diana karapetyan

Իմ կորեացիները

-Չինացին դու ես, էյ… Իրենք կորեացի են:

Ու նորից ես ասացի այս խոսքերը: Ճիշտն ասած, արդեն չեմ հիշում, թե քանի անգամ եմ այս արտահայտությունը ասել:
Հոգնել եմ արդեն բոլորին բացատրելով, որ կորեացին ուրիշ է, չինացին` ուրիշ, ճապոնացին էլ ընդհանրապես ուրիշ: Չէ, իրենց համար բոլորը նույնն են, բայց դե ես հո իրենց տարբերո՞ւմ եմ:

Պատճառն այն էր, որ երեք տարի առաջ սկսեցի նայել դոռամաներ, անիմեներ և լսել քեյ-փոփ: Տարվելով Հարավային Կորեայով, ես կառուցեցի իմ փոքրիկ աշխարհը:
Եվ այսպես, իմ փոքրիկ աշխարհի դռները բացում է քեյ-փոփը (K-pop): Հիմա կհարցնեք, թե դա ինչ է: Քեյ-փոփը կորեական երաժշտությունն է: Ես արդեն երեք տարի է քեյփոփեռ եմ (քեյփոփեռ` քեյ-փոփ լսող): Հիշում եմ, երբ առաջին անգամ լսեցի քեյ-փոփ, մի տեսակ տարօրինակ զգացողություն ունեի, չգիտեի` հավանո՞ւմ եմ, թե` չէ: Մի խումբ ասիացի տղաներ երգում և պարում էին: Հետաքրքիրն այն է, որ նրանք մի 10-ը հոգի կլինեին, բայց այնքան հավասարաչափ էին շարժվում, կարծես ռոբոտներ լինեին, բայց միաժամանակ այնքան գեղեցիկ էր նայվում:

Հետո` մեկ, երկու, և ես ինքս չգիտեի, թե ինչպես սկսեցի ամեն օր լսել այդ երաժշտությունը: Իմ երգացանկից անհետացան բոլոր ռուսական և ամերիկյան երգերը, այն լցված էր ամբողջովին քեյ-փոփով: BTS (ԲիԹիԷս), EXO (ԷՔՍՈ), BIG BANG (ԲԻԳ ԲԵՆԳ), BAP (ԲԷՓ), GOT7 (ԳԱԹ ՍԵՎՆ), 2PM (ԹՈՒ ՓիԷմ) այս խմբերը դարձան իմ անբաժան ուղեկիցները: Սկսեցի բոլորին տարբերել, և մի բան կասեմ. իրենք բոլորովին էլ իրար նման չեն: Հիմա անգամ ձայներով եմ տարբերում, թե երգում որ հատվածը ով է երգում: