Ֆուտբոլային կյանքի սկիզբը

Լուսանկարը՝ Նաիրի Խաչատրյանի

Լուսանկարը՝ Նաիրի Խաչատրյանի

Բոլոր ինձ ճանաչողները գիտեն, որ ես շատ եմ սիրում ֆուտբոլ: Նրանք նաև գիտեն, թե որ թիմին եմ ես երկրպագում: Ես ֆուտբոլով սկսել եմ հետաքրքրվել տասներկու տարեկանից: Հիշում եմ, թե առաջին անգամ ինչպես մտա խաղադաշտ: Ես ինձ զգում էի կարևոր խաղացող, բայց ընդամենը պահեստային դարպասապահ էի: Մինչև հիմա հիշում եմ՝ ֆիզկուլտուրայի դասին լավ խաղացողները թիմ էին հավաքում, որ սկսեն մրցել հակառակորդ թիմի հետ: Շատ էի ուրախանում և ոգևորվում, երբ լավ խաղացողների թիմում էի լինում՝ թեկուզ ինձ ընտրում էին ամենավերջում: Այս ամենը տևեց հինգերորդից միչև յոթներորդ դասարան: Հիմա այդպես չէ:

Ես նպատակ դրեցի իմ առջև, որ պետք է լավ խաղամ: Սկսեցի հաճախել ֆուտբոլի պարապմունքների: Երեք ամսյա պարապմունքների ժամանակ ծանոթացա դարպասապահի գործին, կարելի է ասել՝ մասնագիտացա, բայց համարելով դարպասապահի պարտականությունները ձանձրալի՝ սկսեցի պարապել իբրև խաղացող, որպեսզի ընդգրկվեմ հիմնական թիմում: Մեկ տարի հաճախեցի ֆուտբոլի, բայց դա էլ ավարտվեց, երբ թշնամու գնդակոծության ժամանակ վնասվեց մեր Կոթի գյուղի ֆուտբոլի դաշտը: Մենք վերջին ժամանակներս ֆուտբոլ էինք խաղում միայն բակում: Ես մտածում էի՝ իմ երազանքը կմնա անկատար: Բայց դաշտում սկսվեցին վերանորոգման աշխատանքները:
Այժմ ես խաղում եմ որպես հարձակվող, այն էլ՝ հիմնական թիմում: Նաև թիմի ավագն եմ: Բայց մինչև հիմա էլ ինձ դասարանում ֆիզկուլտուրայի ժամերին չեն ընտրում դասարանի լավագույն խաղացողները, քանի որ լավագույն խաղացողներից մեկը ես եմ, և հիմա արդեն ես եմ որոշում իմ թիմի կազմը: