Իմ ժամանակների դեռահասը

Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի

Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի

Անո՜ւշ քուն… Ու  մեկ էլ սկսում է զնգալ զարթուցիչը: Բացվում է մի աչքս, ապա մյուսը, ու ձեռքս հազիվ հասցնելով այդ դաժան սարքին, անջատում եմ անտանելի դարձած զռռոցը: Վեր կաց, լվացվիր, հագնվիր ու վազիր դպրոց, որ ուշանաս  ոչ թե 15, այլ գոնե 7 րոպե: Ճանապարհին հասցնում եմ և՛ հանգստանալ, և՛ արթնանալ՝ շնորհիվ  ականջակալներիս ու  իմ ռոք երաժշտության: Հասնում եմ դպրոց: Տեսքս… Չէի ասի, թե շլացուցիչ է, բայց լավ է՝ գզգզված մազեր, ինձանից մեծ հագուստ, իմ սիրելի տղամարդու կոշիկները ու մի քիչ էլ կարմրած աչքեր՝ մի քանի ժամ չքնելու արդյունք:

Դասերը սկսում են 09:00, իսկ ես դպրոց մտա 09:09 րոպե: Հա դե, բան չկա, ինչպես դասղեկս է կատակում՝ «Հիվանդ երեխա է, ըմբռնումով մոտեցեք»:
Առաջին ժամ. նորմալ է անցնում:
Երկրորդ, երրորդ, չորրորդ ժամերը` արդեն մի քիչ  աննորմալ:
Հինգերորդ և վեցերորդ ժամեր. ես արդեն սոված եմ գայլի պես, որովհետև մեր դպրոցում բուֆետ չկա: Հա, դե հիմա կասեք՝ է հաց տար հետդ, սոված չմնաս, ես էլ կպատասխանեմ, որ հաց տանեմ` էլ թեմաս ո՞րն է գրելու:
Յոթերորդ ժամ. ես արդեն ի վիճակի չեմ ո՛չ լսելու և ո՛չ էլ խոսելու:
Ահա դուրս եմ գալիս դպրոցից 15:30, իմ քաշին պայուսակը հազիվ քարշ տալով  հասնում իմ քարի մոտ, որին անվանել եմ «ճաշի քար»: Նստում եմ, թեթև ճաշում եմ 15 երկար ու ձիգ րոպեներ, ապա  15:45 վազում պարապմունքի՝ տևում է 2 ժամ: Ուրախ-ուրախ դուրս եմ գալիս առաջին պարապմունքից, սակայն տան ճամփան բռնելու փոխարեն բռնում եմ երկրորդ պարապմունքիս ճամփան, բայց պատկերացրեք, 20 րոպե մաքուր օդում քայլելը, այն էլ Ամասիայում, կազդուրում է  և ստիպում արթնանալ դեռևս 08:30-ի կիսատ մնացած քնից: Ահա բացվում է դուռը ուսուցչուհուս կողմից, ու մտնում եմ պարապմունքի, որը տևում է ևս 2 ու կես ժամ: Վերջին կես ժամը կանխատեսելիորեն դժվար է անցնում: Ու  20:45 բռնում եմ տան ճամփան ու`

«Սահուն քալերով,
Աննշմար
Իբրև քնքուշ մութի թև…»

մտնում եմ տուն: Միանգամից ընթրում եմ ու պառկում քնելու, բայց ընդամենը 1 կամ առավելագույնը 2 ժամ, որպեսզի հասցնեմ պատրաստել հաջորդ օրվա դասերս ու պարապմունքներս: Իսկ օրվաս այդ հատվածը ես անվանում եմ «գիշերային հերթափոխ»:

Ու ահա ես այսպես անցկացնում եմ  իմ շաբաթվա 5 օրը: Իսկ մնացած երկու օրերից մեկը՝ ամբողջ օրը քնած եմ, իսկ կիրակի, էլի դաս եմ պատրաստում:
Ինչպես նկատեցիք, ես մի քիչ ժամանակ չունեմ զվաճանալու և ուրախանալու դեռահասին վայել ձևով: Մի՞թե երբ ծնողներս խոսում են «…Երբ ես 17 էի, գիտե՞ս ինչեր կենեի…»-, այս նկատի ունեն: Այո, ես 17 եմ, հաստատ  այլ էին պատկերացումներս դեռահասության մասին: Ու երևի սա է դեռահասության համը: Ու  կարծում եմ մեր ժամանակների դեռահասին՝ ինձ, կհասկանան իմ տարեկիցների 99%-ը: