Իմ կյանքը Վիքիակումբում

20171221_203401Դպրոցում էի, հերթական կրկնվող օրերիցս մեկն, ռուսերենի դասաժամն էր, զանգը հնչեց ուսուցչուհին ներս մտավ, տնայիններ, դասը պատմել և այլն, բայց վերջում մի լուր հայտնեց այն մասին, որ մեր գյուղի կողքի Դդմաշեն գյուղում բացվելու է մի նոր հաստատություն՝ Վիքիակումբ։ Ասաց, որ այնտեղ՝ Վիքիակումբում պետք է Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում խմբագրումներ կատարենք, հոդվածներ գրենք և այլն։ Սկզբում միայն ես էի ուզում գնալ, բայց միայնակ հետաքրքիր չէր, և դասընկերներիցս երկուսին՝ Անիին և Արարատին խնդրեցի, որպեսզի միանան ինձ, և նրանք համաձայնեցին։ Հետաքրքիր ու տարբերվող օրերը դեռ առջևում էին։ Ահա եկավ ակումբի բացման օրը, այս տարի էր, ապրիլի 29-ին։ Երևի մոտավորապես տասը հոգի կլինեինք: Հավաքվել էինք մեր գյուղի կանգառում, որպեսզի ավտոբուսով գնայինք Դդմաշեն։ Բայց ավտոբուսը չեկավ և ստիպված ոտքով գնացինք, եղանակն էլ ամպամած էր։ Մուտքի մոտ մեզ դիմավորեց Նարեն, որը նույնպես մեր դպրոցից էր։ Ավելի առաջանալով ուշադրությունս գրավեց վիքիի մեծ լոգոն և սենյակի գեղեցիկ կահավորումը։ Շատ մարդիկ կային, մեծամասնությունը՝ երեխաներ։ Կային նաև շատ մեծահասակներ, փորձում էի հասկանալ, թե ով է Շողիկը՝ ակումբի համակարգողը, որի մասին լսել էի, և գիտեի, որ Դդմաշենի դպրոցի ռուսերենի ուսուցչուհին է։ Բացի դա, դեռ երկու ժամ էլ սպասեցինք, որովհետև պետք է հյուրեր գային։ Այդ երկու ժամը մեծ մասամբ կանգնած էի անցկացրել, և անկեղծ ասած, մի քիչ հոգնել էի, բայց չնայած դրան, ժամանակը շատ հետաքրքիր անցավ, հանդիպեցի նաև ծանոթներիս։

Երբ հյուրերը եկան, եղավ բացման արարողությունը։ Դրանից հետո ծանոթացանք Շողիկի հետ, ում դիմում ենք ընկեր Ստեփանյան։ Նրա մեջ ինձ ամենաշատը դուր եկավ մարդկանց հետ շփվելու իր ձևը, բավականին անմիջական անձնավորություն էր։

Որոշեցինք, թե խմբագիրներից ով որ օրն է գալու ակումբ, որովհետև համակարգիչները ընդամենը վեցն էին։ Վիքիակումբում օրերը գնալով ավելի էին գեղեցկանում և դառնում էլ ավելի յուրահատուկ։

Վիքիակումբի ընդհանուր խմբագիրները մոտավորապես երեսունը կլինեն, բայց և ունենում ենք նոր մասնակիցներ։ Նրանցից ամեն ոք յուրահատուկ է, օրինակ Նարեն՝ մուլտիկների մեծ սիրահար, տարիքով ամենամեծը, բայց միևնույն ժամանակ, հոգով ամենափոքրը։ Նոր մասնակիցներից է Սիրանուշը՝ ընկերասեր ու բարի։ Ակումբի մասնակիցներից բոլորն էլ հիանալի մարդիկ են։ Ընկեր Ստեփանյանը մեզ ասում է, որ կամաց-կամաց «տնավորվենք»։

Վիքիակումբը ինձ համար ուղղակի մի վայր չէ, որտեղ գալիս եմ զուտ խմբագրելու համար, վիքիակումբը մի վայր է, որտեղ շփվում ես այնպիսի մարդկանց հետ, ովքեր գաղափար ունեն գրեթե ամեն ինչից, ստանում ես նորանոր գիտելիքներ, և ամենակարևորը, կրկին տեսնում ես ընկերներիդ և արդեն քեզ համար հարազատ դարձած մարդկանց։ Շատերը կարծում են, որ ակումբում ամեն օր նույն կերպ է անցնում, մինչդեռ այդպես չէ։ Վիքիակումբի դրական կողմերը շատ շատ են, բոլորը չեմ կարող նշել, միայն կասեմ, որ Վիքիակումբը հրաշալի մի վայր է գիտելիքներդ զարգացնելու համար, և իհարկե, նպաստելու մի շատ կարևոր գործի, որը պետք կգա նաև հետագա սերունդներին՝ Վիքիպեդիա ազատ հանրագիտարանը զարգացնելուն։ Վիքիակումբը իմ կյանքի անբաժան մասն է դարձել, չգիտեմ, արդյո՞ք այդպես է նաև մյուս մասնակիցների համար, բայց ես կյանքս առանց Վիքիակումբի չեմ պատկերացնում։