anushmkrtchyan

«Իմ իրավունքները և ինչպես են դրանք պաշտպանվում» թեմայով էսսեների մրցույթի հաղթողները

Երկրորդ մրցանակ 

Սովորական անձրևոտ կիրակին իր ձանձրույթով նստեց պատուհանիս: Ես, անտարբեր հայացքով գամված ճռճռան աթոռիս, վայելում էի անձրևն իր բոլոր սառն ու անգույն կաթիլներով հանդերձ: Երևի այդպես էլ կնստեի մինչև երեկո, եթե անձրևի մռայլ ֆոնը է՛լ ավելի չմռայլվեր նրա հայացքով:

Ցեխակոլոլ կոշիկներով, կիսաճղված տաբատով, թրջված վերնաշապիկով մի տղա ակնթարթի պես անցավ իմ սառած աչքերի առջևով: Սթափվեցի այն պահին, երբ անձրևն իր ողջ ուժով ծեծում էր հողն ու ներկում պատուհանս:

Տղան վազում էր, ձեռքին՝ երկար մի փայտ, որը շարժում էր այնպիսի վարպետությամբ, ասես այն ամենևին էլ իրենից երկար չէր: Ամբողջ ուժով վազում էր մոլորյալ նախրի հետևից, գոռում, հարվածում կենդանիներին, ասես նրանք էին իր վիճակի միակ մեղավորը:

Տղային տեսա երկու ժամից, երբ իր գործն ավարտած տուն էր վերադառնում: Հայացքը գետնին էր: Տաբատը վերև քաշելով, ցեխոտ ձեռքերով մազերն ուղղելով՝ անցավ պատուհանիս առջևով այնպիսի խաղաղությամբ, ասես ինքը չէր ֆիլմի հերոսը, որին տեսա քիչ առաջ:

Աթոռս ճռճռաց՝ բողոքելով, որ վեր կենամ: Ես, անտարբեր հայացքս պատուհանին գամած, վեր կացա, քայլեցի դեպի փողոց, որը դատարկ էր, խաղաղ: Պատուհանից այն կողմ օդն այնքան սառը չէր, որքան հիմա: Տղան վաղուց էլ այնտեղ չէր: Նայեցի ցեխերի մեջ՝ նրա կոշիկների հետքերին, հետո աչքիս առաջ եկավ այն երկար փայտն ու հանդուգն նախիրը, ու ես հասկացա, որ պատուհանից այն կողմ ես ապահով էի, այնինչ այստեղ նա կռվում էր՝ անձրևի ու ճակատագրի դեմ: