օրվա արածը ամփոփելով, Արմոն սովորական դարձած դառը ժպիտը դեմքին հագցրեց.

-Ես խի՞ վախենամ։ Ես իմ մահը բռիս մեջ եմ պահում։ Մինչև տեղս չսարքեմ, չեմ մեռնի… Դուք վախեցեք, որ ամեն գիշեր քնում եք կասկածով, որ առավոտը չեք զարթնի… իսկ ես կասկած չունեմ, ես վստահ եմ, որ էս քանի օրը տեղափոխվելու եմ էստեղ…

Մի երեկո էլ, երբ փոսն արդեն համարյա թե պատրաստ էր, Արմոն, իրոք, դադարեց էստեղ երևալ։ Հաջորդ օրը հարևանները գտել էին նրա անցյալացած մարմինը հյուրասենյակի բազկաթոռին թիկնած՝ ձեռքին փայտից սարքած մի ծուռումուռ խաչ…

Արմոյի հուղարկավորությանը չորս հոգի ներկա եղան՝ հարևանը, ով գտել էր մեռելին, էս երկուսը, որ հիմա Արմոյի գերեզմանը սրճարան էին սարքել, ու սգո մեքենայի վարորդը, որ տխուր էս պատկերը տեսնելով՝ որոշեց իջնել մեքենայից ու դագաղի չորրորդ ծայրն էլ ինքը ուսին դնել։

Արդեն լուսանում էր… գերեզմանատունը իրենց համար գործի տեղ սարքած էս երկու մարդիկ դեռ լուռ են։ Օղու շիշն արդեն դատարկվել է, նշանակում է՝ հեռանալու ժամն է։

Մինչև վեր կենալը գլխարկավորը, որ էս երկուսից առավել զգացմունքայինն էր, կյանքից զրկված իր աչքերով նայում է ընկերոջն ու վախվխելով սկսում.

-Եթե ես շուտ մեռնեմ, խոսք տուր, որ գերեզմանս կփորես, չես հարբի էդ նեղ մաջալին։

Բաճկոնավորը, որ երևի ինքն էլ նույն բանն էր մտածում, դարձյալ լցնում է աչքերը.

-Կփորեմ, կփորեմ․․․ հանգիստ եղի,- հետո ձեռքով ընկերոջ՝ հալից ընկած ուսը թափ տալով ավելացնում,- դու էլ իմը կփորես, եթե…

Երկուսով ժպտում են իրար, սփոփվում մի քիչ, որ գոնե անթաղ մեռել չեն դառնա։ Հետո ուղղելով անգլուխ ու գլխիկոր էս զույգ մեխակները, որ կողքի գերեզմանաքարից աննկատ թռցրին, ու որոնք Արմոյին դժվար թե պետք գային, հեռանում են միակ մեռելի մոտից, ում հոգեհացը էդպես էլ չկերան… չկերավ ոչ ոք։